Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը, ՀԲՖ փոխնախագահ, աղջիկների մինչեւ 20 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանը եւ Հայաստանի չեմպիոն «Վահագնի սիթի» ակումբի մամուլի խոսնակ Խաչատուր Վրթանեսյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսեցին եկող ամիս Հայաստանում եւ ընդհանրապես հայկական բասկետբոլային կյանքում տեղի ունենալիք միջազգային շատ կարեւոր իրադարձությունների մասին, որոնք մարզաձեւի պատասխանատուների գործադրած մեծ ջանքերի արգասիք են:
Մասնավորապես, հուլիսին առաջին անգամ Երեւանում անցկացվելու է Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների «B» դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցելու համար ժամանելու են Ուկրաինայի, Հունաստանի, Շվեյցարիայի եւ Ալբանիայի ներկայացուցիչները: Իսկ Հայաստանի գործող չեմպիոն «Վահագնի սիթի» ակումբը հայտ է ներկայացրել, եւ հայտն ընդունվել է` հանդես գալու ԱՄՆ տարբեր քաղաքներում 64 պրոֆեսիոնալ թիմերի մասնակցությամբ խոշոր մրցաշարին:
Հայկական բասկետբոլի պատասխանատուները նշեցին, որ բասկետբոլը Հայաստանում լայն տարածում է ապրում եւ իրենց գլխավոր նպատակը Հայաստանում այսպիսի հեղինակավոր մրցաշարերի կազմակերպման ու արտերկրում հեղինակավոր մրցաշարերին մասնակցելով մարզաձեւը ավելի զարգացնելն է, առաջին հերթին ազգային եւ տարիքային խմբերի այնպիսի հավաքականներ ձեւավորելը, որոնք տարբեր հարթակներում ի վիճակի կլինեն Հայաստանը արժանապատիվ ներկայացնել:
Սակայն հարցուպատասխանի ժամանակ վեր բարձրացվեցին նաեւ այդ ճանապարհին հանդիպող խութեր, որոնց առկայությունը շատ հաճախ անհասկանալի է ու թվում է չհիմնավորված:
Կարդացեք նաև
Օրինակ, պատասխանելով համապատասխան դահլիճային պայմանների բացակայության մասին հարցին, ինչը շատ է խանգարում, Վահագն Հարությունյանը ասաց. «Դահլիճի խնդիր միշտ է եղել: Ինչ վերաբերում է այս մրցաշարն անցկացնելուն, դա մեծ, անգնահատելի օգուտ է մեր հայկական բասկետբոլին: Հավաքական թիմը կխաղա, լավ մրցելույթ կունենա, թե վատ, միեւնույն է, դա բասկետբոլային իրադարձություն է, որին հետեւում է մեր ազգաբնակչությունը: Դա լավ պրոպագանդա է եւ հետագայում մենք ունենալու ենք երեխաների հոսք, ինչը լավ արդյունք է տալու:
Դահլիճների մասով: Գիտեք, որ այդքան պայքարում ենք, բայց մեր սեփական տունը չունենք: Մենք մեր սեփական տունն ունենալու նպատակ ենք դրել: Բանակցություններ ենք ունեցել նախարարության հետ: Ուզում ենք կառուցել գեղասահքի նախկին մարզադպրոցը: Կան մարդիկ, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել: Բայց էլի ինչ-որ խնդիրներ կան, որոնք չեն լուծվում»:
Արա Պողոսյանը լրացրեց. «Մենք հայտը ներկայացրել ենք եւ երկու տարի արդեն աշխատում ենք դրա վրա: Այդ շենքը քաղաքապետարանին է պատկանում ու հավանաբար քաջատեղյակ եք, որ ոչ ոք չի հետեւում այդ դահլիճին:: Նախարարությունից միջնորդություն կա: Բայց ինչ-ինչ պատճառներով մեր հայտը դեռ դրական պատասխանի չի արժանացել: Մենք պատրաստ ենք ներկայացնել ու ներկայացրել ենք ֆինանսավորման պարտավորություններ, մեր ծրագրերը: Բայց, կրկնում եմ, ինչ-որ պատճառով հարցը չի լուծվում: Մեր իմանալով այդ դահլիճի ուրիշ հավակնորդներ կան: Եթե քաղաքապետարանը կորոշի, որ այն մեզ՝ ֆեդերացիային է տալիս, իհարկե, շատ լավ կլինի: Մենք պետությունից գումար չենք ուզում, չենք էլ ուզում սեփականության կարգավիճակ: Պատրաստ ենք երկարաժամկետ վարձակալել ու լուրջ՝ մինչեւ $ 500 հազար, ներդրում անել: Այդպիսի ներդրող կա, որը կոմերցիոն ոչ մի ակնկալիք չի հետապնդում: Նրա նպատակը բասկետբոլի զարգացումն է: Այդ շենքում կլինի ֆեդերացիան, կլինի նաեւ մանկապատանեկան մարզադպրոց, Հայաստանի տղաների եւ աղջիկների առաջնությունների խաղերը կանցկացվեն: Բայց հարցի լուծումը չկա եւ մենք սպասում ենք առանց աղմուկ բարձրացնելու, կռիվ հրահրելու»,-ասաց նա:
Արա Պողոսյանի խոսքով, առաջիկա մի քանի տարվա հեռանկարով իրենք Մարզահամերգային համալիրում են մինչեւ 500 հանդիսատեսով բասկետբոլի փոքր դահլիճ կահավորում եւ աշխատանքները գրեթե սկսվել են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ