Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկին ռեժիմը ժողովրդի տեսանկյունից ճորտատիրության վերադարձն էր». Արման Գրիգորյան

Հունիս 24,2021 14:52

«Այս ընտրության արդյունքներն առաջին հերթին խոսում են այն մասին, որ ժողովուրդը հստակ ընտրություն կատարեց այն երկու այլընտրանքի միջեւ, որը նրան մատուցվել էր եւ համարվում էր, որ հենց այդ երկու այլընտրանքը գոյություն ունեն: Առաջին այլընտրանքը Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունն էր, երկրորդ այլընտրանքը` Ռոբերտ Քոչարյանին իշխանության վերադարձնելը»,- «Հոդված 3» ակումբում նշեց ԱՄՆ Լիհայի Համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը:

Նրա խոսքով, շատերը ժողովրդի այս ընտրությունը համարում են իռացիոնալ, որովհետեւ հեշտ է այդ փաստարկը պաշտպանելը. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հեղինակն է մի շատ ծանր աղետի, եւ նույնիսկ այդ աղետից առաջ շատ բան չուներ ներկայացնելու որպես ձեռքբբերում: Հետևաբար նման իշխանության վերարտադրությունը, այն էլ նման մեծ լուսանցքով, առաջացնում է բավականին շատ հարցեր, եւ շատերը մտածում են, որ դա իռացիոնալ ընտրություն էր, կուլտային ինչ-որ բան է ձեւավորվում Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ»:

Արման Գրիգորյանն ասում է, որ ինքը դեմ է այդ տեսակետներին. «Ես համարում եմ, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին տեսավ որպես նախկին ռեժիմի վերարտադրության դեմ ամենաարժանահավատ խոչընդոտ: Նախկին ռեժիմը ժողովրդի տեսանկյունից ճորտատիրության վերադարձն էր, ինչը ժողովուրդը համարեց շատ ավելի սարսափելի, քան Նիկոլ Փաշինյանի վերադարձը, եթե նույնիսկ հաշվի էին առնվում բոլոր թերությունները»:

Ինչ վերաբերվում է լրջանալու վերաբերյալ ՀԱԿ-ի ուղերձի չընդունվելուն, այս մասին էլ Արման Գրիգորյանը նշեց. «Երրորդ այլընտրանք կար, եւ ժողովուրդը ստիպված չէր երկուսի միջեւ ընտրություն կատարելու, բայց մասամբ օգտագործելով պրոպագանդիստական, լրատվական հնարավորությունները, մասամբ էլ ելնելով այն բանից, որ ՀԱԿ-ը լրջանալու ուղերձով հանդես գալով որպես ամենաարժանահավատ այլընտրանք, շատ ուշ մտավ ակտիվ քաղաքական պայքարի մեջ, եւ թե ռեսուրսների, թե ժամանակի սղության պատճառով ի վիճակի չեղավ ուղերձը բավականին լավ ձեւով հասցնել հանրությանը: Հենց դրանով եմ բացատրում ընտրության արդյունքները եւ երրորդ այլընտրանքի ձախողումը»:

Պատմության հետազոտող, լրագրող Թաթուլ Հակոբյանը խոսելով ընտրությունների արդյունքների մասին` ասաց, որ հաղթանակի եւ պարտության պատասխանատուն պետությունն է:

«Դու կորցնում ես քո վերահսկելի տարածքների 8000քառ. կիլոմետրը, աղետ ես բերում քո ժողովրդին, 15000 մարդ զոհվել եւ վիրավորվել է, եւ այս պայմաններում 54 տոկոս ձայն ես տալիս, կատարվածը մի քանի ձեւով կարելի է մեկնաբանել: Հավանաբար, որ Հայ դատի, պահանջատիրության, ավելի մեծ, ամենամեծ Հայաստանի գաղափարը այնքան էլ իրական չէր եւ դա որպես քարոզչական թեզ է եղել… Սա ուղղակի անբացատրելի է, եւ որեւէ մեկը օտարին չի կարող բացատրել, թե ինչպես է սա հնարավոր, որ այդքանից հետո նման ուժին ձայն տան…Սրա հակաօրինակն էլ կա, որ պատերազմում հաղթած իշխանությունը, նկատի ունեմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, պարտվում է հաջորդ ընտրություններում եւ մտնում է հայոց պատմության մեջ գոնե ժողովրդի մի հատվածի համար որպես հող զիջող, հող ծախող, ապազգային ղեկավարություն…»:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձավ ընտրություններին մասնակցած բոլոր ուժերին, նրանց ձեռքբերումներին եւ անհաջողություններին: Նրա խոսքով, Արցախի հարցն այլեւս անցյալի հարց է, իսկ ներկայի հարցը սահմաններն են: Հավելեց, որ վերլուծելով սոցցանցերն ու մեդիան, եկել են այն եզրակացության, որ մենք դադարել ենք խոսել Արցախի մասին, պաշտպանել Արցախը. «Մենք այժմ պաշտպանում ենք Սյունիքը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930