Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հասարակ» դատերին քննիչներ ու դատախազներ դատարաններում չենք տեսնում

Հունիս 24,2021 14:30

Դուք պատկերացնո՞ւմ եք մի քրեական գործ, որտեղ անձին մեղադրանք է առաջադվում ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով՝ «պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու համար» եւ տուժող չի ճանաչվում մինչ վարույթը կարճելու որոշման պահը:

Շենգավիթ վարչական շրջանի «Պատանեկության ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի խմբավարներ Հասմիկ Խաչատրյանը, Սոֆյա Հանյանը, նկարչության խմբակի ղեկավար Վահրամ Կաթրջյանը հանցագործության մասին հաղորդումով դիմել էին իրավապահներին: Հաղորդում տված երեք աշխատակիցների բողոքները՝ քրեական հետապնդում չիրականացնելու եւ կարճելու մասին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի եւ դատախազի որոշումների դեմ, քննվում են տարբեր դատավորների մոտ՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:

Ըստ հաղորդման, 2011թ. հետո Խաչատրյանը, Հանյանը, Կաթրջյանը օգոստոս ամսվա համար աշխատավարձ չեն ստացել, իսկ վերջին երկու տարվա ընթացքում վարձատրվել են մասամբ: Կենտրոնի տնօրենը 2010թ.-ից Նարինե Արամյանն է: Վ. Կաթրջյանը կենտրոնում աշխատում է 1980թ. սեպտեմբերի 1-ից: Նա պայմանագիր է կնքել նախկին տնօրենի օրոք: Նրա խոսքով՝ Ն. Արամյանի հետ ինքը պայմանագիր չի կնքել:

Նախկին տնօրենի օրոք աշխատավարձ է ստացել 71 հազար դրամի չափով, իսկ Արամյանի օրոք՝ աշխատավարձը սկսել են վճարել ժամավճարով, այսինքն՝ նվազել է աշխատավարձը: Կենտրոնում պարապմունքներ են անցկացրել շաբաթը 2 անգամ, 9 ակադեմիական ժամով, ապահովելով շաբաթվա ընթացքում 18 ժամ դրույքաչափը, որի համար նախատեսվում է 14-21 երեխա (հունիսի 9-ի «Առավոտում» սխալմամբ թիվը գրել էի 14-18), 7 երեխան՝ 1 խումբ: 1 ակադեմիական ժամը 30 րոպե է, այսինքն՝ յուրաքանչյուր անգամ չորս ժամ:

Իրավապահներին հաղորդման մեջ հայտնել էին, որ օրինակ, 2017թ.-ին Հասմիկ Խաչատրյանին աշխատավարձի վերաբերյալ տրված տեղեկանքում աշխատավարձի չափը չի համապատասխանում իրականում ստացված աշխատավարձի չափին: Վիճարկվող ժամանակահատվածում, ըստ զրուցակցիս, օգտագործվել են տարբեր կնիքներ՝ երեքից-չորս, պայմանագրում կասկած է հարուցել մյուս բողոքաբերի՝ Հանյանի ստորագրությունը: Անցյալ տարի փետրվարի 16-ին հարուցվել էր քրեական գործ, իսկ այս տարվա փետրվարի 21-ին հանցակազմի բացակայության հիմքով որոշում է կայացվել Նարինե Արամյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել եւ վարույթը կարճել:

Հունիսի 17-ին Շենգավիթի նստավայրում դատավոր Ռ.Պապոյանի նախագահությամբ շարունակվեց «Պատանեկության ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի նկարչության խմբակի ղեկավար Վահրամ Կաթրջյանի բողոքի քննությունը: Դատարան էր ներկայացել նրա ներկայացուցիչը՝ Ֆ. Սարգսյանը, իսկ քննիչը եւ դատախազը, ովքեր պատշաճ ծանուցվել էին, ինչպես նախորդ անգամ, դատարան այդպես էլ չներկայացան: Ի դեպ, դեռ չեմ հիշում նմանատիպ «հասարակ» գործերով, մասնավորապես՝ ուսուցիչների, երբ դատախազ կամ քննիչ ներկայանան, տպավորությունս այն է, թե նրանք միայն «հնչեղ» գործերով՝ օլիգարխներ, պատգամավորներ, չինովնիկներ, դատերով են մասնագիտացված:

Դատավորը տեղեկացրեց. «Քննիչը եւ դատախազը չներկայանալու պատճառների վերաբերյալ դատարանին տեղեկություններ չէին հայտնել»:
Դիմողի ներկայացուցիչը հայտնեց, որ «իր մոտ առկա է կարճված քրեական գործի թվայնացված տարբերակը, որը ուղարկել է դատարանի էլեկտրոնային հասցեին»:

Դատարանը խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, որով հաստատեց, որ նախաքննությունն իրականացնող մարմինը Վահրամ Կաթրջյանին գործի նյութերին ծանոթացնելու մասով թույլ է տվել խախտում:

«Առավոտին» Վ.Կաթրջյանն ասաց, որ հանդիսացել է տնօրենի դեմ քրեական գործի համար առիթ հանդիսացած հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձանցից մեկը: «Այս տարվա փետրվարի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի ավագ քննիչ Ա. Բարսեղյանը գործով կայացրել է որոշում՝ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին: Այդ որոշումն իմ բնակավայրի փոստային գրասենյակ չի հասել, հասցեիս անհամապատասխանության պատճառով, ուստի այն ստացել եմ քննիչից՝ անձամբ նրա մոտ գնալով»: Ըստ Վ.Կաթրջյանի, քննիչը չի իրականացրել օբյեկտիվ քննություն, իրեն տուժող չի ճանաչել մինչեւ վարույթը կարճելու մասին հայտնի որոշման պահը:

Ուշադրության արժանի է այն, որ հանցագործության մասին հաղորդում տված անձինք լրացուցիչ դիմել էին ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն, որն էլ գրությամբ դիմել էր Շենգավիթի քննչական բաժնի պետին՝ «տուժող չճանաչելու հարցադրմանն առնչվող մասով քննարկման համար»: Մինչդեռ, վաղուց տուժողը «հարցադրում» չէ, այլ «կարգավիճակ» եւ այդ մոտեցմամբ առաջնորդվելու դեպքում հարցը չէր հասնի դատարան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Ինչպես արդեն տեղեկացրել էի, 17 ուսուցիչներ, ծնողներ նամակ էին ուղարկել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ «Պատանեկության ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի դեմ՝ «տնօրենին ոչ վայել վարվելակերպի վերաբերյալ»: Ըստ այդ նամակի՝ տնօրենը սաների եւ նրանց ծնողների ներկայությամբ, կենտրոնի վաստակաշատ ուսուցիչների նկատմամբ ոչ ադեկվատ, խտրական վերաբերմունք ունի:

«Առավոտ» օրաթերթ
23.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930