Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վտանգը ոչ թե հրաժարականի պահանջի, այլ վստահության հանրաքվե անցկացնելու առաջ տարվող թեզի մեջ է. դա որևէ կերպ թույլ տալ չի կարելի»․ Մետաքսե Հակոբյան. «Փաստ»

Հունիս 24,2021 12:04

Արցախի իշխանությունները մշտապես ՀՀ իշխանությունների հետ համագործակցել ու աշխատել են: Կամակատարի կարգավիճակ երբևէ չի եղել: Եթե նախկինում ՀՀ իշխանությունները հանդես են եկել Արցախի անունից, ապա դա եղել է ԱՀ իշխանությունների համաձայնությամբ և ի նպաստ երկու հայկական պետությունների: Վերջին երեք տարվա ընթացքում մենք նշվածի հստակ ու ծրագրավորված խաթարումը տեսանք:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, որի հետ խոսել ենք ՀՀ ԱԺ ընտրություններից հետո Արցախում առկա տրամադրությունների ու գործընթացների մասին. «Հիմա կան շահարկումներ, որ եթե Արցախում այսօր Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը կատարվի, ապա Արցախի սուբյեկտայնությունն ամբողջովին վերանում է, այլևս հնարավոր չէ ոչինչ անել: Նման շահարկումներն ի շահ ՀՀ ներկայիս իշխանությունների և ի շահ Ադրբեջանի են, որովհետև նույն հայտարարություններն անում է նաև Ադրբեջանը: Այսօր հնարավոր է Արցախում հասնել ներկայիս իշխանությունների հրաժարականին, շատ արագ ձևավորել ճգնաժամային իշխանություն՝ կազմված այն ուժերից, որոնք առաջ կգան ժողովրդի ցասման արդյունքում ու կվերցնեն ողջ պատասխանատվությունը: Այնուհետև ԱԺ-ի վրա նոր ընտրություններ կազմակերպելու պահանջ կդրվի, որոնք միանշանակ հնարավոր է իրականացնել»:

Նրա խոսքով, վտանգը ոչ թե հրաժարականի պահանջի, այլ առաջ տարվող այլ թեզի մեջ է. «Այսօր Ա. Հարությունյանի համակիրները խոսում են վստահության հանրաքվե անցկացնելու մասին: Հենց սա է վտանգ պարունակում, հենց սա է վնաս Արցախի սուբյեկտայնությանը: Եթե նման վտանգ պարունակող հանգամանքն են առաջ քաշում, ինչո՞ւ չեն կարող ընտրություններ լինել: Եվ ի՞նչ է նշանակում գործող նախագահի լեգիտիմությունն ապացուցելու համար հանրաքվե անցկացնել: Օրենքի նման որևէ կետ գոյություն չունի: Ի՞նչ է՝ ինչ-որ բաներ են հորինվում, կեղծ օրակա՞րգ է ստեղծվում, ուզում ենք շարժվել այդ կեղծ օրակարգով ու ցույց տալ աշխարհին, որ ունենք ինստիտուտներ ու սուբյե՞կտ ենք: Առաջին հերթին սա ծիծաղ կառաջացնի, երկրորդ՝ իրականում վտանգներ է պարունակում, ինչը որևէ կերպ թույլ տալ չի կարելի:

Այլ ճանապարհով պետք է գնալ: Արցախում անելանելի վիճակում հայտնված մարդիկ այլ երկրներում լավ ապրելու ելքեր չեն փնտրում, գիտեն, որ Արցախն է հայրենիքը, որի յուրաքանչյուր պատառիկի համար պետք է պայքարեն: Նրանք գիտակցում են, որ կարող է ստեղծվել ճգնաժամային իշխանություն, որը կլինի լեգիտիմ, և արդյունքում կլինեն ընտրություններ, կընտրվի նախագահ, ու նոր իշխանություն կձևավորվի: Իսկ այն շահարկումները, թե սա վտանգավոր է, արդյունք չեն տալու: Մենք այսօր կորցրել ենք առավելագույնը, քան կարող էինք կորցրել: Մենք անծայրածիր Եռաբլուր, մեծ եղբայրական պանթեոն ունենք, չունենք Արցախի 75 տոկոսը, վտանգված են ՀՀ սահմաններն ու պետականությունը: Սրանից ավելի վատ կարգավիճակ հնարավոր չէ ունենալ: Վարանելու դեպքում որպես ազգ երկրի երեսից ջնջվելու ենք»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930