Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատշաճ եմ խոսում, նստի՛ր տեղդ»․ Քոչարյանի եւ մյուսների գործով ՍԴ դիմելու դատական նիստում կողմերը վիճեցին

Հունիս 24,2021 16:53

Այսօր Վերաքննիչ դատարանում դատախազ Գեւորգ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դիմել ՍԴ։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քննում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ ներկայացված պաշտպանների և դատախազների բողոքները:

Gevorg Baghdasaryan

Գեւորգ Բաղդասարյան

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը բանավոր ներկայացրեց միջնորդությունը, նշելով՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո արարքին տված ճիշտ իրավական որակում արտահայտող նորմը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող եւ այլեւս չի գործում, մեղադրյալների նկատմամբ արարքը համապատասխանում է քրեական օրենսգրքի այլ նորմերին․ «Բայց տուժողներն արդար դատաքննության իրավունքից չեն կարողանում օգտվել մի պարզ պատճառով՝ մեր քրեական դատավարության օրենսգրքի նորմերն արձանագրում են՝ Սահմանադրական դատարանի որոշումից անմիջապես հետո վարույթը պետք է բացառվի: Դրանով ակնհայտորեն վտանգված են տուժողների իրավունքները եւ այս պարագայում կարող ենք ասել՝ ոչ թե վտանգված են, այլեւ վտանգը հասել է իր արդյունքին՝ առաջին ատյանի դատարանը կայացրել է վտանգն արտահայտող որոշում եւ քրեական հետապնդումները դադարեցրել է, քրեական գործի վարույթի այդ մասը կարճել է, այլեւս տուժողների նկատմամբ կատարված արարքին քրեական օրենսգրքի մեկ այլ արարքին տալով գնահատական, որը բացառում է այդ կապակցությամբ վարույթը։ Պետք է փաստենք, որ միայն առաջին ատյանը չի հերքել, դա տեղի է ունեցել մի պատճառով, որ քրեական դատավարության օրենսգրքի 35 -րդ եւ 366-րդ հոդվածները չեն սահմանում այդպիսի հնարավորություն, իսկ առաջին ատյանի դատարանում մենք խնդրել էինք հենց այդ հարցը բարձրացնել։ Ինչո՞ւ եմ այս հարցը Վերաքննիչ դատարանում ներկայացնում, որովհետեւ Վերաքննիչ դատարանը որոշելով քննարկել առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ կիրառելու է նույն նորմերը, կիրառելու է դարձյալ Քրեական դատավարության օրենսգրքի 35 -րդ եւ 366-րդ հոդվածներ, որը, մեր կարծիքով, ՀՀ Սահմանադրությանը հակասում է»։

Դատախազն ասաց, որ միջնորդությունը ներկայացնում է դատարանում, որովհետև ՍԴ դիմելու վերաբերյալ իրավակարգավորումները, մասնավորապես ՍԴ-ն եւ ՍԴ-ի մասին օրենքը սահմանում են, որ դատարանները կարող են դիմել ՍԴ՝ համապատասխան գործով վարույթը սկսվելուց մինչեւ այդ գործով որոշում ընդունելու պահը․ «Բայց ես վերաքննիչ դատարանին միջնորդում եմ ՍԴ-ին դիմել ոչ միայն Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ եւ 366-րդ հոդվածների՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ եւ 75-րդ հոդվածների համապատասխանությունը որոշելու հոդվածով, այլեւ Քրեական դատավարության օրենսգրքի 309. 1 հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով»։

Ապա դատախազը պարզաբանեց՝ 1-ին ատյանի դատարանը ՍԴ որոշումը կայացնելուց հետո, ՀՀ գլխավոր դատախազը 2021 թվականի ապրիլի 1-ին դիմել է ՀՀ ՍԴ, որով խնդրել է քննարկել, լուծել Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 3-րդ մասի, 35-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի, 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները եւ 35-րդ հոդվածի 5-րդ մասի՝ սա դատարանի լիազորությունը սահմանող նորմն է, Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75 –րդ հոդվածի 1-ին մասի, 176-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 3-րդ կետի համապատասխանությունը՝ սա սահմանում է դատախազի գործառույթներից մեկը՝ մեղադրանքը պաշտպանելու, որի բաղադրիչ է հանդիսանում դատարանում մեղադրանքը փոխելը․ «ՍԴ-ն այդ դիմումի քննարկման կամ չքննարկման արդյունքում կայացրել է որոշում՝ աշխատակարգային, մայիսի 14-ին եւ որոշել է՝ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա Քրեական դատավարության 35-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ մասերը, 209.1 3-րդ մասի եւ 366 հոդվածի 2-րդ մասի դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը մերժել։ Մասնագիտական առումով կոռեկտ չեմ համարում ՍԴ-ի որոշմանն անդրադառնալ, եւ մանրամասները ներկայացնելը, այնքանով, որ կոռեկտ չէր նաեւ դրանք սպիտակ թղթի վրա գրելը, բայց գոնե արձանագրենք, որ ՍԴ-ն հակասել է իր՝ նախկինում ունեցած դիրքորոշումներին, եւ արտահայտել մի դիրքորոշում՝ ՍԴ-ն արձանագրել է, որ գլխավոր դատախազն իրավասու չէ դատարանում քննվող քրեական գործով դիմում ներկայացնել ՍԴ»։

Տուժողների իրավահաջորդների շահերը ներկայացնող, փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ ասաց․ «Եթե դատախազությունը որոշել է դիմել ՍԴ, լավ, քննարկենք։ Ես ինքս գտնում եմ, որ ՍԴ-ն այս առումով անելիք չունի, որովհետեւ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում շարադրված չեն քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որ քրեական հետապնդում չպիտի իրականացվեր։ Կա հանցադեպ, եւ դա պետք է քննության առարկա դառնա»։

Հայկ Ալումյան

Պաշտպան Հայկ Ալումյանը խնդրեց միջնորդությանը ծանոթանալու համար ժամանակ տրամադրել։ Ալումյանը նաեւ ասաց․«Դատախազները քննադատեցին ՍԴ որոշումը։ ՍԴ որոշումը վերջնական է, այն որոշումը, որի մասին խոսք է գնում, դա ուժի մեջ մտած դատական ակտ է, ցանկացած մարդ կարող է կարծիք հայտնել այդ որոշման մասին, քննադատել եւ այլն։ Բայց ոչ ոք իրավունք չունի պաշտոնական ելույթում քննադատել, այլապես ստացվում է ՀՀ -ն քննադատում է ՀՀ անունից հանդես եկող դատարանին։ Սա անթույլատրելի է»։

Նիստը հետաձգելու վերաբերյալ խնդրանքի կապակցությամբ Սեդա Սաֆարյանն առարկություն ներկայացրեց, ասաց այս հարցն այնքան է քննարկվել առաջին ատյանում, եւ ներկայցված մեղադրանքը շատ նման էր Վերաքննիչի բողոքին․ «Այս կապակցությամբ Վերաքննիչի բողոքին են ծանոթ են, իրենց դիրքորոշումը մշակված է արդեն, ի՞նչն է պատճառը, որ ուզում են հետաձգել, միտում եմ տեսնում»։

Դատավորն արձագանքեց՝ կողմերն իրավունք ունեն ողջամիտ ժամկետ խնդրելու։

«Իրենք ինչ իրավունք ասես ունեն այս դատարանում»,-արձագանքեց Սեդա Սաֆարյանը։

Պաշտպանները տեղից արձագանքեցին Սաֆարյանին՝ պատշաճ խոսեք։

Այս ընթացքում թեթեւ վիճեցին կողմերը, Սեդա Սաֆարյանը պաշտպան Էրիկ Ալեքսանյանին հակադարձեց․ «Պատշաճ եմ խոսում, նստի՛ր տեղդ»։

Դատարանը որոշեց հետաձգել նիստը եւ հաջորդ նիստի օր նշանակեց հուլիսի 15-ին ժամը 11:00-ին։

Հիշեցնենք, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին եւ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930