Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ականները կֆինանսավորեն». վիճաբանություն՝ վերահաշվարկի ժամանակ. Սարգիս Քլոյանը արդարանում է, որ ընտրատեղամասի պարկը անորակ էր, միամիտ է պատռվել

Հունիս 23,2021 14:39

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում 7/7 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկն էր: Անվավեր քվեաթերթիկները 6-ն էին, ինչպես արձանագրության մեջ նշված էր: Ճիշտ էին նաեւ մյուս մասնակիցների քվեները: ՔՊ-ն այս տեղամասում ստացել էր 461 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 270 ձայն:

Հանձնաժողովում արձանագրեցին. «Պարզվեց՝ պարկը կիսաբաց էր բերվել, մենք պարտավոր էինք անել վերահաշվարկ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, ընտրական կամ հանրաքվեի փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում սահմանված կարգով չփակելը առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչեւ 500-ապատիկի չափով»:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում կընդունի, թե ինչ չափով պատժի ու տեղյակ կպահեն: Այս ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը Սարգիս Քլոյանն էր՝ Մարտի 1-ի զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայրը: Վերջինս, լսելով տուգանքի մասին՝ կատակեց. «Թոշակս կտամ, կպրծնեմ»: «Ազատություն» կուսակցության վստահված անձ Գարիկ Խաչատրյանը կողքից արձագանքեց. «ՔՊ-ականները կֆինանսավորեն», ինչը վիճաբանության տեղիք տվեց: Հորդորեցին նիստը չքաղաքականացնել, հրավիրեցին ոստիկաններին՝ վստահված անձին կարգի հրավիրելու համար:

Aravot.am-ը Սարգիս Քլոյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է բացատրում այն, որ իր ընտրատեղամասում փաստաթղթերի պարկը կիսաբաց է եղել: Նա պատասխանեց. «Անորակ պարկով, մի բարակ սոսինձ է քսած: Տեխնիկական ապարատների տակից քաշեցի հանեցի՝ միանգամից բացվեց: Ես նորմալ փակել եմ, բերեցի հասցրեցի այստեղ, որ հանձնեմ եղած-չեղածը, քաշեցի տակից, պարկը էսքան բացվեց: Բայց, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ էր»: Դիտարկմանը, որ նվազագույնը 300 հազար դրամով տուգանվելու է՝ Քլոյանը պատասխանեց. «Լավ են անում, թող անեն, ես օրենքին ենթակա մարդ եմ»:

Ընտրատարածքային հանձնաժողովում, երբ փոխանցեցինք Քլոյանի բացատրությունները՝ պատասխանեցին. «Կարող էր շատ զգույշ եւ նուրբ լիներ ու պարկը չվնասեր ու խնդիրներ չառաջանար: Միեւնույն է, պատասխանատվությունն իր վրա է: Ինքը պետք է վճարի նվազագույնը 300 հազար, առավելագույնը՝ 500 հազար դրամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Պատկառանք ունեի այս մարդու նկատմամբ, քանի որ մարտի 1-ի զոհերից մեկի հայրն է: Բայց պարզվում է, որ նա ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ դառնալուց հետո կարող է նմանվել նախկինների ժամանակվա մախինատորներին՝ նրանց պես արդարանում է. «փաստաթղթերի պարկը անորակ էր, սոսինձը բարակ էր քսված, քաշեցի, էսքան բացվեց» և իբր կատակում է. «թոշակս կտամ, կպրծնեմ»: Քո որդին՝ Գոռ Քլոյանը զոհվեց, քանի որ մարտի 1-ին պայքարի էր դուրս եկել կեղծված ընտրությունների դեմ, իսկ հիմա քո գործողություններն են նմանվում ընտրակեղծարարությանը: Ստացվում է, որ քո որդին զոհվեց քո նմանների դեմ պայքարելու արդյունքում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930