«Եթե երեք նախագահները միավորվեին ինչ արդյունք կունենային՝ չգիտենք. չեն միավորվել, չենք կարող հիմա ենթադրություններով խոսել, բայց սխալներ ունեցել ենք թե մենք, թե մնացած ուժերը, երեւի թե ունեցել ենք, որ այսօր ունենք նման արդյունքներ: Պետք է հասկանանք, թե ինչպե՞ս շարունակենք, որ ուղղենք սխալները եւ շարունակենք»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, եթե երեք նախագահները միավորվեին, հնարավո՞ր է ընտրություններում այլ՝ ավելի լավ արդյունք գրանցեր ընդդիմությունը:
Հավելելով, որ այս ընտրություններում չեն լուծվել ՀՀ-ի առջեւ ծառացած խնդիրները՝ անվտանգայինից մինչեւ տնտեսական եւ ներհասարակական, Արթուր Վանեցյանը նաեւ նկատեց, որ այս ընտրությունների արդյունքներով չեն լեգիտիմացվել նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի կողմից արված բոլոր սխալները, դրանք կան, եւ շարունակում են մնալ օրակարգում: Ըստ բանախոսի, դեռ պետք է հասկանալ, թե առկա խնդիրները ինչպե՞ս պետք է լուծել, քանի որ դրանք վերաբերվում են ոչ թե Նիկոլ Փաշինյանին եւ իր իշխանությանը, այլ Հայաստանի լինել-չլինելուն եւ մենք պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք Հայաստան ունենալ, թե՝ ոչ: Համենայնդեպս, ինքը չի պատրաստվում լքել Հայաստանը, շարունակելու է մնալ եւ պայքարել:
Մեկ այլ հարցի՝ այս ընթացքում ինքը եւ «Պատիվ ունեմ» բազմաթիվ բացահայտումներ արեցին Նիկոլ Փաշինյանի եւ իշխող թիմի վերաբերյալ, շարունակելո՞ւ են այդ մարտավարությունը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Եկեք բացահայտումների շրջանից դուրս գանք: Մեկ տարվա մեջ եղան այնքան իրողություններ, այնքան անսպասելի իրավիճակներ, արդեն բացահայտումների մասին խոսելը դարձել է անհետաքրքիր»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ