Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Ուրախացել են միայն 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանը եւ 80 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիան»

Հունիս 23,2021 13:34

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թեւան Պողսոսյանը այսօր վերլուծել է ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված խնդիրները:

Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 10-ից միշտ էլ ասել է, որ մեզ պետք չեն ընտրություններ, քանի որ ճգնաժամում եղած ընտրությունները ունենալու են ճգնաժամային արդյունքներ: «Ճիշտն այն կլիներ, որ գործողները գիտակցաբար, հանուն Հայաստանի խաղաղ ձեւով հեռանային, ձեւավորվեր հակաճգնաժամային թիմ, որը կկառավարեր ճգնաժամերը: Կարեւոր չէ, թե որքան դա կտեւեր: Այդ ընթացքում քաղաքական ուժերն էլ կկարողանային շատ երկար ժամանակ իրենց մոտեցումները, ապագա ազգային օրակարգը ներկայացնել հանրության հետ քննարկման, որից հետո, երբ ճգնաժամերը հաղթահարված կլինեին, կգնայինք ընտրությունների: Ցավոք, ընտրվեց երեւի ամենից ոչ բարենպաստ տարբերակով մոտեցումը, որի պատճառով էլ ստացանք հայոց պետականության համար շատ վատ եւ ոչ բարենպաստ արդյունքներ:

Թե ինչի՞ եմ այդպես համարում, եկեք մի քանի բան դիտարկենք: Ի՞նչ արդյունք ունենք այսօր մեր կատարած գործողություններով: Դրանից այսօր կօգտվեն կամ կուրախանան մի քանի հազար հայ, որ կունենան պաշտոններ կամ կպահպանեն դրանք: Բացի սրանցից, ուրախացել են միայն 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանը եւ 80 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիան: Մնացածը չեն ուրախացել, քանի որ չեն մասնակցել, ինչի համար ցավում եմ, որովհետեւ անտարբերություն են ցուցաբերել, եւ դա 52 %-ն է: Եթե ունենայինք այլ օրենք ու հիմքում դրված գաղափար, որ, օրինակ, ընտրությունները համարվում են կայացած, եթե ընտրելու իրավունք ունեցողների 50 %+ 1-ը կմասնակցի, այս ընտրությունները համարվելու էին չկայացած: Սա նշանակում է, որ ժողովրդավարության կանոնը, որ ասում ենք՝ մեծամասնությունն է որոշում, չի աշխատում Հայաստանում: Ցավում եմ, որ ունենք այս տեսակի օրենսգիրք»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպես եղավ, որ 54 % ձայն հավաքեց այն իշխանությունը, որի կառավարման օրոք եղավ պատերազմ եւ ունեցանք կորուստներ, Թեւան Պողոսյանը պատասխանեց. « Նախ, 54 % չէ: Պետք է նայել մասնակիցների տեսանկյունից, իսկ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների  48 տոկոսը: Այնպես որ, եկեք ճիշտն ասենք, այլապես մարդիկ կմտածեն, թե ընդհանուր թվի կեսից ավելին է ձայն տվել, ինչը այդպես չէ: Արդյունքն այն է, որ ¼ քվեներով ձեւավորվելու է իշխանություն, եթե այս յոթ օրերին Սահմանադրական դատարանում չլինեն որոշումներ: Դա հայ ժողովրդի, անգամ քվեարկածների կարծիքը չի, որովհետեւ հայ ժողովուրդն իր կարծիքն արտահայտել է չքվեարկելով, կամ, եթե քվեարկել է, գնացել, ձայնը տվել է ուրիշներին: Ստացվում է, որ ժողովրդի 75 %-ը չի ընդունում: Սա արդեն քաղաքական ճգնաժամ է եւ խոսքը լեգիտիմության մասին չէ: Լեգալության մասին է խոսքը:

Երկրորդ խնդիրը միջազգային իմաստով է: Ասացի, թե ովքեր են ուրախացել: Մեր թշնամի ադրբեջանցիները եւ թուրքերը այսօր ուրախությամբ ասում են, որ այլեւս միշտ կարող են հաղթել Հայաստանի ընտրություններում: Եվ երբ պետք լինի, կարող ենք նորից ճգնաժամ ձեւավորել, ընտրություններ կազմակերպել եւ իրենց  ուզած թեկնածուին բերել: Սա ես չեմ ասում, ադրբեջանցիներն են ասում: Եվ այստեղ ինձ ցիտել պետք չէ: Ցիտել պետք է նույն ադրբեջանական աղբյուրները: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ում արած ընտրության արդյունքը սա է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930