Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

««Sevan Startup Summit 2021»-ի միջոցառման անցկացումը լիովին կիմասատազրկեր ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող արգելոցի և արգելավայրի պահպանությունը»

Հունիս 24,2021 12:49

Sevan Startup Summit-ի հայտարարությունը

Խոր ափսոսանքով տեղեկացնում ենք, որ այս տարի Sevan Startup Summit 2021-ը չի կայանա տարածքը չտրամադրելու պատճառով։ Մոտ երկու ամիս տևած բանակցությունների արդյունքում պետության համապատասխան գերատեսչությունները նպատակահարմար չեն համարում բոլորիդ հայտնի սամմիթի տարածքը մեզ տրամադրել միջոցառումը կազմակերպելու համար։ Մենք չենք ցանկանում մեկնաբանել պատկան մարմինների որոշումը, սակայն ներկայացվող հիմնավորումները համարում ենք առնվազն պատճառաբանություն, քանի որ մեր միջոցառման ֆորմատի մեջ նախորդ տարիների համեմատությամբ ոչինչ չի փոխվել։

Տվյալ տարածքը 2009-2019թթ. եղել է մեր թիմի իրականացրած վրանային հավաքների, իսկ 2016-2019թթ. Sevan Startup Summit-ի մշտական տարածքը։ Այդ տարիների ընթացքում այնտեղ մեր կողմից իրականացվել է բարեկարգման և մաքրման հսկայական ծավալի աշխատանք։ Մենք գնահատում ենք, որ տվյալ որոշման արդյունքում  սամմիթի չեղարկումը հարված է ամբողջ հայաստանյան ստարտափ էկոհամակարգին։ Հաշվի առնելով սամմիթի մասնակիցների աշխարհագրությունը (SSS19-ին եղել են մասնակիցներ 45 երկրից)՝ վնաս է հասցվում նաև Հայաստանին՝ որպես ստարտափները և տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության մեջ գերակա ուղղություններ հայտարարած երկրի։

Կցանկանայինք նշել, որ 2016-2019թթ. մենք հյուրընկալել ենք ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք առանց բացառության իրենց հիացմունքն են արտահայտել սամմիթի, թե՛ ֆորմատի և թե՛ բովանդակության վերաբերյալ։

Ինչևէ, Seaside Startup Suumit-ը շարունակելու է իր գործունեությունը։ Այս երկու տարիների ընթացքում սամմիթի հիմնական ձևաչափից զատ մշակվել են մի քանի այլընտրանքային ձևաչափեր՝ SSS Holidays, SSS Weekend, SSS VR, SSS Game և այլն։  Աշխարհի տարբեր ծովափնյա վայրերում սամմիթի հիմնական և նոր մշակված ձևաչափերով միջոցառումների անցկացումը այժմ քննարկվում է մեր միջազգային գործընկերների հետ տարբեր ուղղություններով՝ Ռուսաստան, ԱՄՆ, ԱՄԷ, Հնդկաստան, Արգենտինա և այլն։

Այս ընթացքում մեր գործընկերներից շատերի հետ քննարկել ենք SSS21-ի շրջանակներում համագործակցելու և միասին աշխատելու տարբերակներ։ Բավականին մեծ թվով մարդիկ գնել են մասնակցության տոմսեր։ Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը։ Տոմսերի վճարները մոտակա օրերի ընթացքում հետ կվերադարձվեն։

Կտեսնվենք սամմիթում՝ ինչ-որ տեղ մոլորակի վրա։

Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը

Ի պատասխան Seaside Startup Summit –ի կողմից տարածված հայտարարության, որում նշվում է, որ «Սամմիթի» անցկացումն այս տարի չեղարկվում է համապատասխան գերատեսչության կողմից տարածք չտրամադրելու պատճառով, հարկ ենք համարում պարզաբանել․
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից Շրջակա միջավայրի նախարարությանը հասցեագրվել է երեք գրություն։

Առաջին գրությանն ի պատասխան, նախարարությունն առաջարկել է «Sevan Startup Summit 2021» միջոցառման կազմակերպման համար դիտարկել Ծովագյուղի համայնքին հարակից պարկի հանրային լողափի կամ Դրախտիկի հանրային լողափի տարածքներ, ինչից վերջիններս հրաժարվել են և մեկ այլ գրությամբ տեղեկացրել, որ ցանկանում են այն կազմակերպել «Սևան» Ազգային Պարկի «Նորաշենի» արգելոցի անմիջապես հարևանությամբ՝ Նորաշենի արգելավայրի տարածքում։

Նորաշենի արգելոցի և արգելավայրի ստեղծման նպատակը Նորաշեն համայնքին հարակից կղզիներում թռչունների՝ մասնավորապես հայկական որորի, որպես Հայաստանում բնադրող միակ էնդեմիկ թռչունի, ինչպես նաև «Նորաշենի» արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգստի ու ապրելակերպի բնական պայմանների ապահովումն է: «Սևան» ազգային պարկի տարածքում հայկական որորը հիմնականում ձվադրում է Նորաշենի արգելավայրի և նրան սահմանակից Նորաշենի արգելոցի հարակից կղզյակներում, բնակվում է և՛ ագելավայրում, և՛ արգելոցում։ Վերջին տարիների ընթացքում (2019-2020թթ.) Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով, ինչպես նաև 2020 թվականին համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ արգելոցի և արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում թռչունների ձվադրման վայրերը փոխվել են և դրանք սկսել են ձվադրել նաև արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում: Մարդկային գործոնի ազդեցությունը նվազեցնելու արդյունքում վերջին տարիներին ավելացել են նաև չվահյուր թռչունների տեսակները և քանակը:

Կազմակերպիչները ներկայացրել են մեկ այլ գրություն, որով խնդրել են վերանայել որոշումը և կից ներկայացրել միջոցառման կազմակերպչական, նախապատրաստական և ապամոնտաժման աշխատանքների մանրամասները և ժամկետները։

Այն է՝ հրավիրված 10000 հյուրերի և այցելուների մուտքը տարածք, միջոցառման անցկացման համար նախատեսվող մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքներ (64 օր), 600 վրան, 2 բեմ, 40 բիոզուգարանների տեղադրում, ձայնային և լուսային ձևավորումներ։

Ինչին ի պատասխան նախարարությունը տեղեկացրել է որ, «Sevan Startup Summit 2021»-ի բավականին երկար տևողությամբ բազմահազարանոց միջոցառման անցկացումը լիովին կիմասատազրկի ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող արգելոցի և արգելավայրի պահպանությունը, նման ձևավորումները ամբողջովին կխաթարեն ոչ միայն այնտեղ բնադրող և բնակվող թռչունների բնականոն ապրելակերպի պայմանները, այլև կվտանգեն և կվնասեն հայկական որորի պոպուլյացիան։

Ինչպես նաև հատուկ ռեժիմով պահպանության տարածքում նման մարդկային ծանրաբեռնվածությունը կհանգեցնի հանրային բացասական արձագանքի և խնդիրներ կստեղծի ՊՈԱԿ-ի տարածքում օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների կիրառման համար՝ այլ անձանց և կազմակերպությունների արգելավայրի տարածքում հանրային միջոցառումների կազմակերպման դիմումների մերժման համար:

Սակայն հարցը ևս մեկ անգամ մանրազնին քննարկելուց հետո և հաշվի առնելով միջոցառման կարևորությունը, կազմակերպիչներին այնուամենայնիվ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է այդ վայրում անցկացնել միջոցառումը, բայց մի շարք սահմանափակումներով (գրությունը կցվում է)՝ պայմանավորված ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող՝ արգելոցային ռեժիմով և արգելավայրերի (բնության հատուկ պահպանվող տարածքների) իրավակարգավորումներով, ինչից նրանք ևս հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ շուրջ 10 հազար մասնակից ենթադրող միջոցառումն այդպիսի սահմանափակումներով հնարավոր չէ իրականացնել։

Ցավում ենք, որ կազմակերպիչները Սամմիթը չեղարկելու որոշում են կայացրել։ Ուժի մեջ է մնում միջոցառման անցկացման առաջարկը ՇՄՆ «Սևան» ազգային պարկի տնօրինման տակ գտնվող այլ վայրում, որը չունի արգելոցի կամ արգելավայրի կարգավիճակ։

Շրջակա միջավայրի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930