Այսօր թիվ 9 ընտրատարածքում 9/32 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարվեց:
Հանձնաժողովի նախագահ Եղիշ Տերտերյանն ասաց, որ վերահաշվարկն իրականացվում է՝ իրենց նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով տարբեր ասեկոսեները ու շրջանառվող դժգոհությունները:
Կարդացեք նաև
Այս ընտրատեղամասում 1109 ընտրող է քվեարկել: Սարքի կտրոնները համապատասխանում էին ընտրողների մասնակցության ստորագրություններին: 2 քվեաթերթիկ անվավեր էր, երկուսն էլ՝ «Ինքնիշխան Հայաստանի». ընտրողները պատռել էին քվեաթերթիկը ու ծրարի մեջ դրել մի կտորը:
Այս ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 281 ձայն: Վերահաշվարկի ժամանակ պարզվեց, որ մի քվեաթերթիկ առանց հոլոգրաֆիկ նշանի էր, հետեւաբար դա համարվում է դատարկ քվեաթերթիկ: Բացի այդ, ՔՊ-ի քվեաթերթիկներից մեկի վրա գրիչով մեկ կետ էր արված՝ երկու կողմից: Հանձնաժողովը քվեարկության դրեց դրա անվավեր լինելու հարցը ու համարվեց անվավեր: Հետեւաբար, ՔՊ-ի ձայները պակասեցին երկուսով՝ դառնալով 279:
«Հայաստան» դաշինքի ձայները այս ընտրատեղամասում 473 ձայն էր ստացել ու վերահաշվարկի ժամանակ մնաց անփոփոխ:
9/32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կատրին Հակոբյանը մեր զրույցում ասաց, որ գիշերը հոգնած են եղել քվեաթերթիկները ստուգելիս ու դրանցից մեկի վրա գրիչի այդ մի կետիկը կարող էին չնկատել: Ինչ վերաբերում է առանց հոլոգրաֆիկ նշանի քվեաթերթիկը ՔՊ-ի ձայն համարելուն՝ նա ասաց, որ քարտուղարի հետ կքննարկեն՝ կհասկանան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ