Հայաստանյան ընտրությունների արդյունքները ՌԴ Պետական դումայի միգրացիայի և քաղաքացիության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի համար նույնպես անսպասելի էին. հատկապես ՔՊ-ի եւ «Հայաստան» դաշինքի ձայների այդքան կտրուկ տարբերության առումով, թեեւ շատ վերլուծաբաններ այժմ ասում են, որ սպասելի էր: Այդ մասին այսօր Կոնստանտին Զատուլինն ասաց Սպուտնիկ-Արմենիա մամուլի կենտրոնում կայացած՝ «Ընտրությունները Հայաստանում` հայացք Մոսկվայից», թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ:
Կոնստանտին Զատուլինի մոտ հարցեր նաեւ, կասկած ու թերահավատություն է առաջացնում ընտրությունների նման արդյունքը՝ մանավանդ նախընտրական տարբեր սոցհարցումների համատեքստում: Նա նկատում է, որ անգամ «Գելափի» արդյունքներն էին Հայաստանի համար ավելի բարենպաստ, քան ՔՊ-ի: Ընտրություններից մի քանի օր անց նրա կասկածները դեռ չեն փարատվել: Թեեւ հայաստանյան ընտրությունները դիտարկած դիտորդները, հատկապես արեւմտյան, չափազանց գունավոր ներկայացրեցին ընտրությունների արդյունքները, Կոնստանտին Զատուլինն ասում է՝ նման հայտարարությունների համար վառ երեւակայություն պետք է ունենալ, քանի որ քարոզարշավի ողջ ընթացքում ՔՊ-ի կողմից ատելության խոսքի տարածումը, լռության օրվա խախտումը եւ այլ խախտումներ, չափազանց ակնհայտ էին:
Ընդդիմության մանդատներ վերցնել-չվերցնելու հարցի մասով էլ բանախոսն ասաց՝ ենթադրում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ովքեր պետք է ստանան մանդատները, նրանք կստանան դրանք: Եթե ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքը գնան քաղաքական բոյկոտի ճանապարհով եւ հրաժարվեն մանդատներ վերցնելուց, նաեւ ՀՀ օրենսդրությունը չի արգելում Նիկոլ Փաշինյանին միանձնյա կառավարում իրականացնել, ուստի թերեւս արդյունավետ կլինի, որ ընդդիմությունը խորհրդարանում ներկայացված լինի:
Ռուս պատգամավորի գնահատմամբ, ՀՀ խորհրդարանում նախկինում ընդդիմության դերը բավական կոնյունկտուրային էր, բայց այժմ այլ կլինի՝ ամեն ինչ ավելի խիստ կլինի: Այստեղ նա նաեւ վտանգ է տեսնում՝ հակասությունները հավանական է ավելի խորանան: Կոնստանտին Զատուլինը գտնում է, որ դա պետք է գիտակցեն, թե ընդդիմությունը, թե իշխանությունը պետք է գործեն բացառապես ի շահ Հայաստանի:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ