Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետը հերքում է, Օձունի համայնքապետը հաստատում՝ ծեծկռտուք եղել է

Հունիս 23,2021 12:25

Ինչպես տեղեկացրել էինք՝ երեկ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր մոտ էր հրավիրել մարզի համայնքների ղեկավարներին: Եվ ըստ շրջանառվող լուրերի, Խաչատրյանը մի քանի համայնքների ղեկավարների ներկայացրել է հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ: Պատճառը եղել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքին սատարելը: Իսկ հանդիպումից հետո նշված անձանց միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք: Մեզ հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հերքեց, նշելով, որ իր հետ կապված նման դեպք տեղի չի ունեցել:

Aravot.am-ի հետ զրույցում մարզպետ Արամ Խաչատրյանը հաստատեց, որ հանդիպել է համայնքների ղեկավարների հետ, սակայն աշխատանքից ազատման պահանջ վերջիններիս չի ներկայացրել. «Պարոն Ասլանյանն էլ, պարոն Տիտանյանն էլ ինձ մոտ եղել են, բայց մնացածն իրականությանը չի համապատասխանում: Մենք առանձին-առանձին համայնքապետերի հետ քննարկում ենք ունեցել, իրենք գնացել են: Այն ինչ-որ ԶԼՄ-ները ներկայացրել են՝ իրականությանը չի համապատասխանում»:

Մինչդեռ, Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը պատասխանելով մեր այն հարցին, թե ձեր եւ Լոռու մարզպետի միջեւ եղե՞լ է ծեծկռտուք, հաստատեց. «Եղել է, հիմա մնացածը նախաքննությունը կպարզի, չեմ կարող ինչ-որ բան ավելացնել»,- ասաց Տիտանյանն ու հավելեց, որ այժմ ինքը գտնվում է հիվանդանոցում, փորձենք ավելի ուշ կապ հաստատել:

Հիշեցնենք, որ Արսեն Տիտանյանը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել՝ իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ Լոռու մարզպետը ու ևս 6-7 աշխատակիցներ, ձեռքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ստացել է վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  «Ալավերդի» բժշկական կենտրոնի համաձայն՝ Արսեն Տիտանյանը բուժօգնության է դիմել «աջ վերին շրթունքի շրջանում նկատվող թույլ այտուց, ներսից լորձաթաղանթի վրա ատամի դաջվածք թույլ արյան զեղմամբ, սրտխառնոցի և գլխապտույտի առկայությամբ» ախտորոշմամբ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է Վանաձորում, վերին շրթունքի շրջանում հարված ստանալու հետևանքով:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է հարուցել քրեական գործ։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930