Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարդկանց հեռու պահել թշնամանքից

Հունիս 24,2021 10:00

«Ինձ վրա թափվեցին անախորժությունները, որոնք ցանկացած հասարակական ցնցումների ժամանակ բաժին են ընկնում չափավոր մարդկանց: Ինձ ճնշում էին բոլոր կողմերից. գիբելիններն ինձ գվելֆ էին համարում, գվելֆերը՝ գիբելին»: Այդպես էր «կյանքից բողոքում» 16-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա Միշել դը Մոնտենը: Գվելֆերն ու գիբելիններն ազդեցիկ քաղաքական հոսանքներ էին, որոնք, համապատասխանաբար, հանդես էին գալիս Հռոմի պապի իշխանությունը թուլացնելու կամ ուժեղացնելու օգտին, ինչն իր հերթին միջնորդավորված կապված էր կրոնական պատերազմների հետ, երբ կաթոլիկներն ու բողոքականները իրար հազարներով կոտորում էին՝ փորձելով միմյանց եւ աշխարհին ապացուցել, թե ով է ավելի լավ քրիստոնյա, ով է ավելի բարի եւ գթասիրտ: Մոնտենը չէր միացել ճամբարներից որեւէ մեկին եւ իր հնարավորություններն ու հեղինակությունն էր օգտագործում՝ այդ երկու հոսանքների ներկայացուցիչների դիրքորոշումները հնարավորինս իրար մոտեցնելու, համենայնդեպս թշնամանքից հեռու պահելու համար: Բնականաբար, երկու կուսակցություններն էլ փիլիսոփայից դժգոհ էին մնում:

Այդպիսին, կարծում եմ, պետք է լինի ցանկացած մտավորականի դիրքորոշումը՝ մանավանդ, երբ իրավիճակը երկրում լարված է: Հատկապես 21-րդ դարի Հայաստանում, երբ պետությունը կանգնած է ծանրագույն փորձությունների առջեւ (եկեք ինքներս մեզ հետ ազնիվ լինենք) այլ կերպ հնարավոր չէ: Փաշինյանի հեղափոխությունը հիմնված էր «Սերժին մերժելու» վրա՝ հաջողվեց: Քոչարյանի հակահեղափոխությունը, կամ ռեստավրացիայի փորձը կառուցվում էր «Նիկոլին մերժելու» վրա՝ չստացվեց: Բայց անկախ հաջողության կամ անհաջողության աստիճանից, Հայաստանում հակամարտող կողմերի տրամաբանությունը հիմնված է բացասական էմոցիաների վրա:

Չեմ կասկածում, որ նրանք հիմա էլ են գործելու նույն ոգով: Փաշինյանի թիմը շարունակելու է խոսել «թալանչիներին պատժելու», «թավիշի փոխարեն պողպատ կիրառելու», «վեթինգի», «լյուստրացիայի» մասին: (Գրում եմ՝ «խոսելու է», որովհետեւ իրականում նրանք ոչ մի համակարգ, այդ թվում՝ բռնապետություն, ունակ չեն ստեղծելու): Քոչարյանի թիմը շարունակելու է քարոզչությունը «դավաճանի», «կապիտուլյանտի» դեմ, կօգտագործի ՍԴ դիմելու գործընթացը՝ կրքեր բորբոքելու եւ իր ընտրազանգվածի ատելությունը վառ պահելու համար:

Իրենց գործն է՝ կուսակցություններ են, թող պայքարեն՝ իրենց բարոյական եւ մշակութային պատկերացումների շրջանակներում: Իսկ ո՞րն է մեր՝ ներկա իշխանության բնութագրմամբ՝ «ապուշ մտավորականների» գործը: Կարծում եմ, մարդկանց համոզելն է, որ անկախ նրանից՝ նրանք նիկոլական են, թե քոչարյանական, նրանք Հայաստանի քաղաքացի են, եւ պետք է ոչ միայն հարգեն ու հանդուրժեն միմյանց, այլեւ զգան, որ բարեկամ են, եղբայր, մեկ՝ ազգային թիմի անդամ: Մենք պետք է նորմալ հարաբերություններ պահպանենք բոլոր ճամբարների ներկայացուցիչների հետ եւ փորձենք մեղմ քննադատությամբ ազդել նրանց գործողությունների վրա:

Ի դեպ, նաեւ չնեղանանք «ապուշ» բառի համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «…Ի դեպ, նաեւ չնեղանանք «ապուշ» բառի համար:»

    «…Իսկ մեր գնդապետը, աստված հոգին լուսավորի, էշի մեկն էր. գոռաց վրաս, որ ես զգաստ կանգնեմ ու ասեմ, թե ով է գրել թերթին, ապա թե ոչ, ասաց, քիթ ու մռութս կջնջխի ու բանտում կփթացնի։ Հետո էլ եկավ գնդի բժշիկը, բռունցքով խփեց քթիս ու ասաց. «Դուք նզովյալ շուն եք, դուք քոսոտ արարած եք, դուք ողորմելի անասուն եք: Սոցիալիստական անասուն»։ Իսկ ես նայում եմ ուղիղ նրանց աչքերին, աչքս չեմ թարթում ու լուռ եմ։ Աջ ձեռքս հովարիս, իսկ ձախը՝ շալվարակարիս։ Շան պես վազվզում են շուրջս, հաչում վրաս, իսկ ես՝ ոչ մի ծպտուն, լուռ եմ ու լուռ, պատիվ եմ տալիս նրանց, իսկ ձախ ձեռքս ձգել եմ շալվարակարիս ուղղությամբ։ Այդպես մի կես ժամի չափ վազվզեցին, հետո գնդապետը վազելով մոտեցավ ինձ ու հանկարծ բղավեց. «Դու ապո՞ւշ ես, թե՞ ապուշ չես»։ – «Ճիշտ այդպես, պարոն գնդապետ, ապուշ եմ»։ – «Քսանմեկ օր խիստ կալանք ապուշության համար։ Շաբաթը երկու ծոմ օր, մի ամիս առանց արձակուրդի, քսանութ ժամ ձեռքերը ոտքերին կապած։ Անմիջապես նստեցնել և ուտելու բան չտալ։ Կապկպել դրան։ Ցույց տալ դրան, որ պետությանը ապուշներ պետք չեն։ Մենք քո գլխից, շուն շանորդի, թերթերը կհանենք»,– ավարտեց գնդապետն իր ճամարտակությունը։
    Յարոսլավ Հաշեկ՝ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

  2. Կարեն says:

    Կայացած հասարակություններում, ընտրություններում հաղթած ուժը հայտարարում է, որ իր նախընտրական ծրագրերն իրականացնելիս, առաջին հերթին պետք պետք է հաշվի առնի իրեն ձայն չտված շերտի կարծիքը։ Միևնույն խնդիրների շուրջ մոտեցումների տարբերությունն է ապահովում զարգացումը։ Հուսանք մեզ էլ դա կհաջողվի։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930