Սկիզբը՝ այստեղ:
«Տարածքների օկուպացիայից» անցել են՝ «ականապատ տարածքների քարտեզներ՝ սահմանների ապաշրջափակման դիմաց» բանաձեւին
Բավական հետաքրքրական է հետեւելը, թե ինչ ուշագրավ խաղ է տանում մեր տարածաշրջանում պաշտոնական Անկարան՝ Ռուսաստանին ե՛ւ շողոքորթելու, ե՛ւ ռուսական ազդեցությունը զսպելու հարցում: Վերջին օրերին թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաների կողմից հաճախակիացել են ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները նոր մակարդակի բերելու մասին հավաստիացումները:
Ու դրան զուգահեռ Թուրքիայի նախագահը նաեւ ցույց է տալիս, թե Մոսկվայի հետ իր նպատակներին հասնելու ճանապարհին՝ ունակ է համաձայնությունների գալ: Ահա, անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե Մոսկվան հազիվ թե ձգձգի Զանգեզուրի միջանցքի հարցը, ավելին` տարածաշրջանում «Վեցակողմ հարթակի» ձեւավորման համար տվել է իր համաձայնությունը: «Մոսկվան նույնպես պաշտպանում է այդ գաղափարը, որը ծանրակշիռ ներդրում կլինի տարածաշրջանի զարգացման համար: Այդ միջանցքը կծառայի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի շահերին: Շուտով մենք երկկողմ հանդիպում կունենանք Պուտինի հետ»,- ասել է Էրդողանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Կովկասում «Վեցակողմ հարթակին», Էրդողանն ասել է, որ Թբիլիսին ու Երեւանը դեռ դրական ազդակ չեն ուղարկել այդ հարցում, իսկ Ռուսաստանը կողմ է նման հարթակի ստեղծմանը: «Եթե Հայաստանն ու Վրաստանը միանան նախաձեռնությանը, ապա տարածաշրջանում շատ արագ կայունություն կլինի: Թուրքիա կատարած այցի ժամանակ ես Վրաստանի վարչապետին պարզաբանել եմ այդ հարցը»,-հավելել է Էրդողանը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի տարածաշրջանում վստահության բարձրացման համար, եւ այդ ուղղությամբ առաջին քայլը կարող է լինել Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզները փոխանցելը:
Այսինքն, պաշտոնական Անկարան, որը մինչեւ ԼՂ-ում վերջին պատերազմը Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կապում էր Ադրբեջանի «տարածքների օկուպացիայի» հետ, այժմ Հայաստանի առջեւ դնում է՝ «ականապատ տարածքների քարտեզներ՝ սահմանների ապաշրջափակման դիմաց» պահանջը:
Այժմ ամենակարեւորը՝ Էրդողանը չի բացառել Շուշիում կնքված հռչակագրով Ադրբեջանի տարածքում թուրքական զինուժի ռազմակայան ստեղծելու հնարավորությունը. «Այդ տարբերակը տեղավորվում է Շուշիի հռչակագրի շրջանակներում: Խնդիրը հնարավոր է քննարկել:
Կարծում եմ` դա տեղի կունենա նաեւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում, եւ մեր բանակցությունների ընթացքում էլ կարող է քննարկվել»,- ասել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ հիմա առաջնահերթ խնդիրն է անվտանգություն ապահովել Ադրբեջանի սահմանների ողջ երկայնքով:
Այսպես, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նախագահը, ոչ ավել, ոչ պակաս, չի բացառում Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորությունը, ավելին՝ ներկայացնում է, որ այդ հարցը Մոսկվայի հետ՝ «լուծելի» հարցերի շարքում է:
Այսինքն, հիմա էլ այս հարցն է դարձել տարածաշրջանային առեւտրի թեմա. Հայաստանը պետք է համաձայնի «ականապատ տարածքների քարտեզներ» տալ, որպեսզի տարածաշրջանային ապաշրջափակման խնդիրները լուծվեն, մյուս կողմից՝ Ռուսաստանն էլ պետք է համաձայնի Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազայի տեղակայմանը:
Իրականում, թուրքական այս սանձարձակ պահվածքը իրական պատասխան է ռուսական հանդուրժողականությանը, որը դրսեւորվեց ԼՂ-ում 44-օրյա պատերազմի ընթացքում: Թուրքիան արդեն իրավունք է վերապահում հրապարակային թելադրել խաղի կանոններ Մոսկվային: Պատերազմի ժամանակ Ադրբեջանին անթաքույց աջակցություն ցուցաբերած Էրդողանն արդեն իրավական տեսանկյունից Բաքվի հետ ռազմաքաղաքական դաշինք է կնքել, հիմա մնում են վերջին «տեխնիկական հարցերը»՝ թուրքական ռազմաբազայի տեղակայումը Ադրբեջանում:
Այստեղ տեղին է վերհիշել Մոսկվայի պահվածքը հարեւան Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու ձգտումներին ի պատասխան: Մինչ այժմ, երբ Թբիլիսիից ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու մասին հայտարարություն են անում՝ Մոսկվան հաշված ժամերի ընթացքում հայտարարում է, թե թույլ չի տա իր սահմաններին մոտ ՆԱՏՕ-ական ուժերի աշխուժացումը, դա սպառնալիք է համարում՝ ընդդեմ Ռուսաստանի:
Իսկ ինչպե՞ս է Մոսկվան արձագանքում Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազայի տեղակայման ցանկություններին… Սա ուղղակի ապշեցուցիչ է: Մոսկվայում, պարզվում է, ինչպես միշտ, «ուշադրությամբ հետեւում են…»:
Ռուսաստանում առանձնահատուկ ուշադրությամբ են հետեւում Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազա տեղակայելու հնարավորությանը, օրերս հայտարարեց Կրեմլի խոսնակը։ Դա առիթ է տալիս Մոսկվային քայլեր ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար, ընդգծել է Դմիտրի Պեսկովը։ «Ցանկացած դեպքում, ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների տեղակայումը մեր սահմանների մերձակայքում հատուկ ուշադրության առարկա է մեզ համար, ինչպես նաեւ առիթ է տալիս մեզ ձեռնարկել քայլեր՝ մեր անվտանգությունն ու շահերը պաշտպանելու համար», – ասել է նա։
Իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արձագանքը զավեշտի ժանրից է: «Տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանում կարող են հայտնվել Թուրքիայի ռազմակայաններ, առայժմ խոսակցություններ են, որոնք Ռուսաստանը չի մեկնաբանելու։ Մենք չենք քննարկել այդ հարցը, եւ ասեկոսեները չենք մեկնաբանում»,-նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Եթե Թուրքիայի նախագահի կողմից ռազմաբազայի ստեղծման հրապարակային հայտարարությունն ընդամենը Մոսկվայի համար «ասեկոսե» է, ապա ինչպիսի՞ն է ՌԴ ԱԳՆ-ի գնահատականը Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների կողմից Շուշիում ստորագրված հռչակագրի տեքստի վերաբերյալ, որում մասնավորապես, նշված է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում, եւ որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան»: Այսինքն, սա ռազմաքաղաքական դաշինքի ձեւավորման հստակ փաստաթուղթ է, Մոսկվան խնդիր չի՞ տեսնում այստեղ:
Հետաքրքիրն այն է, որ ռուսաստանցի փորձագետները ահազանգում են, դժգոհում են գունավոր հեղափոխություններից հետխորհրդային հանրապետություններում, ցանկացած քայլ ներկայացնում են ընդդեմ Ռուսաստանի դավադրություն, ու հանկարծ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ղեկավարը հայտարարում է, որ Ադրբեջանում ռազմաբազա է տեղակայելու, ադրբեջանցի պաշտոնյաները հայտարարում են, որ պետք է սերտացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, ու Մոսկվան այս ամենը դիտարկում է՝ «ասեկոսեների» դաշտում:
Թուրք-ադրբեջանական դաշինքը 44-օրյա պատերազմում կռվեց Արցախի դեմ, ՀԱՊԿ-ական Հայաստանին այդ դաշինքը չաջակցեց անգամ մի քանի տողանոց հայտարարությամբ, մեկ ամսից ավելի չեն դատապարտում Ադրբեջանին՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման համար, ու այսքանից հետո զարմանալի՞ է, որ Թուրքիան արդեն լծվում է Ադրբեջանում ռազմաբազայի տեղակայմանը… Ամենեւին:
Պարզապես ռուսաստանյան քարոզչամեքենայի գիգանտները հետխորհրդային երկրներում արեւմտյան ուժերի ձեռքն ամեն ինչում տեսնելուց առաջ, վատ չէր լինի, եթե գնահատեին Կրեմլի հանդուրժողական քաղաքականությունը մեր տարածաշրջանում՝ ի պատասխան թուրքական զավթողական քաղաքականության եւ փորձեին դրա պատճառները գտնել ու վերհանել: Գուցե այդ ճանապարհին նրանք ավելի ուշագրավ պատճառներ պարզեին:
Ի դեպ, արձանագրենք նաեւ, որ մինչեւ 44-օրյա պատերազմը՝ ոչ պաշտոնական Բաքուն, ոչ էլ Անկարան Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազա տեղակայելու հնարավորության մասին բառ անգամ չեն ասել: Դեռ ավելին՝ պաշտոնական Մոսկվան էր պարբերաբար Ադրբեջանին հրապարակային «հրավերներ» ուղարկում՝ ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին անդամակցության մասին, որին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները Մոսկվայի այդ կոչերը դիվանագիտորեն «ցրում» էին:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.06.2021