Այսօր առավոտից Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց հարազատները կառավարության շենքի մոտ նստացույց են սկսել: Կառավարությունից պահանջում են ՝ անհապաղ Հայաստան վերադարձնել իրենց հարազատներին:
Հիշեցնենք, որ այս օրերին Բաքվում ընթանում է հայ գերիների դատավարությունը: Նրանց մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ: Գերեվարված հայ զինծառայողների ծնողներն ու հարազատներն Aravot.am-ի հետ զրույցում ասացին՝ ո՛չ համբերություն ունեն, ո՛չ հավատ. «Անընդհատ ասում են՝ սպասեք, համբերեք, բանակցություններ են գնում, բայց որքա՞ն կարող ենք սպասել, արդեն 7 ամիս է անցել, ոչ մի տեղաշարժ չկա»:
Գերեվարվածների հարազատներն ասում են՝ որքան պետք է կսպասեն, բայց արդյոք իրենց որդիները, ամուսիններն ի վիճակի են սպասելու եւս մի քանի ամիս, այն դեպքում, երբ առողջական խնդիրներ ունեն»:
Հարազատներից մեկի խոսքով, իրենք հայրենիքը պաշտպանող զինվորներ են տվել, բայց այսօր իրենց երեխաներին, ամուսիններին, եղբայրներին դատում են, որպես ահաբեկիչ. «Մեր կառավարությունն այդ երեխաների շահերը չի պաշտպանում, մենք ահաբեկի՞չ ենք տվել: Ոչ մեկին չի հետաքրքրում նրանց կյանքն ու ապագան: Իրանց ճղում են՝ ապագա կա, Բաքվի բա՞նտն է նրանց ապագան»:
Կարդացեք նաև
Հարազատների խոսքով, իրենց պահանջն է նաեւ միջազգային իրավաբանների խումբ ուղարկել Բաքու, որպեսզի այդ դատավարությունների ժամանակ տղաների կողքին լինեն, որ ամեն ինչ ընթանա օրինական ճանապարհով:
Տիգրան Ամբարդարյանի խոսքով, որի եղբայրը գերեվարվածների թվում է, նոր կառավարությունը պետք է տարբեր ուղղություններով աշխատանք տանի, այդ աշխատանքներն ընդլայնեն, որպեսզի արդյունք լինի. «Ներկայումս չունենք, որեւէ արդյունք, այդ պատճառով այս քայլին ենք գնացել»:
Կառավարությունից արձագանքել են հարազատների բողոքին, նրանց լսել են: Ըստ Տիգրան Ամբարդարյանի, նախօրեին նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ են հանդիպում ունեցել, որի մանրամասները, սակայն հրապարակել չեն կարող:
Տիգրան Ամբարդարյանի եղբայրը գերեվարվել է Խծաբերդի եւ Հին թաղերի հատվածում, երբ, որպես աշխարհազոր, պաշտպանելիս է եղել այդ բնակավայրերը: Հարազատները Կարմիր խաչի միջոցով խոսել եւ տեսազանգեր են ունեցել գերեվարված հարազատների հետ: Տիգրան Ամբարդարյանի խոսքով, նրանցից 8 զինծառայող արդեն վերադարձել է հայրենիք եւ յոթ ամիս անց մնացած գերեվարվածներն էլ պետք է անհապաղ վերադարձվեն, քանի որ նրանց հարազատները նույնպես շատ ծանր հոգեբանական վիճակում են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ