Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ողջունում եմ կալանավորված անձանց և ականապատ դաշտերի քարտեզների փոխանակումը». ԵԽ գլխավոր քարտուղարը՝ ռազմագերիների վերադարձի հարցի առիթով

Հունիս 23,2021 13:54

«Ես ողջունում եմ կալանավորված անձանց և ականապատ դաշտերի քարտեզների փոխանակումը»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում պատասխանելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանի՝ հայ ռազմագերիների ճակատագրին վերաբերող հարցին, հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Տաթևիկ Հայրապետյանը հայտարարեց. «Արդեն 8 ամիս է՝ Ադրբեջանը շարունակում է անտեսել հայ ռազմագերիներին ազատ արձակելու՝ միջազգային կոչերը և այս մարդասիրական հարցը վերածում է քաղաքական մանիպուլյացիա անելու միջոցի: Ավելին, Ադրբեջանը սկսել է շինծու և խտրական դատավարություններ հայ ռազմագերիների նկատմամբ միջազգային նորմերի՝Ժնևի կոնվենցիաների, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ոտնահարումներով»: Այնուհետև հարցրեց՝  ի՞նչ գործիքներ ունի Եվրոպայի խորհուրդը  աջակցելու Կոնվենցիաների կիրառմանը, որ կարողանան պայքարել այս կեղծ քրեական գործերի դեմ և նպաստի գերիների հայրենադարձմանը:

ԵԽ գլխավոր քարտուղարն այս հարցերի լուծումը կապեց հասարակությունների միջև վստահության մթնոլորտի հաստատմամբ, ինչը, ըստ Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, ժամանակատար գործընթաց է:

Նա մասնավորապես նշեց. «Եվրոպայի խորհուրդն աջակցում է երկարատև և կայուն լուծման գործընթացին: Նախ դա Մինսկի խմբի գործունեության ոլորտն է, մենք աջակցում ենք նրանց և հուսով ենք, որ հնարավոր կլինի հասնել խնդրի կարգավորման»: ԵԽ գլխավոր քարտուղարը հայտնեց. «Անմիջապես հրադադարից հետո մենք բարձրաստիճան խումբ ենք ուղարկել Բաքու և Երևան: Հիմա մենք պետք է շարժվենք վստահության մթնոլորտի հաստատման ճանապարհով երկու հասարակությունների միջև»:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նաև խորհրդանշական համարեց Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը:

Հիշեցնենք՝ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի փակ նիստի ընթացքում ևս քննարկվեց 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հետևանքներն ու ռազմագերիների հարցը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930