Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը պատրաստ է համագործակցել գործող իշխանության հետ համատեղ ուժերով ձևավորվելիք ինստիտուցիոնալ հարթակի շրջանակում

Հունիս 24,2021 12:37

ԱԺ անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելով «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» կուսակցությունների դաշինքի կազմում չհաղթահարեց ընտրական շեմը և ներկայացված չի լինի նորընտիր խորհրդարանում։

Միևնույն ժամանակ «Հանուն Հանրապետության» կուսակցությունն արձանագրում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվել են ազատության, արդարության և թափանցիկության պայմաններում՝ ապահովել լեգիտիմ իշխանության ձևավորումը։
Այդուհանդերձ, մտահոգիչ է այն հանգամանքը, որ բացարձակ մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում ներկայացված միակ ռեֆորմիստական քաղաքական ուժն է, մինչդեռ խորհրդարանական մյուս երկու ուժերն ամենևին միտված չեն ժողովրդավարական և իրավական բարեփոխումներին և իրենց շահը տեսնում են Հայաստանի մոդեռնացումն ամեն կերպ խոչընդոտելու, հետխորհրդային ավտորիտար, քրեաօլիգարխիկ համակարգի վերականգնման մեջ։

Ստեղծված իրավիճակում մեծ է վտանգը, որ խորհրդարանը, երկրի զարգացման, դատաիրավական, ռազմական, տնտեսական և սոցիալ-մշակութային բարեփոխումների համալիր քննարկման և քաղաքական որոշումների կայացման ինստիտուցիոնալ հարթակ լինելու փոխարեն, դառնալու է անձնական թիրախավորման, պիտակավորման, հանրության զգալի սեգմենտին թյուրիմացության մեջ պահելու, անձնական բնույթի բախումներ հրահրելու, թանկարժեք ժամանակն անպտուղ վատնելու վայրի՝ նպաստելով սողացող հետադիմության ռևանշիստական նկրտումներին։

Հայաստանի Հանրապետությունը, ընկղմված լինելով ներքին և արտաքին վտանգավոր մարտահրավերների խորը հորձանուտում, չունի ժամանակ և ռեսուրս բարեփոխման և արդիականացման օրակարգն իրագործելու հնարավորությունը մսխելու համար։ Հետևաբար, նորընտիր իշխանությունը որևէ կերպ չպետք է տուրք տա խորհրդարանական ընդդիմության կարգավիճակում հայտնված հետադիմական ուժերի նկրտումներին և բարեփոխումները վիժեցնելուն ուղղված սաբոտաժին և պետք է օր առաջ ձևավորի արտախորհրդարանական առողջ ուժերի հետ համագործակցության գործուն ձևաչափեր երկրի վերափոխման և արդիականացման ուղղված բարեփոխումների շուրջ հասարակական-քաղաքական կոնսենսուս ձևավորելու համար։

Երկրում ժողովրդավարության անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքների ձեւավորմանը՝ դատա-իրավական ոլորտի, իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների, դիվանագիտական գերատեսչության, ողջ պետական ապարատի լայնածավալ եւ արմատական բարեփոխումների իրականացմանը, սոցիալ-տնտեսական և ռազմա-քաղաքական արդիականացմանը նպաստելու նպատակով
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարում է, որ․

– պատրաստ է համագործակցել գործող իշխանության համատեղ ուժերով ձևավորվելիք ինստիտուցիոնալ հարթակի շրջանակում,

– ունի անհրաժեշտ գիտելիքներն ու փորձը՝ մասնագիտական և փորձագիտական ներուժը Հայաստանում դատաիրավական բարեփոխումների և սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով,

– համագործակցելով Հայաստանում դատա-իրավական բարեփոխումների ջատագով իրավաբանների հետ՝ սկսում է դատաիրավական խորքային բարեփոխումների ծրագրի մշակումը՝ այն գործող իշխանության և փորձագիտական հանրույթի քննարկմանը դնելու նպատակով։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարական և իրավական պետության կերտման օրակարգի իրացման գործում, առաջարկում է մեկնարկել խորհրդակցություններ առողջ և կառուցողական քաղաքական միավորների հետ ժողովրդավարական և հայաստանակենտրոն համախմբում իրականացնելու նպատակով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930