Սեյրան Օհանյանին մինչ ընտրությունների արդյունքների մասին կարծիք հարցնելը, նախ հարցրինք՝ Ձեզ շնորհավորե՞նք ԱԺ անցնելու կապակցությամբ, թե՞ ոչ։ «Եթե ուզում եք ընդհանուր արդյունքների գնահատման առումով ասեք, իհարկե, պետք է շնորհավորեք, որովհետեւ մենք մեր մոտակա խնդիրը, կարելի է ասել, ստեղծված իրավիճակում կատարել ենք։ Մեր հիմնական խնդիրը, իհարկե, այս իշխանություններին պետական կառավարումից հեռացնելն է, իշխանություններ, որոնք երկիրը բերել են այս վիճակի, պարտության, եւ այս անհաջողությունների շարանը մեր երկրում դեռեւս շարունակվում է։ Մենք 2-րդ ուժը կլինենք խորհրդարանում եւ նաեւ այս գործունեությամբ մենք կարող ենք ասել, որ այս իշխանությունների դեմ պայքարը փոխել է ընդհանուր առմամբ քաղաքական պատկերը, քաղաքական լանդշաֆտը, եւ իրական ընդդիմություն կլինի այսօր խորհրդարանում»,- ասաց Օհանյանը։
– Իսկ ի՞նչ է տալու դա մեզ, պարոն Օհանյան, Դուք գալիս էիք իշխանության, բայց դարձաք ընդդիմություն խորհրդարանում։ Դա մեզ, երկրին ի՞նչ է տալու։ Դա Հայաստանը զե՞րծ է պահելու պետականության կորստից, նոր տարածքների հանձնումից, Սյունիքում միջանցքի տրամադրումից։
– Տեսեք՝ դա մեր պետությանն ինչ է տալու։ Նախեւառաջ իրական ընդդիմություն է լինելու, որն իր գործունեությամբ շարունակելու է ազդեցությունն այս իշխանությունների վրա, որպեսզի նրանք ճիշտ աշխատեն, փորձեն ուղղություն վերցնել։ Ճնշումներն այս իշխանության վրա ավելի ուժգին են լինելու, եւ, ի վերջո, գիտե՞ք, առանց ընդդիմության խորհրդարան չի ձեւավորվի։ Եվ ընդդիմությունն է, որ հակակշիռների, սաստման ճանապարհով բերում է նրան, որ իշխանությունները ճիշտ գործեն։ Այս վերջին երեք տարիների ընթացքում Դուք տեսաք՝ իրական ընդդիմություն չկար, ամբողջ իշխանությունը ՔՊ-ականների ձեռքն էր, եւ իրենք Ազգային ժողովում ինչ ուզում՝ անում էին։
– Փաստորեն, արձանագրեք, որ Ռոբերտ Քոչարյանը եւ իր թիմն իրենց խոստումը չկատարեցին։ Չէ՞ որ ասել էր՝ գալու է իշխանության եւ «կրելու է» Նիկոլ Փաշինյանին, բայց չարեց այն, ինչ խոստացել էր։
Կարդացեք նաև
– Գիտեք, այս կարճ ժամանակահատվածում շատ դժվար էր հասնել հաջողությունների, մանավանդ որ հասարակության մեջ որոշակի տրամադրությունների առկայությունը, որն էդ պոպուլիստական աշխատանքի շնորհիվ այսօրվա իշխանություններն են սերմանել։ Այսինքն՝ մեր հասարակության մեջ ես տեսնում եմ հայրենասիրական դաստիարակության որոշակի անկում, ես տեսնում եմ հասարակությանը սեւի եւ սպիտակի բաժանում։ Այդ ամենը բերել է նրան, որ, իրականում, մոլորվածների թիվը մեր հասարակության մեջ բավականին մեծ քանակություն է կազմում։ Մենք էլ չկարողացանք աշխատել այս 12 օրվա ընթացքում։ Իհարկե, շարունակելու ենք, բայց կփորձենք մեր գործունեությամբ նորից հին արժեքներն ինչ-որ մի կերպ հետ բերել։ Հակառակ դեպքում Դուք ո՞նց եք կարծում, էլի, որ պարտված իշխանություններն այսքան մեծ քանակությամբ ձայն են ստանում։ Իհարկե, բավականին մեծ քանակությամբ նաեւ խախտումներ են եղել, ե՛ւ վարչական ռեսուրսների, ե՛ւ շրջիկ խմբերի մասով, ե՛ւ բանակի ուղղորդված քվեարկումներ ու նաեւ մեր թիմի որոշ աշխատակիցների վրա ճնշումներ, որոնք պետական համակարգում են։ Այդ ամենը նաեւ բավականին լուրջ ազդեցություն է ունեցել։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում