Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը տեղյակ չէ՞ր, որ Աջափնյակում զինված բանդա է գործում. Հայկ Մարությանի հայտարարությունից հետո Մաշտոցի բաժինը նյութեր է նախապատրաստում

Հունիս 23,2021 17:02

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ Աջափնյակում զինված բանդայի կողմից կրպակների ապօրինի շինարարության վերաբերյալ հայտարարությունից հետո դատախազությունը ուսումնասիրություն է սկսել եւ գործն ուղարկվել է Մաշտոցի բաժին, որտեղ նախապատրաստվում են նյութեր: Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության՝ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի ղեկավար Զարզանդ Գաբրիելյանը։

Հիշեցնենք՝ երեկ Երեւանի ավագանու նիստի ժամանակ, ի պատասխան ավագանու անդամների մտահոգությունների, որ Աջափնյակ համայնքում կանաչ տարածքներ են ոչնչացվում եւ ապօրինի կրպակաշինություն է տեղի ունենում, Հայկ Մարությանը նշել էր, որ այդտեղ զինված բանդա է գործում եւ կրպակները տեղադրվում են գիշերով, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ: Քաղաքապետը հայտնել էր նաեւ, որ զինված բանդան վտանգել է նաեւ քաղաքապետարանի աշխատակիցների կյանքը։

Պարոն Գաբրիելյանից հետաքրքրվեցինք՝ քաղաքապետը մինչ հայտարարությունը դիմե՞լ է ոստիկանություն՝ զինված բանդայի առնչությամբ եւ արդյոք ոստիկանությունը տեղյա՞կ է եղել ապօրինի կրպակների տեղադրման գործընթացից, քանի որ, ըստ քաղաքապետի, ոստիկաններ են հսկել այդ գործընթացը: Մեր հարցին ի պատասխան, պարոն Գաբրիելյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ Հայկ Մարությանը չի դիմել մինչ հայտարարությունը, որովհետեւ դատախազությունը երեկ է սկսել այդ խնդրով զբաղվել՝ քաղաքապետի՝ հրապարակային հայտարարությունից հետո:

Ինչ վերաբերում է այն ոստիկաններին, որոնք ներկա են եղել կրպակները տեղադրելիս, Զարզանդ Գաբրիելյանն ասաց, բոլոր այդ գործողությունների վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ գիշերը Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան եւ Հասրաթյան փողոցներում մի շարք կրպակներ ապամոնտաժվել են: Մեր հարցին՝ ավագանու անդամների մատնանշած հասցեներում նույնպե՞ս ապամոնտաժվել են կամ՝ նախատեսվո՞ւմ են, Հակոբ Կարապետյանն ասաց, որ ապօրինի կրպակների քանդման գործընթացը շարունակական է լինելու եւ այնպես չէ, որ ապօրինի կրպակները սկսեցին քանդել ավագանու անդամների կողմից խնդիրը բարձրաձայնելուց հետո. «Ավագանու նիստում հնչած հայտարարությունները, ըստ էության, որեւէ կերպ ո՛չ խթանել են, ո՛չ էլ առավել եւս պատճառ են հանդիսացել այդ գործընթացի համար: Այդ գործընթացն օրեր առաջ մանրամասն ծրագրել են, իրավական հենքն են մշակել եւ երեկ արդեն իրագործել»:

Հակոբ Կարապետյանի կարծիքով, քաղաքապետի հայտարարությունից առաջ էլ ոստիկանությունը, այդ առումով, որոշակի տեղեկությունների տիրապետել է. «Քաղաքապետարանն ու իրավապահ մարմիները պարբերաբար, շատ թեմաներով միմյանց հետ շփման մեջ են»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930