Կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն: Ամռանը աճում է նաև աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը, ինչը պայմանավորված է վարակիչ հիվանդությունների փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար նպաստավոր կլիմայական պայմաններով, ինչպես նաև արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն և այլն) բացօթյա և այդ նպատակի համար չնախատեսված վայրերում վաճառքի իրականացմամբ: Առավել բարձր ռիսկի գործոն է սննդամթերքի բացօթյա պատրաստումը և վաճառքը, որի դեպքում չի բացառվում սննդամթերքի մանրէային երկրորդային աղտոտումը, ինչը կարող է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, սալմոնելոզ, շիգելոզ, իերսինիոզ և այլն) և սննդային թունավորումների առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ:
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.
հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվացվել, սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո ձեռքերը լավանալ օճառով,
սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,
ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,
չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն,
բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի աղտոտումից կանխելու նպատակով,
առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),
սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն