Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժի մեջ է մտել որոշում, որով Նևադա նահանգի դպրոցներում կդասավանդվի Հայոց ցեղասպանության մասին. ՀՅԴ Հայ դատի գրասենյակների կատարած աշխատանքների ամփոփագիր

Հունիս 23,2021 16:34

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված հիմնական աշխատանքների

Ամփոփագիր

Մայիսի 23-հունիսի 23, 2021 թ.

 ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի հանձնախմբերի ու գրասենյակների գործունեության ամփոփագրեր, որոնք լրատվամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրույթներին հնարավորություն են տալիս կենտրոնացված և հավաստի տեղեկատվություն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունեության վերաբերյալ, իրազեկ լինել սփյուռքի քաղաքական գործունեության ընթացիկ արդյունքներին  և առաջադրված խնդիրներին։

Նախորդ ամփոփագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերի արդյունքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տասնյակ անդամներ միացել են Դեյվիդ Վալադաոյին և Կոնգրեսի հայկական խմբի ղեկավարներին` Բայդենի վարչակազմին կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին տրվող ամերիկյան ռազմական օգնությունը, որն ուղղակիորեն և անուղղակիորեն նպաստում է Ադրբեջանի ռազմական գործողություններին և այդ երկրի ռազմական կարողությունների բարձրացմանը: Մայիսի 24-ով թվագրված, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակը ստորագրող կոնգրեսականները կոչ են անում անհապաղ դադարեցնել Ալիևի կոռումպացված ռեժիմին ԱՄՆ-ի ռազմական և անվտանգային օգնության բոլոր տեսակների տրամադրումը: Կոնգրեսականները մտահոգություն են հայտնում նախագահ Բայդենի կողմից «907-րդ բանաձևի» պահանջների կատարումից հրաժարվելու կապակցությամբ։

Մայիսի 25-ին հանձնախումբը տեղեկացրեց, որ նախագահ Բայդենի վարչակազմն առաջարկում է մոտ 24 մլն ԱՄՆ դոլարի չափով հետպատերազմյա օգնություն տրամադրել Հայաստանին: Միացյալ Նահանգների նախագահի ներկայացրած տարեկան բյուջեում նշված չէր Արցախի Հանրապետության մասին: Մինչդեռ, ամերիկացի սենատորների ու կոնգրեսականների երկկուսակցական խումբը մի քանի անգամ վարչակազմին կոչ է արել առնվազն 100 մլն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին և Արցախին:

Այս առիթով, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Ամերիկյան կառավարությունը գտել է միջոցներ նավթով հարուստ Ադրբեջանին 120 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու համար, այդուհանդերձ առաջարկում է այդ գումարի միայն մի մասը ադրբեջանական բանակի կողմից ոչնչացված և տեղահանված արցախյան ընտանիքների համար: Կոնգրեսը պետք է զրոյացնի ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Բաքվին և օգնության փաթեթ ուղարկի Արցախ և Հայաստան»։

Մայիսի 27-ին, Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբը, անդրադառնալով ադրբեջանական ԶՈւ-ի կողմից Գեղարքունիքի մարզում հայ զինծառայողների գերեվարմանը, ԱՄՆ Կոնգրեսին նորից կոչ է արել  դադարեցնել ամերիկացիների հարկերի հաշվին ադրբեջանական բանակի ֆինանսավորումը։

Արդեն հունիսի 9-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները Բայդենի վարչակազմից պատասխան են պահանջել Ադրբեջանին օժանդակելու և հայ ռազմագերիների հարցերով։ 2022 թ. ֆիսկալ տարվա համար ԱՄՆ արտաքին օժանդակության բյուջեի նախագծի լսումների ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները և հայկական հարցերով հետաքրքրված սենատորները, մասնավորապես հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, Բարբարա Լին, Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հարցեր են ուղղել՝ Սպիտակ տան վարչակազմի կողմից «907-րդ բանաձևի» կատարումից հրաժարվելու, Ադրբեջանին օժանդակություն տրամադրելու և հայ ռազմագերիների խնդիրների վերաբերյալ։ Բարձրաձայնվել են նաև Թուրքիայի՝ հարևան բոլոր տարածաշրջաններն ապակայունացնող քաղաքականության և այդ երկրում մարդու իրավունքների համատարած խախտումների, մասնավորապես լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունների հարցերը։ Մենենդեսը հետաքրքրվել է, թե ինչ է անում Վաշինգտոնը՝ «էրդողանական Թուրքիային հակազդելու համար»։

Լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ, սենատոր Մենենդեսը, մասնավորապես, ասել է, որ ինքը հիասթափված է վարչակազմի կողմից «907-րդ բանաձևի» պահանջների հրաժարումից այն բանից հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Մենենդեսը նկատել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և գերիներին անօրինաբար պահելու ետնապատկերի վրա, վարչակազմի կողմից «907-րդ բանաձևից» հրաժարումը, Բաքուն կարող է դիտել որպես «կանաչ լույս՝ անպատիժ գործելու համար»։

Հունիսի 14-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը միացել է «Ի պաշտպանություն Քրիստոնյաների» կազմակերպության և Ամերիկահունական ղեկավար խորհրդի հայտարարությանը, որով  նախագահ Բայդենից պահանջվում է ստիպել Էրդողանին դադարեցնել Ադրբեջանի զինումը, ինչպես նաև դադարեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը։

Հայ դատի Ամերիկայի Արևմտյան ափի հանձնախումբ

Անցնող մեկ ամսվա ընթացքում կարևոր ձեռքբերումներ է գրանցել նաև ԱՄՆ Արևմտյան ափի Հայ դատի հանձնախումբը:

Մայիսի 25-ին Կալիֆորնիայի նահանգային սենատը ընդունեց մի որոշում, որով Կալիֆորնիայի պետական պաշտոնյաների և ուսուցիչների կոնսաթոշակային կուտակային միջոցները պետք է դուրս հանվեն թուրքական ֆոնդերից։ Հաշվի առնելով Կալիֆորնիայի հսկայական տնտեսությունը, նման որոշումը տնտեսական լուրջ հարված է Թուրքիային։

Հունիսի 2-ին, Նևադայի նահանգապետի ստորագրությամբ, ուժի մեջ է մտել Հոլոքոստի և ցեղասպանությունների դասավանդման վերաբերյալ որոշում, որով նահանգի դպրոցներում պատշաճ կերպով կդասավանդվի նաև Հայոց ցեղասպանությունը։

Եվրոպա

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը 2021թ․ ապրիլի 22-ին նամակ էր հղել Եվրոպական Խորհրդարանի նախագահին, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ Բարձր Հանձնակատարին և ԵՄ Հանձնաժողովի նախագահին՝ առաջարկելով ապրիլի 24-ը ներառել Եվրոպական Միության պաշտոնական տոնացույցում, որպես Հայոց Ցեղասպանության զոհերի  ոգեկոչման օր։

Մայիսի 25-ին Հայ դատի Եվրոպայի գրասենյակը պաշտոնական պատասխան է ստացել Եվրոպական Խորհրդարանից  և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունից։

Եվրոպական Խորհրդարանից ստացվել է բավական դրական պատասխան, որտեղ հստակ շեշտվում է, որ Խորհրդարանը շարունակում է հանձնառու մնալ Հայոց ցեղասպանության ճանաչման և ոգեկոչման իր դիրքորոշման մեջ, որն արտահայտվել է դեռևս 1987 թվականից։ Պատասխան գրության մեջ նաև նշվում է, որ զոհերի հիշատակումը և պատշաճ ոգեկոչումը կարևոր նշանակություն ունի անցյալի դասերի սերտման և ավելի լավ ապագայի կառուցման համար։ Եվրոպական Խորհրդարանի նախագահի անունից, պատասխան գրությունը ստորագրել է Հարավային Կովկասի երկրների հետ ԵԽ պատվիրակության ղեկավար Մարիա Կալյուրանդը, ով նաև վստահեցրել է, որ Հայ դատի գրասենյակի հիշյալ առաջարկը պատշաճ քննարկման կարժանանա։

Ինչ վերաբերում է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պատասխանին, ապա վերջինս նշում է, որ այդպիսի որոշումը կայացումը գտնվում է ԵՄ Խորհրդի լիազորությունների տիրույթում, և որպես կանոն՝ ԵՄ անդամ բոլոր պետությունները նման հարցերում պետք է հանդես գան միաձայնությամբ։

Թեև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ԵՄ պաշտոնական տոնացույցում մտցնելը բավական բարդ ու ժամանակատար աշխատանք է, այնուամենայնիվ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը այս հարցով աշխատելու է և՛ Եվրոպական Խորհրդարանի, և՛ ԵՄ Խորհրդի, և՛ առանձնաբար անդամ պետությունների հետ։

Բելգիա

Մայիսի 27-ին Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է բանաձև, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատել մնացած հայ գերիներին, այդ թվում` քաղաքացիական անձանց, 2020 թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հռչակագրի 8-րդ հոդվածի, ինչպես նաև Ժնևի կոնվենցիայի համաձայն:

Խորհրդարանը խստորեն դատապարտել է նաև գերիների խոշտանգման վերաբերյալ առկա բազմաթիվ հաղորդագրությունները։

Խորհրդարանը դաշնային կառավարությանը կոչ է արել համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանն և անվտանգ վերադարձին աջակցելու համար:

Կիպրոս

Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի նախաձեռնությամբ՝ մայիսի 22-ին ցույց կազմակերպվեց Կիպրոսում ԵՄ ներկայացուցչության շենքի առջև։ Ցուցարարները պահանջեցին հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում և ադրբեջանական զորքի հեռացում ՀՀ ինքնիշխան տարածքից։ Ցույցին մասնակցեցին նաև կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, Եվրոպական Խորհրդարանի անդամ Լուկաս Ֆուրլասը, մեր ժողովրդի մեծ բարեկամ, Կիպրոսում Արցախի հետ բարեկամության խմբի նախագահ Էլենի Թեոխարուսը, Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապախարալմուսը։ Լուկաս Ֆուրլասին հանձվեց հուշագիր, որը նա պետք է ներկայացնի Եվրոպական Խորհրդարանին։

Նման բնույթի մի ցույց էլ հանձնախմբի կողմից կազմակերպվել է Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատան շենքի առջև։

Հունիսի 7-ին Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի նախագահ Հակոբ Ղազանչյանը և հանձնախմբի անդամ Սիմոն Այնեճյանը հանդիպել են Կիպրոսում ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով խորհրդական Դանիել Վարթկոյի և ոլորտային պաշտոնյա Վիլիամ Սթենջի հետ, քննարկել փոխադարձ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ։

Մեծ Բրիտանիա

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբից հայտնում են, որ հունիսի 17-ին խորհրդարանական Թոմ Լոթնը, բրիտանական կառավարությունից ստացել է ռազմագերիների և սահմանային իրավիճակի վերաբերյալ իր բաց նամակի պատասխանը, որով կառավարությունը վստահեցնում է, որ առկա խնդիրների հանգուցալուծման և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար, Երևանում և Բաքվում բրիտանական դեսպանատները սերտ կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ։ Կառավարական պատասխանում ընդգծվել է գերիների և պահվող անձանց վերադարձի կարևորությունը։

Կանադա

Հայ դատի Կանադայի հանձնախումբը ևս հիմնական աշխատանքները կենտրոնացրել է հայ ռազմագերիների ազատ արձակմանը նպաստելու, ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ ինքնիշխան սահմանի խախտումները բարձրաձայնելու ուղղությամբ։ Որոշակի զարգացումներ կան Թուրքիային կանադական ռազմական նշանակության տեխնոլոգիաների վաճառքի շուրջ պետական հետաքննության վերաբերյալ։ Մասնավորապես, հունիսի 21-ին Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման հանձնաժողովը, Թուրքիային կանադական ռազմական տեխնոլոգիաների վաճառքի շուրջ սեփական հետաքննությունն ավարտելով, այդ հարցը ներառել է օրակարգում և կառավարությունից պահանջել պատշաճ պարզաբանումներ։ Հավելենք, որ Հայ դատի Կանադայի հանձնախմբի տևական ջանքերի արդյունքում, շաբաթներ առաջ կանադական կողմը դադարեցրել էր Թուրքիային կանադական ռազմական նշանակության տեխնոլոգիաների վաճառքը։ Խոսքը, մասնավորապես, գնում է WESCAM ընկերության տեսադիտարկման համակարգերի մասին, ինչը «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի առանցքային դետալներից մեկն է։

Ավելի վաղ, հունիսի 16-ին Համայնքների պալատի անդամ Գարնեթ Ջենիուսը ներկայացրել է խնդրագիր, որով կառավարությանը կոչ է արվում առարկայական գործողություններով նպաստել բոլոր հայ գերիների ազատ արձակմանը, դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային պետական հովանավորչությամբ քարոզվող հայատյացության համար, ինչպես նաև մարդասիրական օժանդակություն տրամադրել Հայաստանին և Արցախին։

Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը, տևական ժամանակ հատուկ աշխատանքներ է իրականացնում Ավստրալիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը հասնելու համար։ Առավել քան մեկ տարի է, Ավստրալիայի հայկական, ասորական և հունական կազմակերպությունները միավորել են իրենց ջանքերը հասնելու երեք ժողովուրդների ցեղասպանությունների ճանաչմանը, այդ նպատակին հասնելու համար երեք համայնքների կողմից ստեղծվել է հատուկ հարթակ, որին միանում են Ավստրալիական հասարակական-քաղաքական դեմքեր։

Հատկանշական է, Ավստրալիայի արտգործնախարար Մարիս Փայնեն առաջին անգամ, հունիսի 11-ին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ֆեդերալ կառավարության դիրքորոշմանը վերանայման ընթացքում է։

Մարիս Փայնեն, մայիսի 21-ին, խորհրդարանական հարց ու պատասխանի ժամանակ, ի պատասխան ընդդիմության արտգործնախարարի թեկնածու Փենի Վոնգի բարձրացրած հարցի, քննադատել է ադրբեջանական ուժերի ներխուժումը Հայաստան։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի անդամները, մայիսի 22-ին հանդիպում են ունեցել Ավստրալիայում Ռուսաստանի դաշնության դեսպան Ալեքսեյ Պավլովսկու հետ։ Քննարկվել են Կովկասում հետպատերազմյա իրավիճակը, Ռուսաստանի միջնորդությամբ բանակցությունների ընթացքը և փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր։

Լիբանան

Մայիսի 25-ին Հայ դատի Լիբանանի հանձնախմբի անդամները հանդիպել են Լիբանանում ԱՄՆ դեսպանի հետ, քննարկել Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Եգիպտոս

Հայ դատի Եգիպտոսի հանձնախումբը տեղեկացնում է, որ Խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների եգիպտական «Մաաթ» կենտրոնը հրապարակել է «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը ռազմական գործողությունների ընթացքում» փորձագիտական ուսումնասիրությունը։

Հեղինակները, միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ու կարգավորումների՝ հատկապես «Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին» Ժնևի 1949 թ. կոնվենցիայի և վերջինիս 1977 թ․ արձանագրությունների լույսի ներքո վեր են հանում 2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների բոլոր դրսևորումները՝ մասնավորապես քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծությունները, ահաբեկչական խմբավորումների ներգրավումը, արգելված զինատեսակների օգտագործումը՝ ինչպես ռազմական գործողությունների, այնպես էլ խաղաղ բնակչության, ռազմագերիների և պահվող այլ անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, հիվանդանոցների, բուժօգնության կետերի, կրոնական հուշարձանների, կենսական ենթակառուցվածքների, լրագրողական առաքելությունների թիրախային ռմբակոծումները, քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունները և այլն։ Ուսումնասիրությունն ավարտվում է համապատասխան խորհրդատվություններով։

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930