Հարցին՝ նախկինում քննադատության էր արժանանում, երբ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճում էր, այսօր «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով երկու գործարարներ՝ Խաչատուր Սուքիասյանը եւ Գուրգեն Արսենյանը դարձել են պատգամավոր, սա չե՞ք համարում խնդիր, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը պատասխանեց՝ իրեն ինչո՞ւ հաշվի չեն առնում․ «Ես էլ եմ եղել բիզնեսմեն, բայց վերջին 7 ամսվա ընթացքում օրական միջինը 15 ժամ աշխատել եմ եւ դա արել եմ միայն իմ ժողովրդի համար»:
Ասաց, որ Խաչատուր Սուքիասյանին մոտիկից չի ճանաչում, բայց ճանաչում է Գուրգեն Արսենյանին․ «Արսենյանը բացառիկ հայրենասեր մարդկանցից է, որոնց ես ճանաչում եմ, նրա հետ իմ արժեքային համակարգն ամբողջությամբ համահունչ է, եւ ես վստահ եմ, որ նրա մասնակցությունը պետական կառավարմանը միայն օգուտ է տալու հայ ժողովրդին, եւ վստահ եմ 100 տոկոսով, որ ոչ մի օգուտ չի տալու իր բիզնեսին, որովհետեւ ինքն ինքնաբավ մարդ է եւ որեւիցե լրացուցիչ փող աշխատելու կարիք բացարձակապես չունի: Փողը երբեք առաջին նպատակ չի կարող լինել խոհեմ մարդկանց համար»:
Հարցին՝ ինչպե՞ս է, որ նախկին իշխանության ժամանակ մարդիկ իրենց բիզնեսի մասին էին մտածում, հիմա՝ իշխանությունը փոխվեց, ազգի, ժողովրդի մասին են մտածում, Վահան Քերոբյանը պատասխանեց. «Գործում են օրենքները եւ օրենքով արգելված չէ, որ որեւէ մեկը դառնա ցուցակի անդամ: Եթե Քերոբյան Վահանը բիզնեսմեն է եւ նրան առաջարկում են էկոնոմիկայի նախարար ու սկսում է հարստանալ աչքի առաջ, ապա նա օրենքներ է խախտում եւ պետք է պատասխան տա: Եթե գալիս է, եւ օրը 15 ժամ աշխատում է ժողովրդի համար եւ տեղյակ էլ չէ՝ իր բիզնեսը ոնց է գնում, դա նույնն է, ինչպես այլ մարդիկ գան ու աշխատեն: Մենք պետք է հետեւենք, որ նրանք հանրային-հասարակական գործունեությունը չխառնեն իրենց շահերին»:
Հարցին՝ նախկինում խառնե՞լ էին, Վահան Քերոբյանը չցանկացավ գնահատական տալ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ