Քաղաքական ճգնաժամը Հայաստանում չի ավարտվել եւ չէր կարող ավարտվել՝ անկախ նրանից, թե ով կհաղթեր ընտրություններում: Պատճառները մի քանիսն են, որոնցից կառանձնացնեմ երեքը:
1/ Չի կարող քաղաքական կայունություն լինել մի պետությունում, որն ընդամենը կես տարի առաջ կորցրել է Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքի 70 տոկոսը, որը տվել է 3700 զոհ (պաշտոնական տվյալներով), որը չի կարողանում պաշտպանել իր սահմանները եւ այդ առումով հույսը դրել է այլ պետության բարեհաճության վրա:
2/ Չի կարող քաղաքական կայունություն լինել, եթե ընտրություններում պաշտոնական տվյալներով պարտված ուժը չի ընդունում պարտությունը եւ հետեւաբար, կարող է փողոց դուրս բերել իր հսկայական ընտրազանգվածին՝ գումարած էլի հազարավոր մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով չեն գնացել ընտրությունների:
3/ Չի կարող քաղաքական կայունություն լինել, եթե կա կառավարման ճգնաժամ: Իսկ նման ճգնաժամ չի կարող չառաջանալ՝ հաշվի առնելով ներկայիս իշխանության բնույթը: Բերեմ ամենապարզ օրինակը: 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր իշխանությունը կատաղի հարձակումներ է իրականացրել բանակի նկատմամբ՝ վարկաբեկելով գեներալներին, սպաներին, առաջին պատերազմի հերոսներին: Սակայն այն տատիկները, որոնք ընտրարշավի ժամանակ համբուրում էին Փաշինյանի ձեռքը (մեծագույն հարգանքս այդ կանանց հանդեպ), չեն կարող ռազմական օպերացիաներ իրականացնել, չեն կարող ղեկավարել մարտական ստորաբաժանումները: Նրանք կարող են միայն հիանալ նրանով, որ զորամասերում զինվորները սկսել են ելակ ուտել: Բանակի հանդեպ նման վերաբերմունքի արդյունքները հայտնի են: Ընտրարշավի ժամանակ նույնպես վարչապետի պաշտոնակատարը հարվածներ է հասցնում բանակին՝ օրինակ, կոնֆետների մասին պատմություններով՝ չհասկանալով, որ այդպիսով թուլացնում է մեր պաշտպանունակությունը, մեծ հաշվով թուլացնում է հենց իրեն՝ որպես պետության ղեկավարի:
Կարդացեք նաև
Բայց նույնը վերաբերում է ուսուցչին, դասախոսին, գիտնականին, որոնց Փաշինյանը շարունակում էր հարվածել: Ինչպե՞ս է նա պատկերացնում պետության ապագան, եթե այդ մասնագիտությունների մարդիկ որեւէ ձեւով չկարողանան ազդել իշխողների վրա, չկարողանան ուղղորդել նրանց գործողությունները: Այդ թշնամանքը տանում է փակուղի: Չեն կարող բոլոր մասնագետները փոխարինվել ՔՊ-ականներով կամ չեզոք մարդկանցով: Ենթադրենք, Երեւանի պետական համալսարանի իրավագիտության, արեւելագիտության եւ պատմության «ոչ լոյալ» դասախոսներին «վռնդում են» (եթե վարչապետի բառն օգտագործենք) եւ տեղը բերում են հավատարիմ ՔՊ-ականների: Դա կբարձրացնի՞ մեր կրթության որակը:
Ավելի ծայրահեղ օրինակ բերեմ. Քոչարյանին աջակցող նամակը. ի թիվս այլոց, ստորագրել է նշանավոր երաժիշտ, Կոմիտասի անվան լարային քառյակի ղեկավար Էդվարդ Թադեւոսյանը: Եթե հեղափոխականները պրոֆեսոր Թադեւոսյանից ջութակը խլեն եւ փոխանցեն որեւէ ՔՊ-ականի՝ այդ կուսակցականը դժվար թե ուրախացնի երաժշտասերներին: Կուսակցական տոմսը մարդուն ջութակահար չի դարձնում: Համարեք դա այլաբանություն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
1998-2008թթ.-ների իշխանությունների բնույթը «օրինակելի» էր, ինչպես իշխանության բոլոր ճյուղերում, բանակի հրամկազմը նույնպես, ավելի շատ բիզնեսմենի էին նմանեցնում, քան պետական ծառայողի: Այս երևույթները կրում էին համատարած բնույթ: Նորից կրկնեմ՝ «ժեխը» մերօրյա «էլիտայից» անշահախնդիր է: Հետաքրքիր է, կա՞ սոցիոլոգիական տվյալ՝ էն մեր «բարի» ժամանակներում ուսանողից կաշառք չվերցնող դասախոսների տոկոսը միանիշ թիվ է եղել, թե՞ երկնիշ: Ժամանակին ուսանողը ծաղրելու նպատակով դասախոցներից մեկին տվել է խոշոր թղթադրամ և մանրը հետ պահանջել: Բա՜…