Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուզում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքների կեղծման էջն իսկապես անշրջելիորեն փակված է. Նիկոլ Փաշինյան

Հունիս 24,2021 12:20

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2021 թվականի մայիսին ՀՀ-ում արձանագրված աշխատատեղերի ցուցանիշին, ինչպես նաև 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի հունիսի 24-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ այդ կարևոր լուր կա. Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել: Պարոն Հովհաննիսյան, խնդրում եմ ներկայացրեք թվերը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Շնորհակալություն: 2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի քանակը կազմել է 635000: Այս ցուցանիշն աննախադեպ է և կրկնել է 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում արձանագրված ամենաբարձր՝ 632000 ցուցանիշը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Ներողություն, կրկնե՞լ է, թե՞ գերազանցել է:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան –  Գերազանցելու մասով է կրկնել, պարոն վարչապետ: Այս ցուցանիշն ավելի է 2020, 2019 և 2018 թվականների համադրելի տվյալներից. մասնավորապես, 2020 թվականի մայիս ամսվա տվյալներից ավելի է 37000-ով, 2019 թվականի համեմատ՝ 34000-ով եւ 2018 թվականի համեմատ՝ 87000-ով: Աճել է նաեւ հայտարարագրված բոլոր աշխատատեղերի մասով վճարված եկամտի չափը՝ կազմելով 134.7 մլրդ դրամ եւ 19 մլրդ, 22 մլրդ եւ 38 մլրդ դրամով գերազանցելով համապատասխանաբար 2020, 2019 եւ 2018 թվականների ցուցանիշները: Շնորհակալություն:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Համեմատությունը 2020 թվականի սեպտեմբերի հետ հետևյալն է. սեպտեմբերին եղել է 631966, իսկ մայիսին՝ 634951, բայց մասնագետներն ասում են, որ սեպտեմբերը սովորաբար աշխատատեղերի ամենաբարձր ամիսն է: Ենթադրում ենք, որ մենք այս ցուցանիշը կգերազանցենք նաև սեպտեմբերին, այսինքն՝ սեպտեմբերին ավելի բարձր ցուցանիշ կունենանք: Կրկին ուզում եմ արձանագրելու համար ասել, որ փաստորեն 2021 թվականի մայիսին մենք ունենք 86962-ով կամ 15 տոկոսով ավելի աշխատատեղ, քան 2018 թվականի մայիսին: 2021 թվականին աշխատավարձերի ֆոնդը, 2018-ի մայիսի համեմատ, աճել է 38 մլրդ դրամով կամ 39 տոկոսով, և մեկ մարդու միջին աշխատավարձն աճել է 35714 դրամով կամ 20.2 տոկոսով:

Իհարկե, մենք այստեղ շարունակաբար միշտ այն հարցի առաջ ենք կանգնում, թե որքանով են թվերն ապահովում ստվերից դուրս եկած աշխատատեղերի շնորհիվ և որքանով՝ նոր աշխատատեղերի շնորհիվ: Բայց, այնուամենայնիվ, պարոն Հովհաննիսյան, մեր վերլուծությունների, քննարկումների արդյունքում մենք եկանք այն եզրակացության, որ հիմա շինարարության ոլորտում որոշակի աճ կա, և աշխատատեղերի աճն զգացվում է այդ ոլորտում: Նաև զբոսաշրջության դանդաղ, բայց հաստատուն վերականգնման գործընթաց ունենք: Հաջորդ ամենախոշոր սեգմենտը հանրային սննդի ոլորտն է, որտեղ աշխատատեղերի աճ ունենք:

Մենք բարեհաջող ավարտեցինք խորհրդարանական ընտրությունները: Ուրախ եմ արձանագրել, որ միջազգային դիտորդների, միջազգային հանրության և տեղական դիտորդների արձանագրումը միանշանակ է՝ որ ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան: Մենք նոր ստանդարտ ենք, ըստ էության, սահմանել: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ 2018 թվականին, երբ տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և միջազգային հանրությունն աննախադեպ բարձր գնահատականների արժանացրեց այդ ընտրությունները, այն ժամանակ կար այսպիսի համատեքստ՝ ասում էին, որ ընտրությունների արդյունքներն ակնհայտ էին նախապես բոլորի համար, և գործող կառավարությունն, այսպես ասած, ընտրությունների արդյունքները կեղծելու անհրաժեշտություն չուներ:

2021 թվականի խորհրդարանական ընտրությունների  հնարավոր արդյունքները կանխատեսելի չէին, և բոլորը գիտեին, որ Երրորդ Հանրապետության պատմության թերևս ամենաանկանխատեսելի ընտրություններն են անցկացվում: Շատ կարևոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքը և քաղաքական արժեհամակարգը, և, ինչպես մեր հանրությանը խոստացել էինք, ընտրությունների արդյունքների և ընտրողների ազատ կամքի արտահայտման անառարկելիությունը մեզ համար անկյունաքարային արժեք է: Իհարկե, հարուցված են քրեական գործեր՝ ընտրակաշառքների, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու այլ դրսևորումների վերաբերյալ: Ես համոզված եմ, որ դրանք պատշաճ քննություն կստանան և համապատասխան ընթացք կստանան: Բայց ուզում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքների կեղծման էջն իսկապես անշրջելիորեն փակված է:

Եվ ամենակարևոր արձագանքը, որ ընտրություններից հետո մենք ստանում ենք, ես գոնե լսել եմ, հետևյալն է. Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար այլևս անառարկելի փաստ է, որ ինքը որոշիչ գործոն է Հայաստանի Հանրապետությունում, և ինքն է իսկապես որոշում իշխանության ճակատագիրը Հայաստանի Հանրապետությունում: Դա կարևոր քաղաքական արձանագրում է, և ուրախ եմ, որ մենք, այս բարդ ճգնաժամի միջով անցնելով, ի վերջո, եզրափակում ենք և ամփոփում ենք այս արձանագրմամբ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930