Հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից, այսպես ասած՝ ամենահարուստը «Քաղաքացիական պայմանագիրն է», ամենաաղքատը՝ «Վերելքը»։
Կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների մուտքերի եւ ելքերի մասին հաշվետվության համաձայն, «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատարն է, այս կուսակցության ե՛ւ մուտքերն են ամենաշատն, ի տարբերություն այլ ուժերի, ե՛ւ ելքերը՝ ծախսերը։ ՔՊ-ի նախընտրական հիմնադրամին այս տարվա հունիսի 19-ի դրությամբ մուտք է եղել 476 միլիոն 834 հազար 936 դրամ, կուսակցությունն այս գումարը գրեթե ամբողջությամբ ծախսել է, ամբողջ գումարից մնացել է ընդամենը 1 միլիոն 910 հազար դրամ։
Նախընտրական պայքարում հիմնադրամի մուտքի եւ ելքի համեմատականով ՔՊ-ից հետո հաջորդը «Հայաստան» դաշինքն է՝ 330 միլիոն 885 հազար 760 դրամ, այս քաղաքական ուժն էլ գրեթե ամբողջ գումարը ծախսել է, հիմնադրամի հաշվի մնացորդը կազմում է ընդամենը 29 հազար 110 դրամ։ Հետո «Պատիվ ունեմ» դաշինքն է՝ 274 միլիոն 36 հազար 700 դրամ, այս ամբողջ գումարից «Պատիվ ունեմ»-ի հիմնադրամի հաշվին մնացել է 2 միլիոն 279 հազար 431 դրամ։
Նախընտրական հիմնադրամներից ամենաաղքատը «Վերելք»-ն է, այս ուժի նախընտրական հիմնադրամի եղած-չեղած գումարն 91 հազար դրամ է եղել, ամբողջ ծախսն էլ՝ նույնքան։
Կարդացեք նաև
Նշենք, որ ըստ Ընտրական օրենսգրքի, նախընտրական հիմնադրամների ծախսերի թույլատրելի առավելագույն շեմը 500 միլիոն դրամ է։
Aravot.am-ն առանձնացրել է այն կուսակցությունների եւ դաշինքների հիմնադրամները, որոնց մուտքերը գերազանցել են 20 միլիոն դրամը։
Արտահերթ ընտրություններին մասնակցած 10 քաղաքական ուժերի հիմնադրամների տվյալներին ծանոթացեք ինտերակտիվ գրաֆիկի օգնությամբ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ