Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակասահմանադրական խոչընդոտների արդյունքում զրկված ենք կենսաթոշակը ստանալու իրավունքից

Հունիս 24,2021 14:00
toshak

ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին

Հարգելի վարչապետի պաշտոնակատար, նկատի ունենալով առկա իրավական կարգավորումների անհամապատասխանությունը ձեւավորված հասարակական հարաբերություններին եւ հակասահմանադրական բնույթը, Ձեզ եմ դիմում հետեւյալ խնդրով. ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, նախքան կենսաթոշակային տարիքս լրանալն աշխատել եւ հարկեր եմ մուծել Հայաստանի Հանրապետությունում եւ այժմ ստանում եմ պետական տարիքային կենսաթոշակ:

Մասնավորապես՝ տարիներ շարունակ աշխատել եմ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի լեզուների ամբիոնում՝ որպես ֆրանսերեն լեզվի ավագ դասախոս: Հեղինակել եմ բազմաթիվ գրքեր, դասագրքեր, բառարաններ եւ այլն: Հանգամանքների բերումով այժմ բնակվում եմ Օդեսա քաղաքում, իսկ թոշակ ստանալու համար յուրաքանչյուր տարի պարտավոր եմ ներկայանալ Հայաստանի Հանրապետություն: Իհարկե, նման պահանջ սահմանված է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով, որի համաձայն՝ «Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն… կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ կամ Ազգային օպերատորին ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ Ազգային օպերատորին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է Ազգային օպերատորի միջոցով) եւ հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին»:

Այդուհանդերձ, այս պահանջը նախ չի բխում այս պահին համավարակով պայմանավորված հասարակական հարաբերություններից, քանի որ առկա է պետական սահմանի հատման ընդհանուր սահմանափակում: Բացի այդ, իմ համոզմամբ, այս պահանջը նաեւ հակասահմանադրական է: Ստացվում է, որ իմ վաստակած կենսաթոշակը ստանալու համար ես պետք է ավելի մեծ գումար ծախսեմ օդանավի տոմս գնելու համար, քան վճարվող տարեկան կենսաթոշակն է, այնինչ կենսաթոշակն իմ սեփականությունն է, իսկ սեփականությունը ստանալու համար չի կարող որեւէ ծախս կատարելու պարտականություն սահմանվել: Ավելին՝ տարիքային կենսաթոշակ վճարելը չի կարող պայմանավորված լինել Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքով, հակառակ պարագայում ստացվում է, որ կենսաթոշակի իրավունք ունեցող անձը այդ իրավունքից օգտվելու համար պետք է զրկվի իր մեկ այլ՝ ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքից եւ դա այն դեպքում, երբ տարիքային կենսաթոշակ ստանալու իրավունքը վաստակելու համար առնվազն 25 տարի իր եկամուտից գումար է վճարել պետությանը:

Դիմում եմ Ձեզ, քանի որ խնդիրը համակարգային է եւ վերաբերում է ոչ միայն ինձ, այլ պետական կենսաթոշակ ստացող եւ արտասահմանում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիներին, ովքեր արհեստական եւ հակասահմանադրական խոչընդոտների արդյունքում զրկվում են իրենց կենսաթոշակը ստանալու իրավունքից:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ խնդրում եմ միջոցներ ձեռնարկել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասը վերանայելու եւ տարիքային կենսաթոշակ վճարելու պետության պարտականությունը թոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստով չպայմանավորելու ուղղությամբ:

Լաուրա Գրիգորի ՄԱՐԿՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Փաշինյանի կառավարությունը ոչ թե պետք է նախկինների դեմ պայքարի, այլ նախկինների ժամանակ ընդունված հիմար օրենսդրական ակտերի դեմ: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի նշված հոդվածը հակասահմանադրական է, խախտում է մարդու իրավունքները և շուտափույթ վերացման կամ փոփոխման կարիք ունի: Նիկոլն անընդհատ «ժողովրդի իշխանություն» արտահայտությունն է կրկնում, դե մտածեք ժողովրդի մասին: Տիկին Մարկոսյանը շատ պարզ բացատրեց, որ արտերկրից տարին մեկ անգամ Ազգային օպերատորին կամ բանկին ներկայանալու համար թոշակառուները մոտավորապես մեկ տարվա թոշակի գումարի չափով վճարելու են օդանավով գալու և գնալու տոմսերի համար: Իսկ եթե արտերկրում ապրող թոշակառուն նաև հիվանդ է և բուժման ժախսերի կարիք ունի, ի՞նչ է անելու: Դե լուծեք այս հարցը, մինչև ե՞րբ եք հանրապետությունից դուրս ապրող ՀՀ քաղաքացիների համար թոշակների գումարները ստանալու խոչնդոտներ ստեղծելու:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930