Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երբ Քոչարյանը հրապարակում ավելի շատ մարդ հավաքեց, Դավիթին ասացի՝ նախկինն ու ներկան իրար հետ կստանան 75%»․ Մարուքյան

Հունիս 24,2021 13:39

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փաստում է՝ ընտրությունների արդյունքում ներքին համերաշխության իրենց օրակարգը պարտված է, որովհետեւ հաղթեցին մուրճն ու մանգաղը։

«Իրականում ժողովուրդը շատ լավ ընդունեց մեր այդ գաղափարները, բայց մի բան է ընդունել, այլ բան է գնալ ու քվեարկելը դրա օգտին։ Քվեարկությունը տեղի է ունենում որոշակի «սիմպատիաների» ու վախերի արդյունքում»՛,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու քաղաքացիներն ընտրությունների արդյունքում նախապատվություն չտվեցին համերաշխության իրենց օրակարգին։

«Վերջին պահին այս ընտրությունները դարձան հանրաքվե։ Նախկինների եւ ներկաների բարձրախոսների արանքում մեր ձայնը խլացավ, որովհետեւ նախկիններն ասում էին, թե հեղափոխությունը վատ է, ներկաներն էլ ասում էին, թե լավ է։ Իսկ ժողովուրդն արել էր այդ հեղափոխությունը։ Բնականաբար, ժողովուրդը պետք է վերահաստատեր հեղափոխությունը։ Պատերազմն ու հեղափոխությունն իրար հետ կապ չունեն։ Նախկին իշխանությունը պատերազմի պարտությունը եւ հեղափոխությունը փորձեց կապել իրար հետ, բայց այդ կապը չկա։ Ժողովուրդն էլ քվեարկությամբ հաստատեցին դա՝ անգամ դժգոհ լինելով Փաշինյանից։ Ընտրեցին, որ նրանք հետ չգան»,-այսպես բացատրեց Էդմոն Մարուքյանը։

Նա վստահեցրեց՝ մինչեւ քարոզարշավի վերջին երեք օրերն իրենք ունեցել են անցողիկ տոկոսներ․ «Պատկերը փոխվեց երկու օրում՝ վախերի ազդեցության տակ։ Եղեգնաձորի մեր ներկայացուցիչն ասում էր՝ մարդիկ գալիս էին գրասենյակ ու ասում, որ որոշել էին մեզ ընտրել, բայց երբ «Հայաստան» դաշինքի ցույցը տեսան, որոշեցին, որ նախկինները հետ են գալիս, ուստի պետք է ձայնը գործող իշխանությանը տան։ Ես Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին ասում էի, որ մի կողմ քաշվեն, այլապես իրենք են վերարտադրելու գործող իշխանությանը»։

Մարուքյանը հավելեց․ «Մի բան էլ պատմեմ, որը ոչ ոք չգիտի։ Երբ պարզ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը հրապարակում ավելի շատ մարդ է հավաքել, քան Նիկոլ Փաշինյանը, զանգեցի Դավիթ Խաժակյանին, ասացի, որ ընտրություններն ավարտվելու են հետեւյալ կերպ՝ «Հայաստանն» ու իշխող ուժը ստանալու են իրար հետ մոտ 75%։ Իսկ երրորդ ուժը կամ լինելու ենք մենք, կամ չենք լինելու: Իրենք էլ են ընդունում, որ իրենց մասնակցությամբ վերարտադրեցին գործող իշխանությանը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930