Aravot.am-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում ընտրակաշառք բաժանելու կասկածանքով: Մասնավորապես ըստ այդ տեղեկությունների՝ հունիսի 19-ին՝ ժամը 21.20-ին, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությունից ահազանգ է ստացվել, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ Հայանիստ գյուղում ոմն Ս.Թ.-ն, գյուղապետը և Ա. Գ.-ն կաշառք են բաժանում Ռոբերը Քոչարյանի համար:
Ոստիկանությունը պարզել է այդ անձանց ինքնությունը՝ Ս. Թ (Հայանիստ համայնքի բնակիչ), Ա. Գ. (Հայանիստ համայնքի բնակիչ), Բ. Ս. (Հայանիստ համայնքի ղեկավար):
Արարատի մարզի դատախազի բանավոր ցուցումով՝ նյութեր են նախապատրաստվում,՝ ՀՀ քր. դատ. օր. 180-181-րդ հոդվածի կարգով:
Aravot.am-ը այս տեղեկությունների առիթով փորձեց պարզաբանում ստանալ «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանից, նա ասաց. «Տիտանական ապօրինություն է տեղի ունեցել, առողջական խնդիրներ ունեցող անձին են կալանավորել՝ պարոն Չարչյանին: Թույլ տվեք հիմա զբաղվել այդ հարցով: Այդ մասին կզրուցենք վաղը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ