«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր կայացած ասուլիսում անդրադարձավ Վլադիմիր Սոլովյովին տված իր վերջին հարցազրույցում արած հայտարարություններին՝ «Крым наш» եւ «Я кадровый чекист», որոնք Հայաստանում միանշանակ չընկալվեցին եւ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեցին:
«Եթե բառացի ենք թարգմանում, նշանակում է՝ ասել եմ՝ Ղրիմը հայկական է: Ես, իհարկե, չէի կարող նման բան ասել: Դա եղել է պատասխան, որն ունի շարունակություն: Շարունակությունը հետեւյալն է. ժողովուրդների ինքնորոշման իրավունքը անքակտելի է, եւ ես զուգահեռներ եմ անցկացրել Արցախյան հարցի հետ: Ասել եմ՝ եթե Ղրիմի բնակչության 95 տոկոսից ավելին իր ազատ կամարտահայտության միջոցով ցանկություն է հայտնել միանալ ՌԴ-ին, ապա այդ իրավունքը պետք է հարգվի եւ առաջին հերթին պետք է հարգվի Հայաստանի եւ հայ ժողովրդի կողմից: Որովհետեւ մենք ունենք արցախյան հակամարտության հարց, որտեղ անկյունաքարային է ինքնորոշման իրավունքի իրացումը: Կա՞ ՀՀ-ում կամ կա՞ մի հայ, որը համաձայն չէ այս պնդման հետ»,- առաջին արտահայտության վերաբերյալ ասաց Արթուր Վանեցյանը:
Իսկ «Я кадровый чекист» ասածն իր բնութագրմամբ, առհասարակ, հատուկ ծառայությունների ներկայացուցիչների խոսակցական ժարգոնն է. «Ես առիթ ունեցել եմ դեռեւս ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ պատասխանել քաղհասարակության ներկայացուցիչներից մեկին եւ ասել եմ, որ Հայաստանի ԱԱԾ-ն չի համարում իրեն նախկին ԿԳԲ-ի իրավահաջորդը, այդ էջը մեզ համար փակ է: Այն ժամանակ էլ էր դա մեծ աղմուկ առաջացրել, տարակուսանք, զարմանք, թե ինչպես է Վանեցյանը, որը իրենց պատկերացմամբ кадровый чекист է՝ նման հայտարարություն անում: Այո, ես համարում եմ, որ Հայաստանի ԱԱԾ-ն մի մարմին է, որը սպասարկում է եւ պետք է սպասարկի բացառապես ՀՀ շահերը՝ անկախ նրանից, թե ՌԴ-ն մեր դաշնակիցն է, թե ոչ, անկախ նրանից՝ այլ երկրներ մեզ հետ ինչ հարաբերություններ ունեն»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ