«Ոչ մի տեղեկություն չունեմ: Կարծում եմ՝ պետք է սպասել, երբ գործը կավարտվի»,- Aravot.am-ի փաստմանը՝ մեր տեղեկություններով՝ 29/20 ընտրատեղամասից թիվ 3 քվեաթերթիկը ընտրատեղամասից դուրս բերելու համար ուղղորդելու կասկածանքով՝ ձերբակալված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյան քաղաքի մասնաճյուղի շտաբի պետ՝ Գ. Կ.-ն, այսպես արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդվել է Ս. Պ-ի կողմից թիվ 29/20 ընտրատեղամասից թիվ 3 քվեաթերթիկը ընտրատեղամասից դուրս բերելու փորձ կատարելու մասին: Մեր տեղեկություններով՝ պարզվել է, որ նրան ուղղորդել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյան քաղաքի մասնաճյուղի շտաբի պետ Գ. Կ-ն:
Այժմ Ս. Պ-ն և Գ.Կ-ն ձերբակալված են և գտնվում են Կոտայքի բաժնի ՁՊՎ-ում:
Արման Աբովյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի: Իսկ ընտրախախտումների մասին ասաց. «Եթե խոսքը ընտրախախտումների մասին է, ընտրախախտումների մասին խոսք անգամ գնալ չի կարող: Հնարավոր է, ենթադրում եմ՝ ինչ-որ թյուրիմացություն է եղել. չեմ կարող ոչ մի բան ասել այս պարագայում: Մեզ համար սկզբունքային էր և կա ու կմնա, որ այս և բոլոր ընտրությունները լինեն առանց ընտրախախտումների»: Մեր փաստմանը, բայց ԲՀԿ-ի շտաբի պետի անունն է շոշափվում, իսկ դուրս բերված քվեաթերթիկն էլ ՔՊ-ինն է եղել և հարցին՝ չի՞ վախենում, որ շահարկումներ կլինեն, թե ԲՀԿ-ն այսպես ասած՝աշխատել է ՔՊ-ի օգտին, Արման Աբովյանն այսպես արձագանքեց. «Չեմ մեկնաբանում, քանզի չեմ տիրապետում բոլոր տեղեկություններին, բայց կարող եմ մեր դիրքորոշումներն ասել առ այն, որ ԲՀԿ-ն միշտ հանդես է գալիս շատ պարզ մի գաղափարի շուրջ, որ ոչ մի ընտրակեղծիք և ոչ մի բան չպետք է լինի»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՔՊ-ի համար «աշխատելու» հնարավոր շահարկումներին՝ Արման Աբովյանն ասաց. «Լկտիությունը և սուտը ցավոք դարձել են հայկական իրականության թրենդներից: Թող վախենան նրանք, որոնք այդ սուտը տարածում են, քանի որ եթե հանկարծ ինչ-որ մեկի մտքով նման բան անցնի, միանշանակ պատասխան են տալու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ