ԿԸՀ-ն երեկ շուրջ 70 ընտրատեղամասերում վերահաշվարկ էր իրականացնում։ Նախօրեին պարզվել էր, որ մի շարք տեղամասերում «Հայաստան» դաշինքի ձայները պակաս են գրանցվել։ Եվ սլաքներն ուղղվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու նախագահ Տիգրան Մուկուչյանի դեմ, որ նորից թվանկարչությամբ են զբաղվել։
Տ․ Մուկուչյանն ասաց, որ վերահաշվարկն ընթանում է բաց, թափանցիկ, լրագրողների, դիտորդների, կուսակցությունների ներկայացուցիչների աչքի առջեւ, եւ երբ կավարտվի, իրենք տվյալներն ամփոփ կներկայացնեն։
– Միտում չե՞ք տեսնում, որ որոշ տեղամասերում «Հայաստան» դաշինքի ձայները, ասենք, 258 են եղել, բայց գրվել է 0 ձայն, կամ այլ տեղամասերում վերահաշվարկի արդյունքում 10 անգամ ավելացել են նույն դաշինքի ձայները։
– Ես որեւէ միտում չեմ փորձում այդտեղ տեսնել, որովհետեւ բազմիցս առիթ ունեցել ենք ասելու, որ այն արդյունքները, որոնք քվեարկությունից անմիջապես հետո ստացվում են, դրանք նախնական տվյալներ են։ Նախնական տվյալները նախ ստացվում են էլեկտրոնային եղանակով, ստացվում են անմիջապես գիշերը, դրա նպատակը հանրային լիակատար թափանցիկության ապահովումն է, բայց միաժամանակ պետք է հասկանանք, որ ամբողջ գիշերվա ընթացքում մարդիկ աշխատում են, եւ հնարավոր են նաեւ տեխնիկական խնդիրներ, թերություններ աշխատանքի մեջ։ Դրա համար էլ օրենքը նախատեսել է վերահաշվարկի ինստիտուտը։
Կարդացեք նաև
– Այս վերահաշվարկը, ըստ Ձեզ, ձայների վերջնական պատկերում էական բան կփոխի՞։
– Դժվարանում եմ ասել, համենայնդեպս, մինչ այս պահը ստացված տեղեկատվությունը, որը կա, վկայում է ոչ էական փոփոխությունների մասին։ Այնուամենայնիվ, պետք է սպասենք, վերջնահաշվարկը կավարտվի, դրանից հետո կլինեն թվերը, որից հետո կկազմվի ընտրության արդյունքների արձանագրություն, կկայացվի համապատասխան որոշում, դրանից հետո նոր միայն մանդատների հաշվարկը տեղի կունենա։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: