«Նիկոլ Փաշինյանի ելույթում ես չտեսա հստակ համերաշխության կոչ եւ ցանկություն: Ես տեսա նույն սպառնալիքների տարափ, ուղղակի ձեւակերպված ավելի մեղմ եւ ավելի գեղեցիկ բառերով: Չես կարող անել համերաշխության կոչ՝ միեւնույն ժամանակ ասելով միեւնույն է՝ բոլորին պառկեցնելու եմ, էս եմ անելու, էն եմ անելու»,- այսօր կայացած ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի մեկնած համագործակցության ձեռքը բռնելու մասին հարցին:
Հիշեցնենք, նախօրեին կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը համագործակցության ձեռք էր մեկնել քաղաքական դաշտի դերակատարներին:
Խոսքերին հավատալ Արթուր Վանեցյանը չի ցանկանում եւ չի կարող: Նիկոլ Փաշինյանի անկեղծության մեջ կհամոզվի՝ դատելով շատ կարճ ժամանակում նրա արած քայլերից: Իսկ իրենց վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին լինելու է հայելային, բայց իշխանության նկատմամբ իրենց վերաբերմունքը թշնամական չէ, երկրի ներսում թշնամիներ չունեն: Բայց Արթուր Վանեցյանը շատ չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը իրապես ունակ է դառնալ պետական եւ պետականամետ գործիչ:
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ առաջարկին՝ գողացածը ինքնակամ վերադարձնել բյուջե, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Պատիվ ունեմ» դաշինքում չկան ապօրինի հարստացած անձինք, համենայնդեպս, ես չեմ ճանաչում այդպիսի անձանց, որոնք պատրաստվում են փախչել Հայաստանից կամ լքել երկրի սահմանները: Այդ հարցին թող պատասխանեն ապօրինի հարստացածները: Ես նման ոչ ապօրինի գույք ունեմ, ոչ ապօրինի հարստացած եմ, ոչ էլ առհասարակ այնքան հարուստ եմ, որ ինչ-որ մի բան էլ վերադարձնեմ»:
Կարդացեք նաև
Արթուր Վանեցյանը համարում է, որ մեր քաղաքացիները մոլորված են՝ եւ դա դրսեւորվել է, թե ընտրությունների արդյունքներով, թե նրանով, որ ցանկացած հարուստ մարդ քաղաքացիների մոտ ասոցացվում է գողանալու եւ թալանելու հետ:
«Ցանկացած ունեւոր մարդ կամ մի քիչ բարեկեցիկ ապրող մարդ մեր քաղաքացու մոտ ասոցացվում է թալանչու, գողի, ապօրինի հարստացած մարդու հետ: Հարուստ լինելը, փող ունենալը, որին մարդը հասել է աշխատանքի շնորհիվ, վատ չէ: Ինչքան շատ հարուստ մարդիկ շատ լինեն, այնքան երկիրը կլինի հզոր, մարդիկ կապրեն լավ: Եթե մարդը բիզնեսմեն է, ապրում է ավելի լավ, եթե վարձու աշխատող է, ապրում է ավելի վատ: Բայց պետք չի բոլոր լավ ապրող մարդկանց ասել գող: Լավ ապրող մարդիկ բոլորը չեն, որ գողեր են, թալանչիներ են: Կան նաեւ օրինական ճանապարհով հարստացած մարդիկ»,- եղավ Արթուր Վանեցյանի պատասխանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ