Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների արդյունքով հասարակությունը մեծ հաշվով փակեց Արցախի հարցը ու այն դուրս դրեց հանրային-քաղաքական օրակարգից. «168 ժամ»

Հունիս 24,2021 09:30

Ընտրությունների արդյունքով հասարակությունը մեծ հաշվով փակեց Արցախի հարցը ու այն դուրս դրեց հանրային-քաղաքական օրակարգից։ Հիմա այդ օրակարգը շատ ավելի մեծ չափաբաժնով լցվելու է կոնսյումերիզմով՝ սպառման պաշտամունքով, որի դեպքում սպառումն ապահովող աղբյուրների պատկանելությունը լինելու է երկրորդական։

Մարդիկ ապրելու են հանո՛ւն սպառման, ավելի՛ շատ սպառման, է՛լ ավելի շատ սպառման, և կա հավանականություն, որ հաջողելու են։ Իսկ սպառման հաղթարշավում այնպիսի արժեքներ, ինչպիսիք են պետությունը, ազգային ինքնությունը, արժանապատվությունը՝ ունենալու են երկրորդական-երրորդական նշանակություն։ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվողները պարտավոր են հաշվի նստել այս իրողության հետ, այլապես ապագայում արժանանալու են շատ ավելի ջախջախիչ պարտությունների։

Իսկ այս իրողությունների հետ հաշվի նստելը ենթադրում է խորը, տքնաջան ու երկարաժամկետ աշխատանք հասարակության հետ, աշխատանք, որում անհրաժեշտաբար պետք է ներգրավվեն էլիտաները՝ սկսած մասնագիտականից մինչև քաղաքական։

Այսօրվա իրականության համակարգային պատճառներից մեկն էլ այն է, որ էլիտաներն անդառնալիորեն հեռացած են հասարակությունից, վերնախավերի ու հանրության մեջ կա մեծ խզում, անջրպետ, ինչը նշանակում է, որ այդ աշխատանքը պետք է սկսվի առաջին հերթին էլիտաներին ու հասարակությանն ինտեգրելուց։

Էլիտաներին հիմա լայն հասարակությունն ընկալում է՝ որպես դասակարգային թշնամիների, ինչում, իհարկե, դեր է խաղացել և խաղում է նաև գործող իշխանությունը, որն իր բնույթով պոպուլիստական, հակավերնախավային է և դա ներկայացնում է՝ որպես արժանիք։ Այն դեպքում, երբ իշխանությունը չի կարող լինել հակաէլիտար, որովհետև վերնախավն առաջին հերթին նոմինալ իշխանությունն է։ Անկախ իշխանությունից, սակայն, բոլոր իրական էլիտաների խնդիրը պետք է լինի հասարակության հետ աշխատանքը, որը ոչ միայն հեշտ ճանապարհ չէ, այլ սարսափելի դժվար ճանապարհ է և ամենևին ոչ երաշխավորված արդյունքով ճանապարհ։

Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930