«Ոչ թե 7 տոկոս, այլ 9 տոկոս տնտեսական աճ։ Կառավարության ծրագիրը կազմել ենք այդ տրամաբանությամբ, նույնիսկ մի քիչ էլ ավել, որ գոնե 9 տոկոսն իրագործենք»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանությունը խոստացել է ամեն տարի առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ապահովել: Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ հիմքեր կան նման լավատեսության համար, ինչպես են ապահովելու տնտեսական այդ աճը՝ հաշվի առնելով այն բոլոր խնդիրները, որոնք այսօր առկա են։
«ՀՀ-ի առջեւ կանգնած մարտահրավերներն այնպիսին են, որ դա այն նվազագույն տնտեսական աճն է, որի պարագայում մենք կկարողանանք մեր բոլոր անվտանգային, հումանիտար հարցերը լուծել։ Ունենք մանրամասն ծրագիր, թե ինչպես ենք անելու»,-պատասխանեց պարոն Քերոբյանը։
Հարցին, թե ինչպես են ներդրումներ ապահովելու, երբ մի շարք գործարարներ խոսում են արտագաղթի մասին, Վահան Քերոբյանն ի պատասխան ասաց. «Գործարար շրջապատում իմ շրջապատն ավելի մեծ է, քան ձերը․ տնտեսվարողների, բիզնեսմենների 90 տոկոսը ինձ խոստովանում է, որ եթե հանկարծ իշխանափոխություն տեղի ունենա, ապա կարտագաղթեն։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ՀՀ-ում եղած ամբողջ ներուժը համախմբենք։ Ես կոչ եմ անում բոլոր գործարարներին լծվել երկրի շենացման գործին, եւ ես էլ իրենց տրամադրության տակ եմ, որ իրենց մոտ եղած բոլոր խնդիրները լուծվեն»:
Նրա խոսքով, արտագաղթ կա․ «Չեմ ժխտում, որ կա միտում, իհարկե, մարդկանց մի մասը հիասթափված է 44-օրյա պատերազմի արդյունքից, միգուցե նաեւ կառավարության աշխատանքից, եւ մենք պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որ հիասթափությունը գնալու պատճառ չդառնա»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ