Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդության որոշումը․ Արմեն Չարչյանը կալանավորվեց 1 ամսով։
Հիշեցնենք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, որը նաեւ «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է, մեղադրվում է կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերեւույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում եւ գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։
Արմեն Չարչյանի շահերի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ դատարանը գտել է, որ ազատության մեջ մնալու դեպքում գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը բարձր է․ «Գտնում ենք, որ այդ որոշումը ոչ իրավաչափ է, անհիմն։ Բողոքարկելու ենք։ Եւս մեկ անգամ ընդգծվեց, որ պարոն Չարչյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Մենք շատ փաստարկներ ենք ներկայացրել դատարանին, որ սա առհասարակ օրինական մեղադրանք չէ։ Քրեական գործ հարուցելու «օրինական» առիթ է հանդիսացել «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքի հրապարակված ձայնագրությունը։ Քանիցս ասել ենք, որ քրեական գործ հարուցելու օրինական առիթ կարող է հանդիսանալ բացահայտված աղբյուրից ձեռքբերված տեղեկատվությունը։ Անանուն հաղորդումը որպես քրեական գործ հարուցելու օրինական առիթ չի կարող հանդիսանալ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ