Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա՞ ինչ եք ուզում․ գործող իշխանությանն ո՞վ է վերարտադրել․ մի հատ ձեզ նայեք»․ Մարուքյանը՝ նախկիններին

Հունիս 24,2021 14:12

«Փաշինյանն ում մասին որ ասել էր, թե պետք է դատի, չագուճով խփի, բոլորը պատգամավոր դարձան։ Կես-կատակ եմ ասում, բայց դա է։ Ավելին՝ իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի իր ընդդիմախոսը լինի խորհրդարանից դուրս՝ նախկին իշխանությունը, որովհետեւ դա է իր համար իդեալական տարբերակը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսի պատկեր կունենա նոր խորհրդարանը՝ կազմված «Քաղաքացիական պայմանագրից», «Հայաստան» դաշինքից եւ «Պատիվ ունեմ»-ից։

Մարուքյանը օրինակ բերեց․ «Մեղադրելու են, թե ասֆալտ չեն արել, մյուս կողմն էլ ասելու է, թե նախկինները երեսուն տարի ասֆալտ չեն արել։ Հիշեցնելու են Պողոս Պողոսյանի սպանությունը, հոկտեմբերի 27-ը․․․հեսա սկսվելու է, կնայեք․․․իրենք իրենց համար իդեալական խորհրդարան ստացան։ Գտել են իրար համար մարդկանց, ում ամեն օր ասելու են սա։ Հիշեք՝ Փաշինյանն ասում էր, որ եթե ժողովուրդն իրենց չի ուզում, թող իրենց քշի, Սերժ Սարգսյանին ու Գագիկ Խաչատրյանին հետ բերի»։

Մեր նկատառմանն ի պատասխան, որ խորհրդարան անցած ուժերն ի թիվս ԱԺ չանցած այլ ուժերի՝ նաեւ ԼՀԿ-ին են մեղադրում Նիկոլ Փաշինյանի օգտին ձայներ փոշիացնելու համար, Էդմոն Մարուքյանը շեշտեց․ «Մենք չանցանք խորհրդարան։ Անցած ուժերի հետեւորդներն ինչ-որ գրառումներով դատափետում, քրքրում են մեզ։ Ուզում եմ հասկանալ՝ եթե մինչեւ այդ մեզ վարկաբեկում էին, այդ թվում իրենց ողջ մեդիառեսուրսով, որպեսզի մեր տեղը զբաղեցնեին, հիմա զբաղեցրել են։ Հարց՝ հիմա՞ ինչ եք ուզում․․․ձայների փոշիացումից չի կարող խոսք լինել։ Գործող իշխանությանն ո՞վ է վերարտադրել։ Ե՞ս։ Ես ընտրություններից առաջ ասել եմ, որ նախկիններն են վերարտադրելու գործող իշխանությանը։ Հիմա ո՞վ է ում մեղադրում։ Մի հատ թող իրանց նայեն։ Այնքան կմեղադրենք, իրենց տեղը չեն գտնի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930