ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ։
Մասնավորապես՝ համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից պարզվել է, որ համայնքի սեփականությունը հանդիսացող 1.0հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտ գործառնական նշանակության հողամասը, որը վարձակալությամբ տրամադրված է քաղաքացի Ա․ Սարգսյանին՝ 150․000 ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալը, առանց սեփականատիրոջ համաձայնության, 0.02հա մակերեսով հողամասը ենթավարձակալության է տրամադրել «Արմենիա Թելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ին 115․000 դրամով։ Վերջինս էլ առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ կառուցապատել է (բջջային կապի աշտարակ)։
Համայնքի սեփականությունը հանդիսացող 0.142հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտ գործառնական նշանակության հողամասը, որը վարձակալությամբ տրամադրված է քաղաքացի Հ. Համբարձումյանին 3150 դրամ վարձավճարով, սեփականատիրոջ համաձայնությունը ստանալով՝ վարձակալը 0.02հա մակերեսով ենթավարձակալության է տրամադրել «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին 35.000 դրամով։ Վերջինս էլ առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ կառուցապատել է (բջջային կապի աշտարակ)։
«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 24.12.2014թ.-ին ստացել է լեռնահատկացման ակտով և ընդերքարդյունահանման թույլտվությամբ ընդերքի շահագործման իրավունք, որի գործողության ժամկետը մինչև 24.06.2022թ.-ն է։ Սակայն մինչ ստուգման պահը ՍՊԸ-ն համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերից առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու և համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվել է ընդերքարդյունահանմամբ։
Կարդացեք նաև
Արդյունքում թույլ են տրվել հետևյալ խախտումները՝
• Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ենթավարձակալության են տրամադրվել՝ խախտելով նպատակային նշանակությունը, և տրամադրվել են ավելի մեծ արժեքներով։
• Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում՝ առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համապատասխան հողամասի նկատմամբ պայմանագիր կնքելու զբաղվել են ընդերքարդյունահանմամբ։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։
ՔՏՀԱ տեսչական մարմին