Ասում է ճանաչված դիրիժոր, երգահան, ջութակահար, իմաստասեր, երաժշտագետ, երգիծաբան, «Շարական», «Գանձեր» երգչախմբերի
հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտը։
– Մաեստրո Դանիել Երաժիշտ, 70+5-ի շեմին եք, նշելո՞ւ եք։
– Հավերժի հետ երկխոսության մեջ բռնված մարդկանց համար ամյակները աննկատ սահում են, անցնում։ Այդպես անցան իմ առաջին տարիները…
– Դե որ հավերժի հետ այդքան լավ հարաբերությունների մեջ եք, էդ ո՞նց եք տեղավորվում տարեցույցի ժամանակի եւ տարածության մեջ։
Կարդացեք նաև
– Շատ պարզ։ Բա չե՞ք հիշում Շվեյկի «պալատական», այսինքն՝ հոգեբուժարանի ընկերը ապացուցում էր, որ երկրագնդի մեջ մի երկրագունդ եւս կա, չափսերով ավելի մեծ, քան մերը։ Այնպես որ, դժվար չէ անցումային այս շրջանում հավերժը տեղափոխել անցավորի մեջ։ Էդպես էլ ապրում ենք։
– Եթե հետադարձ հայացք ձգենք մեր ապրած-չապրած տարիներին, ինչի՞ մասին կցանկանայիք խոսել, ինչի՞ մասին լռել։
– Քանի որ հումորի ժանրը ստիպում է միայն ուրախ, զավեշտական դրվագներ պատմել, փորձեմ հիշել մի քանիսը։ Բարձրացել էի աթոռներին եւ առանց փրկապահարանի՝ պահարանի վերջին հարկից ուզում էի գիրք վերցնել։ Բայց հաստափոր մի «Նիագարա» գահավիժեց գլխիս։ Արդյունքում՝ ծունկս վնասվեց։ Փաստորեն Նյուտոնի դեպքը կրկնվեց. Աստված մի գյուտ էլ ինձ պարգեւեց, այն է՝ «Լավ է գրքերը մարդու գլխի մեջ լինեն, քան՝ գլխի վրա»։ Էդ օրվանից մինչեւ էսօր հիշյալ դեպքերը փշամատյանիս եւ գլխիս մեջ եմ պահում։
– Դե որ այդպես է՝ թերթենք փշամատյանդ։
– Խնդրեմ։ Երիտասարդ էի, ծովափում էի, մրսել էի, մտա դեղատուն. «Ձեր տված հաբերը մանկական են, մեծական տվեք»։
– Դա ձեր խելքի բանը չէ։
– Եթե ճիշտն ուզում եք իմանալ՝ դեղահաբի անունն էլ սխալ է գրված։ Նա համոզվեց եւ զարմացած հարցրեց. «Դուք դեղագո՞րծ եք»։ «Ո՛չ»։ «Բա ո՞վ եք»։ «Հայ եմ»։ «Հա, դե որ հայ եք, ամեն ինչ էլ կիմանաք»։ Տարեց հարեւանս տան հիվանդի համար շտապօգնություն զանգահարեց։ «Հիվանդի ջերմությունն ինչքա՞ն է»։ Քանի որ աչքերը լավ չէին տեսնում եւ հուզված էր, սխալմամբ պատասխանեց՝ 50 աստիճան է։
– Հարեւանդ ապարանցի՞ էր։
– Չէ, Գուրգեն ջան, արի ազգային հարցեր չշոշափենք…
– Դե լավ, հետո ի՞նչ եղավ։
– Բժիշկը հուսադրեց. «Եթե հիվանդի տաքությունը 50 աստիճան է, ուրեմն շուտով կանցնի»։
Մի ցրտաշունչ առավոտ մյուս հարեւանս հեգնանքով նկատեց. «Բա որ դու ըտենց «ակուրատնի» մարզանք ես անում, ճիշտ սնվում, կարդում ես, գրում, բա էդ ո՞նց ա, որ հիվանդանում էլ ես»։ Էդ հարցի տակից դուրս գալով մի կերպ պատասխանեցի. «Հարեւան ջան, առողջությունը կախված չէ ոչ սնվելուց, ոչ մարզվելուց, ոչ էլ խելքից»։ «Բա ինչի՞ց է,- համառեց նա»։ «Հարեւանից, լա՜վ հարեւանից»։
Ջահել էի, Ղափանում էի։ Մի օր վարսավիրին սակագնով վճարեցի, վրդովվեց. «Ա խոխա, ծծաղո՞ւմ ես իմ յրա»։ «Ես քո յրա չըմ ծծաղում, իմ յրա եմ ծծաղում, որ էս գլխիս համար տված փողս շատ էլ ա»։ Վարսավիրը գոհ ժպտաց. «Դու էդ գլխով շա՜տ հեռու կքնիս, հալալա»։
Խորհրդային տարիներին Լենինական-Գյումրիում ղեկավարում էի տեղի պետական կամերային նվագախումբը։ Քանի որ հրավիրված մասնագետ էի, ապահովել էին բնակարանով, բայց միջանցքի լինոլեումը դեռ չէին ամրացրել։ Մի քանի անգամ դիմեցի տնային կառավարչին, սակայն ապարդյուն։ Մի վերջին անգամ եւս դիմեցի. «Դուք գիտե՞ք, որ ես հայտնվել եմ Շեքսպիրի Համլետի կարգավիճակում»։ «Դրանով ի՞նչ եք ուզում ասել»։ «Ես ձեզ վերջին անգամ եմ հարցնում՝ լինոլեո՞ւմ, թե՞ չլինոլեում»։ Բառախաղս նրան դուր եկավ, քրքրջաց ու գյումրեցուն բնորոշ սրամտությամբ կողմնորոշվեց. «Լինոլեում, անպայման լինոլեում, վաղը»։ Նա խոստումը կատարեց եւ ես համոզվեցի՝ գյումրեցիներին ոչ մի զենքով չես կարող ընկճել, բացի հումորի «զենքից»։
– Դե, եթե հումորի մայրաքաղաքում եք եղել, ուրեմն ձեզ հետ զավեշտական շատ բաներ եղած կլինեն։
– Նվագախմբի փորձերից մեկի ժամանակ մի նվագակցուհու խնդրեցի ավելի արտահայտիչ նվագել՝ ձեր հնչերանգը անպտուղ է, աշխատիր ավելի զգացմունքով այն մատուցել։ Հաջորդ օրը նրա հաղթանդամ ամուսինը եկավ ու վրդովված ինձ կշտամբեց. «Ի՞նչ գործ ունեք կնոջս հետ, երկու տարի է, ինչ ամուսնացել ենք, անպտուղը ո՞րն է, ինչո՞ւ եք խառնվում մեր ընտանեկան գործերին, երեխա է, էլի, կունենանք»։ Մի կերպ բացատրեցի, որ անպտուղ ասելով՝ նկատի եմ ունեցել նրա մակերեսային կատարումը։
– Վարպետ, դուք բազմակողմանի կրթություն ստացած արվեստագետ եք, խմբավար, ջութակահար, երաժշտագետ, բայց ղեկավարում եք սակավաթիվ երաժշտախմբեր, չե՞ք ցանկանում ավելի մեծաթիվ խմբեր ղեկավարել, թե՞ բոլոր պաշտոններն զբաղված են։ Այս հարցի առիթով եկեք պարզենք՝ դիրիժոր ծնվո՞ւմ, թե՞ դառնում են։
– Ծնվել եւ դառնալու հարցին դաշնակահարների պարագայում յուրովի է պատասխանել Ֆերենց Լիստը, ասելով՝ «Դաշնակահար դառնալու համար նախ պիտի ծնվել։ Իսկ ինչ վերաբերում է դիրիժորներին, ապա մեր օրերում ոչ ծնվում, ոչ էլ դառնում են, նրանց պարզապես նշանակում են։ Այս առումով կարելի է նկատել՝ մշակույթի ասպարեզում, ինչպես մի առիթով դուք եք ասել, տեղի են ունենում ասպատակություններ։ Ավերածությունները կանխելու համար, ըստ իս, անհրաժեշտ է ստեղծել պաշտպանության նախարարություն։
– Բայց մենք շատ «ամուր, անսասան, հզոր պաշտպանության նախարարություն» ունենք, ի՞նչ կարիք կա երկրորդն ստեղծելու։
– Ի նկատի ունեմ մշակույթի պաշտպանության նախարարություն։
– Բայց ումի՞ց պիտի պաշտպանենք մեր մշակույթը։
– Միջակություններից, նեղ անձնական շահեր ունեցողներից, նրանցից, ովքեր ազգային մշակույթը խաթարելով ներմուծում են օտարոտի, խայտաբղետ բարքեր՝ մշակույթը դարձնելով ապրանք, կանչելով՝ էստի համեցեք, բալը թանկ չէ։
– Կուսակցություններն ի՞նչ կապ ունեն մշակույթի հետ։
– Հենց վտանգն էլ այն է, որ կապ չունեն, բայց խառնվում են։ Ստացվում է, որ գիտության, կրթության, առողջապահության, բնապահպանության համար էլ պիտի ստեղծել լրացուցիչ պաշտպանության նախարարություններ։
– Իսկ դուք երբեւէ եղե՞լ եք կուսակցական։
– Չեմ եղել։ Դիպուկ է ասել պոետ Վլադիսլավ Խոդասեւիչը, որը հայերիս լավ է ճանաչել, Թումանյան է թարգմանել։ Ասել է՝ «Ես միայն այն կուսակցության անդամը կլինեմ, որն արգելված է»։ Այսօր Հայաստանի անթիվ, անհամար կուսակցությունների շարքում բարեբախտաբար չկա բազմանդամ հանգուցյալների կուսակցություն, թե չէ որքա՜ն քաղաքական գործիչներ կհայտնվեին Հայաստանում։
– Վարպետ, որ էսպես սնկի նման կուսակցություններն աճում են, վերջն ո՞ւր ենք հասնելու։
– Գոնե թունավոր սնկեր չլինեն, հաշտ լինեն։ Տեղին է հիշել Գարեգին Նժդեհի նախազգուշացումը. «Ընդհանուր վտանգի ժամանակ միջկուսակցական կռիվները ազգասպանության են հավասար»։
– Բայց չէ՞ որ այդ «կուսակցություններից» բավական ներկայացուցիչներ կան բոլոր ասպարեզներում։
– Այո, հենց այդ ուրվականներից, մեռած հոգիներից, դրսի, ներսի ասպատակողներից պիտի պաշտպանենք մեր բազմաչարչար ժողովրդին։ Եվ դրա համար պիտի ապրենք, ինչպես երգում է ասվում՝ «մինչեւ հայոց գա գարուն»։
Հարցազրույցը վարեց
Գուրգեն ԼՈՌԵՑԻՆ
«Առավոտ» օրաթերթ
23.06.2021