«Մենք երբեւէ չենք մերժել որեւէ քաղաքական ուժի ղեկավարի հետ հանդիպումը։ Փաշինյանն ասաց, որ գաղափար կա ստեղծելու արտախորհրդարանական ուժերի հետ շփումների ինչ-որ ձեւաչափ, պարզ չէ, թե ինչպիսի, որպեսզի արտախորհրդարանական ուժերի ձայնը լսելի լինի»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ես էլ ասացի՝ երեւի լավ գաղափար է, երբ որ կստեղծվի, կքննարկենք»,-տեղեկացրեց Էդմոն Մարուքյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կառավարությունում աշխատանքի առաջարկ հնչե՞լ է․ «Չի եղել նման քննարկում, նման խոսակցությունները երեւակայության ժանրից են։ Ասել եմ, որ ինձ խորհրդարանից դուրս չեմ պատկերացնում։ Հիմա էլ մեր ունեցած կապերով ծառայելու ենք պետությանը։ Հիմա ես աշխատանք չեմ փնտրում, ԼՀԿ-ն մեծ գործ ունի անելու»,-պատասխանեց Էդմոն Մարուքյանը։
Նկատառմանն ի պատասխան, որ եթե Նիկոլ Փաշինյանը փորձի արտախորհրդարանական ուժերի հետ կոալիցիոն կառավարություն ստեղծել, ինչպե՞ս կվարվեն, Մարուքյանը նշեց՝ դրա իմաստը չի տեսնում․ «Իշխանությունը 54% ձայն է ստացել, էլ ի՞նչ կոալիցիա։ Ես ասում էի, որ ոչ մի ուժ չպետք է հաղթի, որպեսզի ազգային համաձայնության կառավարություն ձեւավորվի։ Բայց հաղթել է մուրճը, մուրճը հաղթել է համերաշխությանը, մեր օրակարգը մերժված է։ Չի եղել նման առաջարկ եւ իմաստ չեմ տեսնում քննարկելու։ Առաջինը խորհրդարանի ուժերը պետք է համաձայն լինեն դրան, բոլորը պետք է լինեն այդ կոալիցիայում։ Դրա համար էինք ասում, որ մեկ ուժ չպետք է միանձնյա կառավարի, իսկ ժողովուրդը նորից նույն բանն արեց»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ