Ինչպես հայտնել ենք, այսօր թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում 7/7 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկն էր: Այս տեղամասի պարկը հանձնվել է կիսաբաց: Վերահաշվարկի ժամանակ քվեաթերթիկները համապատասխանում էին արձանագրությանը, բայց «Հայաստան» դաշինքի եւ «Ազատություն» կուսակցության վստահված անձինք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին տեսանյութեր էին ցույց տալիս ու պատմում էին, թե ինչեր են կատարվել այդ տեղամասում:
Քնարիկ Գապոյանը, որը «Հայաստան» դաշինքի վստահված անձ է եղել այդ ընտրատեղամասում, պատմեց. «Օրվա երկրորդ կեսն էր, եկավ թաղապետ Դավիթ Կարապետյանը, ներս մտավ ու ասաց՝ ներողություն, ստեղ ո՞վ է ՔՊ-ի վստահված անձինք, մոտեցան մի աղջիկ ու տղա, ասացին՝ մենք: Ասեց՝ հաղթել ենք, չմտածեք, դուխով»: Հանձնաժողովից արձագանքեցին, որ այդ բոլորը մատյանում արձանագրված է, նկատի կունենան:
Կարդացեք նաև
Գարիկ Խաչատրյանը, որը «Ազատություն» կուսակցության վստահված անձն էր, ասաց, որ ոստիկանությունն իր տեղում չի եղել, կոնֆլիկտ է եղել»:
Վստահված անձ Սաթիկ Խլղաթյանն էլ պատմեց, որ ինքը ընտրել է այդ տեղամասում, որից հետո ժամը 12:30-ի սահմաններում մոտեցել է քարտուղարին ու խնդրել իրեն գրանցել՝ որպես վստահված անձ. «Բեյջս ցույց եմ տվել: Այդ պահին ոմն Գնել հարբած եկել էր, հարձակվել է վրաս: Քաշեց բեյջս, ակնոցս գլխիցս հանեց, ես աչքերի հետ խնդիր ունեմ: Չգրանցեցին ինձ: Հայհոյախառը բառեր ինձ, 7/08 տեղամասից եկել է վստահված անձը, այնտեղից՝ ՔՊ-ները, այստեղից՝ ՔՊ-ները: Հարձակվել են վրաս ու գոռում են: Տղաս կանգնած էր կողքս, Քլոյանն ինձ անվանում է վիժվածք, խուլիգան, հանցագործ, լիրբ, էս վիժվածքներին ստեղից տարեք դուրս, սրանք հանցագործներ են, տես ես քեզ ոնց եմ լացացնելու: Ասում եմ՝ ի՞նձ եք լացացնելու: Կտեսնես ոնց եմ կրելու ու կրելովս քեզ կլացացնեմ: Իմ 30 տարեկան տղու մոտ իր մորը հայհոյում են»:
Հանձնաժողովից ասացին, որ իրավապահ մարմինները դրանցով կզբաղվեն, իրենք այդտեղ անելիք չունեն:
Գապոյանը նաեւ պատմեց, որ ժամը 17-ին տեղամասում քարտուղարը չի եղել, որ գրանցի խախտումը՝ ԲՀԿ-ի վստահված անձը այնտեղ աշխատել է ՔՊ-ի համար. «Պարոն Քլոյանից պահանջում եմ, ասում եմ՝ ո՞ւր է քարտուղարը, որ արձանագրի խախտումը»:
Թե ինչպես է արձագանքել Սագիս Քլոյանը՝ մանրամասները տեսանյութում են. «Դու ո՞վ ես, որ հարցնում ես, թե ուր է իմ քարտուղարը, գնացել ա շռելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ