Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» որոշում, որով առաջարկվում է ևս 6 ամսով երկարացնել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Հիմնավորման համաձայն, թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը։
Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, որոշումն ընդունվել էր՝ հիմք ընդունելով ԵԱՏՄ մաքսային պայմանագրի համապատասխան դրույթը, որում ասված էր, որ ԵԱՏՄ անդամ-պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով: «Ուսումնասիրություն է կատարվել պարզելու, թե ինչ է արձանագրվել նախորդ վեց ամիսների ընթացքում: Թուրքիայից ընդհանուր ներմուծման ծավալները նվազել եմ մոտավորապես 70 տոկոսով, կտրուկ փոխվել են ներմուծվող ապրանքների կազմը: Եթե առաջ այդտեղ եղել են ավիավառելիք, ցիտրուսային մրգեր, բանջարեղեն, մաքրող միջոցներ, տրիկոտաժ, գործվածք, ապա այժմ՝ հիմնականում շինանյութ, տրիկոտաժ, բամբակե գործվածք և բնական կաշի: Բնական կաշիի վերաբերյալ ուզում եմ հիշեցնել, որ վերջերս մենք նաև արտահանման արգելք ենք դրել, որպեսզի հայաստանյան արտադրողները կարողանան այն վերամշակել»,-ասել է նախարարի պաշտոնակատարը:
«Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականին
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի նպատակը ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքում «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման նպատակով մրցույթի արդյունքներով կողմերի միջև պայմանագրային հարաբերությունների ձևավորման գործընթացին նպաստումն է։ Նման որոշման ընդունման բխում է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու, մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 1986-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում կազմակերպված մրցույթի արդյունքում նախընտրելի հայտատու ճանաչված «Աբու Դաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի» ՀԲԸ («Մասդար») (Abu Dhabi Future Energy Company PJSC – Masdar), Արաբական Միացյալ Էմիրություններ ընկերության հետ վարված բանակցությունների արդյունքներից և նպատակ է հետապնդում նպաստել մրցույթի հաղթողի հետ պայմանագրային հարաբերությունների ձևավորման գործընթացին։ Ըստ այդմ` առաջարկվում է՝ ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 3-ի «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու, մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» որոշման «Ֆինանսավորման ամփոփման վերջնաժամկետ» սահմանման մեջ «180 օր անց ընկնող ամսաթիվը» բառերը փոխարինել «545 օր անց ընկնող ամսաթիվը» բառերով։
Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, նման որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ժամկետների փոփոխման խնդրով: «Հաշվի առնելով նաև գնառաջարկի մեջ ընկերության ներկայացրած փոփոխությունը, որը բավականին ցածր գին է տարածաշրջանի համար, անհրաժեշտություն է առաջացել այս փոփոխությունը կատարելու»,-ասել է Սուրեն Պապիկյանը:
Կարդացեք նաև
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ընդգծելով ծրագրի իրականացման կարևորությունը, նշել է, որ կայանի կառուցման գործընթացը մեկնարկել է դեռևս 2019 թվականից: «Խոսքը գնում է 200Մվտ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մասին: Փաստացի արդեն ունենք հաղթող ընկերություն, որն առաջարկել է 1կՎ էներգիայի համար 2,9 ցենտ, որը բավականին ցածր գին է: Բավականին խոշոր ներդրումային ծրագիր է, մոտավորապես 174 մլն դոլարի»,-ասել է Տիգրան Ավինյանը:
Փոխվարչապետի պաշտոնակատարն հավելել է նաև, որ կայանի կառուցման համար անհրաժեշտ հողահատկացման աշխատանքներն ընթացքի մեջ են: «Այս օրերի ավելացումը վերաբերում է այդ ֆինանսական փակման վերջնաժամկետին, որի համար մենք տալիս ենք 1,5 տարի: Այսինքն՝ այդ ընթացքում կիրականացվեն բոլոր գործընթացները՝ թղթաբանական, հողային և այլն, որից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները, կկառուցվի արևային ֆոտովոլտային կայանը, ենթակայանը: Մոտավորապես 2025 թվականից արդեն 200 Մվտ այս կայանը կհանձնվի շահագործման»,-ասել է Տիգրան Ավինյանը:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սա կարևոր թեմա է այն առումով, որ նաև նախընտրական շրջանում շատ էր խոսվում այն մասին, որ Հայաստանում միջազգային հայտնի կորպորացիաները ներդրումներ չեն անում: «Մասդար»-ը ոլորտի ամենաազդեցիկ համաշխարհային ընկերություններից մեկն է, և փաստորեն մենք գործարկել ենք խոշոր ներդրումային ծրագիր, ինչը իր դրական ազդեցությունը պետք է ունենա, ոչ միայն տնտեսության, այլև ներդրումային միջավայրի գրավչության տեսակետից, որովհետև ընկերության ներկայությունը Հայաստանի շուկայում շատ կարևոր և դրական ազդակ է միջազգային ներդրողների համար»-ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
Կառավարության որոշմամբ «Արտեկ փովեր սիստեմա» ՍՊԸ-ն ներառվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունը ազատ տնտեսական գոտում նախատեսում է ծավալել բարձր և նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն՝ 2021-2025 թթ. իրականացնելով 4,250,000 հազ. դրամ ներդրում: Ծրագրի ընթացքում կստեղծվի ավելի քան 85 նոր աշխատատեղ` շուրջ 450 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 550 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերությունը գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 250 քմ գրասենյակային տարածք ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 1000 քմ մակերեսի հինգերորդ տարում:
Մեկ այլ որոշմամբ «Ինտերակտիվ սմարթ տեխնոլոջի ֆեզ» ՍՊԸ նույնպես ներառվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունն իրականացնելու է բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ոլորտում գործունեություն, մասնավորապես՝ էլեկտրոնային սարքերի արտադրության համար: Ծրագրի շրջանակում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 67,704,000 հազ. դրամ, կկստեղծվի 60 նոր աշխատատեղ` շուրջ 350 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 400 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերությունն ունենալու է մոտ 650 քմ արտադրական տարածք:
Կառավարությունը նախատեսում է ապահովել գնման գործընթացների շրջանակում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողություն
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ «Գնումների մասին» օրենքում կատարված լրացումների արդյունքում պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման և դրա կիրառման գործընթացի հետ կապված կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ օրենքով կատարված լրացումներով սահմանվել է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվող գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման կարգով պետք է սահմանվեն կարգավորումներ նաև պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման և դրա կիրառման գործընթացի վերաբերյալ: Ըստ այդմ՝ սահմանվում են պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման գործընթացը կարգավորող պայմանները: Որոշմամբ առաջարկվող կարգավորումների նպատակն է հնարավորինս նվազեցնել պայմանագրերի կատարման նկատմամբ նախնական հսկողության գործընթացի պատշաճ չիրականացման ռիսկերը: Արդյունքում՝ գնման գործընթացների շրջանակում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ կապահովվի հանրային հսկողություն:
Կթողարկվեն 8 նոր տառերով տրանսպորտային միջոցների հաշվառման համարնիշեր
Կառավարությունը փոփոխություններ է կատարել «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ՝ նոր տառով հաշվառման համարանիշերի թողարկման համար: Համապատասխան որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են: Ըստ այդմ, բացի «A», «C», «D», «F», «G», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V», «X» և «Z» տառերից, համարանիշների թողարկման համար կարող են օգտագործվել նաև «B», «E», «H», «I», «J», «K», «W» և «Y» տառերը: Հիմնավորման համաձայն, արդյունքում ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների էական ավելացում. հաշվառման համարնիշերի թողարկումը 8 նոր տառերով թույլատրելու դեպքում ընդհանուր կանխատեսվող եկամուտը կկազմի՝ 73,702,576,000 դրամ, իսկ ծախսը՝ 2,093,007,904 դրամ։ Որոշման ընդունման դեպքում կբարձրանա մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը:
Կառավարությունը հավանություն է տվել ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2021 թվականի ապրիլի 13-ի՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից օգտվելու խելամիտ ժամկետ սահմանելու մասին հանձնարականի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Ըստ այդմ՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից առաջնային օգտվելու իրավասություն ստացած անձը, վաճառելով իր տրանսպորտային միջոցը, առավել երկար ժամանակ (1տարի 6 ամսվա փոխարեն) կունենա համարանիշերը հետ վերցնելու և օգտագործելու համար՝ այդպիսով ստիպված չլինելով կրել ֆինասական կորուստներ, այն է՝ կրկին վճարել մեծ պահանջարկ ունեցող նոր (կամ նույն) համարանիշերի համար կամ ստանալ հերթական կամ այլ վճարովի համարանիշ։
Այլ որոշումներ. կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում կշարունակեն աջակցություն ստանալ զբոսաշրջության առանձին ոլորտներում գործունեություն իրականացնող ձեռնարկատերերը
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման մեջ՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում վերջիններիս գործունեության շարունակականության ապահովման ու աշխատատեղերի պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված։
Հիմնավորման համաձայն, ստեղծված իրավիճակում տնտեսավարողները դեռևս կարիք ունեն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, արդյունավետ աշխատատեղերը, ինչպես նաև առկա գիտելիքի համակարգերը պահպանելու նպատակով։ Ըստ այդմ` նախատեսվում է 2021 թ. ապրիլից հունիս ամիսը ներառյալ, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում շարունակել ամսական դրամաշնորհի տրամադրումը ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերին, որոնք ստեղծվել են մինչև 2020 թ. մարտի 31-ը: Վերջիններս միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում պետք է ունենան առնվազն 3 աշխատող, չեն հանդիսացել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման շահառու, 2020 թ. առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետևյալ ոլորտներին՝ կացության կազմակերպում, զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ:
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող անձանց հյուրընկալող ֆիզիկական անձանց, ինչպես նաև կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝ համապատասխան միջոցառումներով և կարգերով սահմանված աջակցության տրամադրումը շարունակել ևս երեք ամիս՝ մինչև 2021 թվականի օգոստոսը ներառյալ: Այդ միջոցառումներն ավարտվում են 2021 թ. հունիսին: Միջոցառումներից օգտվելու համար դիմումների ընդունման գործընթացի վերլուծության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել երկարացնել միջոցառումների ժամկետները՝ ևս երեք ամսով աջակցություն տրամադրել հունիս-օգոստոս ամիսների համար ևս:
Կառավարության մեկ այլ որոշմամբ 554,380.7 հազար դրամ կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին՝ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով: