Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշխարհագրական առումով ասիական, մշակութային առումով եվրոպական համարվող Հայաստանի արմատները գալիս են հազարամյա պատմության խորքից. իտալական հեռուստաալիքի անդրադարձը Թումոյին

Հունիս 24,2021 14:40

Rai4 հեռուստաալիքով հեռարձակվող Wonderland հաղորդաշարի շրջանակներում հունիսի 22-ին հեռարձակվել է ռեպորտաժ Թումոյի մասին

Լրագրող․ «Աշխարհագրական առումով ասիական, իսկ մշակութային առումով եվրոպական համարվող Հայաստանի արմատները գալիս են հազարամյա պատմության խորքից։

ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991թ․-ից այն հռչակվում է անկախ Հանրապետություն՝ կրկին ձեռք բերելով անկախություն, որն արդեն հայտարարել էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

Դարեր շարունակ եղել է Արևմուտքի և Արևելքի առևտրային ճանապարհների խաչմերուկում։

Հայաստանն իր ապագա մայրաքաղաքը հիմնել է ք․ա․ 4-րդ հազարամյակում Արարատ լեռան լանջին՝ Բիբլիական Արարատ լեռը, որի վրա հանգրվանել էր Նոյյան տապանը մեծ ջրհեղեղի ժամանակ։

Լինելով աշխարհի ամենահին քաղաքներից մեկը՝ Երևանն այժմ իրենից ներկայացնում է անցյալի և ապագայի միջև հրաշալի կամուրջ։

21-րդ դարում Հարավային Կովկասի այդ փոքրիկ երկրի բնակչությունը 3 միլիոնից մի փոքր ավելի է, սակայն սփյուռքում հայերն ավելի քան 8 միլիոն են։

Նպատակ ունենալով գրավել արտասահմանում և երկրի 11 մարզերում բնակվող երիտասարդ հայերին՝ 2011թ․-ին ծնվում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը՝ 13-19 տարեկանների համար նախատեսված ամենաառաջադեմ անվճար կրթական կենտրոնը։

Wоnderland-ի լրագրողները զրուցել են Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ»։

Մարի Լու Փափազյան․ Կենտրոնի նպատակն է հնարավորություն տալ ուսանողներն սովորել տեխնոլոգիաների և դիզայնի վերջին նորարարությունները, սովորել նորովի մտածել, օրինակ՝ տիրապետել ստեղծագործ և համագործակցային մտածողությանը, սովորել տեխնոլոգիաների հետ գործ ունենալու հմտությունները։ Ծրագիրը նախատեսված է պատանիների համար։

Հենց երիտասարդ ուսանողներն են որոշում՝ արդյոք ցանկանում են շարունակել ուսումը, թե՝ ոչ։ Նրանք ազատ են, ըստ ցանկության, դասընթացներին մասնակցելու կամ դրանք դադարեցնելու հարցում։

Միջավայրը պետք է մոտիվացնի ուսանողներին։ Իրենք պետք է իրենց միջավայրի տերը զգան, զգան տվյալ վայրի տերերը և ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունենան այնտեղ։

Հենց առաջին օրվանից անմիջապես մեզ հարց տվեցինք՝ ինչպես պետք է երեխաներին նստեցնել համակարգիչների առջև, ինչպես շփվել մյուսների հետ, և թե որն է ուսանողներից յուրաքանչյուրի տարածքը, ինչ ասել է Թումո․ այս ամենին շատ մեծ ուշադրություն ենք դարձրել։

Իսկ այժմ Բիենալեի ընթացքում՝ Արսենալեում տեղադրված տաղավարում ցուցադրում ենք Թումո կենտրոնները, որոնք, ինչպես ասացի, շատ կարևոր դեր ունեն մեր ուսումնական ծրագրի և մեր մտածելակերպի համար։

Ուսանողներն ինքնուրույն սկսում են ընտրել, թե ինչ են ցանկանում ցուցադրել․ այն կոչվում է կենդանի պորտֆոլիո, որովհետև փոփոխվում է աստիճանաբար, ժամանակի ընթացքում՝ գիտելիքներ կուտակելով և տարբեր աշխատաժողովներին ուսանողների մասնակցությամբ։

Ուսանողներն ի ցույց են դնում այն ամենն ինչ կատարել են, ցուցադրվում են արդյունքները, որոնք պատկանում են ուսանողներից յուրաքանչյուրին։

Նրանք կարող են այդ արդունքները ցուցադրել իրենց ծնողներին, աշխատանքի ընդունվելու համար գործատուին դիմելիս, նաև դպրոցում կամ համալսարանում, որտեղ դիմել են ընդունելության համար։

Թումոյի գաղափարը ծնվել է հետևյալ կերպ․ այն հիմնադրվել է բարերարներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների կողմից, որոնք հատկացրել են ողջ անհրաժեշտ ֆինանսավորումը Սիմոնյան կրթական հիմնադրամի միջոցով՝ մտադրություն ունենալով ստեղծել շահույթ չհետապնդող կազմակերպություն։

Ամուսիններ Սեմ և Սիլվա Սիմոնյաններն ամերիկացիներ են՝ ծնունդով Բեյրութից։ Նրանք են Թումո կենտրոնի հիմնադիրները։ Տասից ավելի տարի առաջ, երբ մենք հանդիպեցինք, ունեինք նույն մտածելակերպը, նույն տեսլականը և նպատակները։

ԱՄՆ-ից տեղափոխվեցինք Հայաստան և սկսեցինք միասին աշխատել այս ծրագրի ուղղությամբ։ Միասին կառուցեցինք այն․ սկսեցինք Երևանում գտնվող հիմնական մասնաշենքից և հետագայում Թումո հիմնադրամի հետ կարողացանք ստեղծել այլ կենտրոններ Հայաստանում։

Իրենք մի հրաշալի զույգ են, մշտապես մտածում են այն մասին, թե ինչպես նպաստեն Հայաստանի բարգավաճմանն ու զարգացմանը, թե ինչպես Հայաստան բերեն այն ամենն ինչ տեխնոլոգիական է, հատկապես՝ երիտասարդների համար։

Լրագրող․ Լինելով բարձր տեխնոլոգիաների կրթական կենտրոն՝ Թումո ծրագիրը կենտրոններ է բացել Հայաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև՝ Բեյրութում, Տիրանայում, Փարիզում, Մոսկվայում և Բեռլինում։

Մարի Լու Փափազյան․ Մենք մեր դռները բացեցինք 2011թ․օգոստոսին․ այդ ժամանակից ի վեր՝ ավելի քան 60․000 ուսանողներ ենք ունեցել Հայաստանում, որոնցից 19-20․000-ը ներկայումս ուսանում են։

Համագործակցում ենք նաև մի խմբի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք հնարավոր կլինի Թումոն Իտալիա տանել․ հեռանկարները լավն են, աշխատանքային։

Բացի այդ, համագործակցում ենք հիմնադրամների հետ Պորտուգալիայում և Ֆրանսիայի այլ քաղաքներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930