Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը չարձագանքեց, որ ականապատված քարտեզների դիմաց Մուրադովը բոլոր գերիներին է ցանկացել վերադարձնել. Արթուր Վանեցյան

Հունիս 23,2021 14:50

«Եվ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ եւ ողջ նախընտրական քարոզչության ժամանակ, ես ասել եմ երկու բան. իշխանության գալու դեպքում մեր առաջնային հարցերը լինելու են երկուսը՝ անվտանգային համակարգի արագ վերականգնում, սահմանների պահպանության ապահովում եւ գերիների վերադարձը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ՝ անդրադառնալով հիշեցմանը, որ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ ինքը հայտարարել էր, թե գերիների հարցը հնարավոր է լուծել 2-3 օրում՝ նաեւ անձնական կապերի շնորհիվ եւ պատասխանելով հարցին՝ թեեւ իշխանության չեն եկել, բայց լուրջ լծակներ են ունենալու խորհրդարանում՝ ի՞նչ են պատրաստվում անել գերիների վերադարձի համար:

Արթուր Վանեցյանը նկատեց՝ իր հայտնի հայտարարությանը շատ շահարկումներ հետեւեցին եւ հստակեցրեց, որ ասել է՝ «Եթե մենք լինենք իշխանություն, ունենանք իշխանական լծակներ, հնարավորություն՝ հանդես գալ պետության կողմից, պետության լծակները օգտագործել, ճիշտ աշխատանքի դեպքում, այո, ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին»: Հիշեցնելով, որ նախընտրական քարոզչության շրջանում Նիկոլ Փաշինյանը ականապատված քարտեզների դիմաց վերադարձրեց 15 գերի, Արթուր Վանեցյանը հարց է հնչեցնում՝ եթե այդպես հնարավոր էր, ինչո՞ւ դա ավելի վաղ չէր արվում: Նա կարծում է, որ իշխանությունը չի փորձել գերիների հարցն ամբողջական լուծել, լուծել է պահի տակ՝ իր վարկանիշի համար. «Հիմա եթե կարող էին այդ քարտեզները տային Ադրբեջանին եւ վերադարձնել գերիներին, ինչո՞ւ դա չեն արել 6 ամիս առաջ: Ընդ որում` ռուսական կողմից եղավ հայտարարություն մամուլում, որ երբ Մուրադովն ուզել է այդ քարտեզները, հայկական զինված ուժերը ասել են, որ բնության մեջ այդպիսի քարտեզներ գոյություն չունեն: Մուրադովն ասել էր, որ այդ քարտեզների դիմաց կարող է վերադարձնել Ադրբեջանում գտնվող բոլոր գերիներին»:

Իսկ եթե իր գլխավորած դաշինքը որոշի գնալ խորհրդարան, Արթուր Վանեցյանը հավաստիացնում է, որ օգտագործելու են եղած բոլոր հնարավորությունները եւ զբաղվելու են թե գերիների հարցով, թե անվտանգային համակարգի վերականգնման հարցերով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930