«Ամերիկայի ձայն». Ամերիկացի վերլուծաբանները շարունակում են քննարկել Հայաստանում ընտրությունների արդյունքները, դրանց պատճառներն ու հնարավոր զարգացումները
Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ և ողջունում դիտորդական առաքելության ընդհանուր դրական գնահատականը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ընդգծելով, որ, ինչպես նշել են դիտորդները, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, ընտրապայքարի մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն իրականացնել, դրական է գնահատվել նաեւ ձայների հաշվարկը: Պետքարտուղարությունը նաև կիսում է դիտորդական առաքելության մտահոգությունն ընտրությունների մասնակից կուսակցությունների շրջանում բևեռացման և կոպիտ հռետորաբանության վերաբերյալ՝ կոչ անելով կողմերին հարգել ընտրությունների արդյունքները, խուսափել քաղաքական հաշվեհարդարից և գործի դնել ընտրությունների բողոքարկման օրինական ձևերը:
Վերլուծաբան Մայքլ Ռուբինը կիսում է պետքարտուղարության և դիտորդների մտահոգությունը նախընտրական փուլում հնչած կոշտ հռետորաբանության և բևեռվածության հարցում: Նա, սակայն, շեշտում է՝ ընտրությունների արդյունքում Փաշինյանն ընտրողներից ստացավ իր քաղաքական ուղեգիծը շարունակելու մանդատ:
«Ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը, չնայած պատերազմին հաջորդող դժգոհության, չեն ցանկացել վերադարձ դեպի ավելի ավտորիտար անցյալ»,- նշում է Ռուբինը:
Կարդացեք նաև
Սակայն նա գտնում է, որ Փաշինյանը չպետք է այս ձեռքբերումը մեկնաբանի որպես պատերազմի ընթացքում իր գործողությունների հավանություն:
«Հայ հանրությունը բացահայտ արտահայտել է իր դժգոհությունը նախորդ նոյեմբերին տեղի ունեցածի վերաբերյալ, այդուհանդերձ ժողովրդի մեծամասնությունը չնախընտրեց երկրորդ նախագահին որպես այլընտրանք: Հայաստանի ժողովուրդը ցանկանում է ժողովրդավարություն, սակայն ձգտում ունենալ ավելի թափանցիկ կառավարություն, որը չի ստի պատերազմի ողջ ընթացքում»,- նշում է նա:
Վերլուծաբան Էմիլ Սանամյանի կարծիքով էլ ընտրությունների արդյունքներն անսպասելի էին նույնիսկ Փաշինյանի կողմնակիցների համար: Նրա դիրքերը լրջորեն թուլացած էին անցած տարի տեղի ունեցածի արդյունքում, սակայն ակնհայտ է՝ երկրում շատ են նրա քաղաքական գծի կողմնակիցները: Ընտրության արդյունքների նկատմամբ թերահավատությունը, հատկապես ընդդիմության կողմից, վերլուծաբանը բացատրում է նրանով, որ Հայաստանում պարտված կողմը սովորաբար թերահավատորեն է մոտենում ընտրության արդյունքներին, և այդ առումով, ըստ վերլուծաբանի, այս ընտրությունները բացառություն չէին:
Սանամյանը կարծում է, որ սահմանադրական մեծամասնություն ստացած Փաշինյանի քաղաքական ուժը կշարունակի իշխանության միավորման գործընթացը:
«Կարծում եմ հաջորդ քայլը կդառնա սահմանադրական բարեփոխումը, որի մասին նա խոսել է արդեն: Լինելու է փորձ փոխել Սահմանադրությունը՝ հաստատելով նախագահական համակարգ, Փաշինյանը կփորձի ընտրվել նախագահի պաշտոնում»,- կարծում է Սանամյանը:
Խոսելով ԱՄՆ-ի արձագանքի մասին նա ընդգծում է՝ այն դրական էր, սակայն զուսպ՝ հաշվի առնելով Փաշինյանի քաղաքականությունը: ԱՄՆ չունի մեծ հետաքրքրություն այս տարածաշրջանի նկատմամբ, իսկ հայ-ամերիկյան հարաբերություններում այսօր բացակայում է լուրջ օրակարգ, գտնում է վերլուծաբանը:
«Փաշինյանի քաղաքականությունը կայանում է նրանում, որ նա հանձնում էր Հայաստանի սուվերենությունը, հիմնականում Ռուսաստանին: Այսօրվա օրոք ռուսական բանակը պաշտպանում է Հայաստանի սահմանները, իսկ եթե երկիրը չի կարող պաշտպանել սեփական սահմանները, ապա դժվար է խոսել սուվերենության մասին»,- ասում է Սանամյանը:
Հայաստանն ունի ներուժ ստեղծված իրավիճակում առաջ շարժվելու համար, ընդգծում է Ռուբինը: Իշխանությունները պետք է ցույց տան, թե ինչ ճանապարհով են պատրաստվում առաջ շարժվել, ինչպես են պատրաստվում բարեփոխել երկիրը՝ չմոռանալով դասեր քաղել պատերազմից և սխալներից: Վերլուծաբանը հույս է հայտնում, որ ընդդիմությունը ևս առաջ կքաշի նոր լուծումներ՝ ավելի արդյունավետ ընդդիմություն դառնալու համար, այլ ոչ պարզապես կշարունակի կոչ անել ապագայում վերադառնալ անցյալին: Ռուբինի կարծիքով, հայկական սփյուռքը կարևոր գործոն է Հայաստանի համար, որը, սակայն, ըստ վերլուծաբանի, պատշաճ կերպով չի օգտագործվում: