Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ 2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի քանակը կազմել է 635 հազար: Ըստ պարոն Հովհաննիսյանի` «Այս ցուցանիշն ավելի է 2020, 2019 և 2018 թվականների համադրելի տվյալներից. մասնավորապես, 2020 թվականի մայիս ամսվա տվյալներից ավելի է 37000-ով, 2019 թվականի համեմատ՝ 34000-ով եւ 2018 թվականի համեմատ՝ 87000-ով: Աճել է նաեւ հայտարարագրված բոլոր աշխատատեղերի մասով վճարված եկամտի չափը՝ կազմելով 134.7 մլրդ դրամ եւ 19 մլրդ, 22 մլրդ եւ 38 մլրդ դրամով գերազանցելով համապատասխանաբար 2020, 2019 եւ 2018 թվականների ցուցանիշները»:
Ասաց նաեւ, որ աճել է բոլոր հայտարարագրված աշխատատեղերի մասով վճարված եկամուտի չափը՝ կազմելով 134,7 միլիարդ դրամ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, մասնագետներն ասում են, որ, սովորաբար, սեպտեմբերն աշխատատեղերի ամենաբարձր ամիսն է. «Ենթադրում եմ, որ մենք այս ցուցանիշը կգերազանցենք նաեւ սեպտեմբերին: 2021 թվականի մայիսին մենք ունենք 15 տոկոսով ավելի աշխատատեղ, քան 2018 թվականի մայիսին: Աշխատավարձերի ֆոնդը մայիսի համեմատ աճել է 38 միլիարդ դրամով կամ՝ 39 տոկոսով եւ մեկ մարդու միջին աշխատավարձը աճել է 35 հազար 714 դրամով կամ՝ 20,2 տոկոսով»:
Կարդացեք նաև
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով, հիմա շինարարության ոլորտում որոշակի աճ կա, ու աշխատատեղերի աճը զգացվում է այդ ոլորտում: Ասաց նաեւ, որ զբոսաշրջության ոլորտում դանդաղ, բայց աճ կա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ