Այսօր Գյումրիի կայարանամերձ հրապարակում գտնվող «Հայփոստ»-ի գլխավոր մասնաշենքում բացվեց հանրային ծառայությունների միասնական գրասենյակ, որի գործարկմամբ բնակիչներին հասանելի կլինի շուրջ 110 ծառայություն՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետական եկամուտների կոմիտեի, կադաստրի կոմիտեի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտներում:
Պաշտոնական այս միջոցառմանը մասնակցում էին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը և այլք։
Կարդացեք նաև
Aravot.am-ը Տիգրան Ավինյանին հարցրեց՝ ի՞նչ գնահատական կհնչեցնի Օձունի համայնքապետին Լոռու մարզպետարանի շենքում ծեծի ենթարկելու մասին և արդյոք այս դեպքը չի՞ հակասում արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած կուսակցության՝ երկրում հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտի ստեղծման մասին հայտարարությանը։
Տիգրան Ավինյանն ասաց․ «Անկեղծ ասած՝ ես այսօր առավոտյան եմ տեղեկացել նման դեպքի մասին, մանրամասներին տեղյակ չեմ։ Ես կարող եմ վերահաստատել 2018 թվականից մեր կողմից բռնության անթույլատրելիության վերաբերյալ սկզբունքը։ Այդ սկզբունքը չի փոխվել, նույնիսկ այս ընտրություններից հետո ու քանի որ դեպքի մանրամասներին տեղյակ չեմ, ավել բան չեմ կարող ասել»։
Մեր այն հարցին էլ, թե քաղաքական այլ հայացքների ունեցող աշխատակիցների պաշտոնազրկումը կվերանայե՞ն, Տիգրան Ավինյանն ասաց․«Շատ կարևոր է, որպեսզի հասկանանք, որ պաշտոններին ինչ քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ պետք է լինեն։
Քաղաքական պաշտոններին պետք է լինեն քաղաքական մարդիկ, որոնք ունեն այնպիսի քաղաքական հայացքներ, ինչպիսին կառավարող քաղաքական ուժինն է։ Որովհետև շատ կարևոր է, որ քաղաքական պաշտոնների մարդիկ նույն ուղղությամբ տանեն պետական համակարգը և քաղաքականությունը մշակեն այն ուղղությամբ, որի մանդատը կառավարող ուժը ստացել է։ Եվ այստեղ կարծում եմ շատ կարևոր է հասկանալ՝ որ պաշտոնների մասին է խոսքը գնում։
Եթե խոսքը գնում է քաղծառայողների մասին, որը պրոֆեսիոնալ գործունեություն է և չի ենթադրում քաղաքական հայացքներ ունենալ, նույնիսկ օրենքով չի ենթադրում, համոզված եմ՝ այդտեղ միայն պրոֆեսիոնալիզմն է լինելու սկզբունքը, որի հիման վրա պիտի ընտրվեն այդ ծառայողները և առաջխաղացում ունենան, իսկ քաղաքական պաշտոններին պիտի նշանակվեն քաղաքական մարդիկ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ