Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը չի կարող պահել նաև իր այս խոսքը, նա ու իր թիմը, կարծես, չեն կարող ապրել առանց հայհոյախոսության, առանց վիրավորելու, առանց ագրեսիայի. «Փաստ»

Հունիս 24,2021 08:30

Հիմա արդեն, երբ Փաշինյանը «հաղթել» է ընտրություններում, որոշել է, ոչ ավել, ոչ պակաս, խոսել ատելությանը վերջ տալու, հայհոյախոսությունից հրաժարվելու և մյուս քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին։

Հրաշալի է հնչում, այնպես չէ՞: Սակայն հավատալ Նիկոլ Փաշինյանին՝ նույնն է, թե մաղով ջուր կրես աղբյուրից: Չէ՞ որ այս երեք տարվա ընթացքում Փաշինյանն, անկասկած, բազմաթիվ հնարավորություններ է ունեցել ատելության էջը թերթելու համար։ Եվ ընդհանրապես, նա երբեք, ոչ մի անգամ չի պահել իր խոսքը: Հիմա արդեն ակնհայտ է, որ Փաշինյանը չի կարող պահել նաև իր այս խոսքը, նա ու իր թիմը, կարծես, չեն կարող ապրել առանց հայհոյախոսության, առանց վիրավորելու, առանց ագրեսիայի:

Փաշինյանի ոգետոչոր հայտարարությունից ընդամենը մեկ օր անց արդեն հակառակ իրողությանն ենք ականատես լինում։ Իշխանության ներկայացուցիչները և նրանց հարող սատելիտները (հատկապես նրանք, որոնք խայտառակվեցին խորհրդարանական ընտրություններում, իսկ ընթացքում ու հետընտրական փուլում զբաղված էին ու զբաղված են իրական ընդդիմության վարկաբեկմամբ) ոչ միայն իրենց բառապաշարը չեն փոխել, այլև անցել են նոր վիրավորանքների, խայտառակ բառապաշարի, սպառնալիքների և ընդդիմության նկատմամբ «հաշվեհարդար» կազմակերպելու գործողություններին։

Մյուս կողմից՝ հարց է առաջանում. եթե իրոք հաշտության ձեռք է մեկնել Փաշինյանը, եթե իրոք ուզում է գնալ քաղաքակիրթ պայքարի ու աշխատանքի ճանապարհով, ինչո՞ւ է իշխանությունն ընտրությունների հաջորդ օրն իսկ անցել վենդետաների, որոնք դրսևորվում են իշխանության հետ իրենց տեսակետը չկիսող համայնքապետների վրա ճնշումներով, առավել ևս՝ ուժի գործադրմամբ, որպեսզի նրանք գրեն իրենց հրաժարականների դիմումները։ Փաշինյանը չի՞ հասկանում, թե՞ չի ուզում հասկանալ, որ համյանքապետներին իշխանությունները չեն նշանակում, այլ այդ մարդիկ ընտրվում են համայնքի բնակիչների քվեի արդյունքում, իսկ իշխանական սանձարձակությունները անհարգալից քայլ են առաջին հերթին ընտրողի նկատմամբ՝ նույն այն ընտրողի, որը նաև իրենց է ձայն տվել։

Մի խոսքով, իշխանությունների խոսքի և գործի միջև հակադրությունն ակնհայտ է, ինչպես ակնհայտ է եղել անցած երեք տարում։ Ընդդիմադիրներին ու ընդդիմախոսներին ճնշելը դեպի ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Համարո՞ւմ եք, որ իրոք ստացել եք 680 հազար ձայն, որ ունեք սահմանադրական մեծամասնություն:

Ընդունենք՝ այդպես է: Այդ պարագայում պարզապես հարկավոր է դադարեցնել էժանագին շոուները, հանդարտվել, փոխել բառապաշարը, դադարեցնել ագրեսիան ու անցնել գործի: Աշխատեք, տղերք, պարզապես աշխատեք: Իսկ ընդդիմությունը հենց նրա համար է ընդդիմություն, որ պայքարի ձեր դեմ, ցույց տա ձեր սխալները, եթե կան՝ նաև չարաշահումները, «օրուարև» չտա ձեզ: Ձեր խնդիրն է՝ գործով ցույց տալ, որ արժանի էիք մնալ իշխանության: Ձեր հորինած «պողպատյա մանդատը» հարկավոր է գործի դնել թշնամու դեմ և հանուն երկրի զարգացման, այլ ոչ թե սեփական երկրի քաղաքացիների դեմ՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930