Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակով վարչապետի թեկնածու առաջադրված Տիգրան Արզաքանցյանը նույնպես հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք, նախօրեին կայացած հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանը համագործակցության ձեռք էր մեկնել քաղաքական դաշտի դերակատարներին: Մի մասն արդեն ընդունել է հրավերը եւ մի շարք հանդիպումներ կայացել են, մասնավորաբար, Սամվել Բաբյանի, Արման Բաբաջանյանի, Արամ Զ. Սարգսյանի, Սուրեն Սահակյան, Լեւոն Շիրինյանի, Նորայր Նորիկյանի, Էդմոն Մարուքյանի, Տիգրան Ուրիխանյանի եւ այլոց հետ:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքներում չեն հավատում Նիկոլ Փաշինյանի անկեղծությանը:
Կարդացեք նաև
![](https://www.aravot.am/wp-content/uploads/2021/06/Aram-Sargsyan-Tigran-Arzakancyan.jpg)
«Հուշագրի» ստորագրման արարողությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և «Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամի» նախագահ Տիգրան Արզաքանցյանի միջև
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ իրենք ստացե՞լ են հանդիպման եւ համագործակցության հրավեր, արդյոք Տիգրան Արզաքանցյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ նշանակում է, որ ՀԴԿ-ում պատրաստ են բռնել մեկնված ձեռքը:
Արամ Սարգսյանը պատասխանեց, որ հրավեր ստացվել է, որը կուսակցության նախագահի՝ իր անունով է: Բայց հրավերն ընդունել-չընդունելու հարցը իրենք կքննարկեն եւ կորոշեն վաղը՝ կուսակցության նախագահության նիստում. «Համագործակցելու որոշում չունենք: Մեզ մոտ որոշումներն ընդունվում են կոլեգիալ»:
Իր՝ Արամ Սարգսյանի գնահատմամբ, իրենք չեն կարող մեկ օրում 180 աստիճանով փոխել իրենց մոտեցումները եւ գործող իշխանության հետ համագործակցելու որոշում կայացնեն: Նման կարեւոր որոշումների հիմքում, ըստ մեր զրուցակցի, պետք է լինի ոչ թե խոսքը, այլ գործը եւ եթե ժամանակի ընթացքում իրենք տեսնեն, որ հանրային համախմբման, պետության առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ իրական գործնական քայլեր են արվում, իրենք կվերանայեն մոտեցումները:
Ինչ վերաբերվում է Տիգրան Արզաքանցյանի հանդիպմանը, Արամ Սարգսյանն ասաց, որ դա մասնավոր հանդիպում է եւ որքան տեղյակ է` Տիգրան Արզաքանցյանը կառավարությունից հանդիպման մասնավոր հրավեր է ստացել: «Կուսակցության անունից որեւէ մեկը արտոնված չէ նման հանդիպման»,- ասաց Արամ Սարգսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ