Կապանն ակտիվ երիտասարդություն ունի, սակայն հիմնական մասը սովորում է մայրաքաղաքում: Ակտիվությունը զգացվում է արձակուրդի ժամանակ, երբ նրանք լինում են Կապանում:
Մեզ հետ զրույցում Կապանի համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի նախագահ, այժմ ներկայացուցիչ Վրույր Հարությունյանն ասել է, որ երիտասարդների մեծ մասը ընդգրկված են համայնքային նախաձեռնություններում եւ միշտ մասնակցություն են ունենում տարբեր ծրագրերի: Պատերազմից հետո շատ բան է փոխվել. կա տագնապ, որովհետեւ երկրի անորոշ վիճակը նաեւ երիտասարդներն են հասկանում:
«Հաճախ են հանդիպումներ կազմակերպվում, հարցեր են առաջադրվում: Մի բան հստակ է, որ երիտասարդները հաստատուն կանգնած են ու փորձում են ամեն կերպ աջակցել համայնքի զարգացմանը՝ ամեն ինչ համակարգված, որովհետեւ զարգացումը երիտասարդի ձեռքերում է»,-ասել է Վրույր Հարությունյանը:
2019 թվականին է Կապանը հռչակվել «Երիտասարդական մայրաքաղաք», սակայն կորոնավիրուսի պատճառով 2020 թվականին միջոցառումներ չեն անցկացվել, բայց ծրագիրն իրականացվելու է 2021 թվականի ընթացքում, իսկ մեկնարկը տրվել է մայիսի 1-ին։
Հաշվի առնելով, որ Կապանը արդյունաբերական քաղաք է, երիտասարդներն ունեն զբաղվածություն, եւ այդ զբաղվածությունը թույլ է տալիս նաեւ կապն ավելի ամրապնդել քաղաքապետարանի կողմից մշակված մի շարք ծրագրերի հետ: Կապանի ակտիվ մասսան նույն կերպ շարժվում է՝ ստեղծելով նորը, օգտակարը ու շարունակականը:
Կարդացեք նաև
2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու հանգամանքով պայմանավորված, նախատեսվում են մի շարք առարկայական ծրագրեր, որոնք ավելի շատ լինելու են սպորտային եւ մշակութային: Վոլեյբոլի մրցաշարն արդեն մեկնարկել է, որը կավարտվի հունիսի վերջին: Այն անցկացվում է Կապանում գործող հիմնարկ- ձեռնարկությունների, կազմակերպությունների միջեւ, որին հայտ են ներկայացրել 8 թիմ, եւ բնականաբար հաղթողները կպարգեւատրվեն:
«Տարվա ընթացքում ՀՀ տարվա երիտասարդական 2021 ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել մինի ֆուտբոլի մրցաշար, ինչպես նաեւ սպորտլանդիա: Նաեւ ինտելեկտուալ մրցույթ է նախատեսվում, իսկ ամենամյա «Ուսանողական ամառ» ծրագիրը այս տարի տարբերվելու է: Սա նաեւ նոր շփումներ ստեղծելու առիթ է»,-ասել է երիտասարդական խորհրդի ներկայացուցիչ Վրույր Հարությունյանը:
Երիտասարդներն ունեն սկզբունքներ բոլոր ծրագրերի շուրջ: Պասիվություն նկատվում է, բայց ակտիվ հատված կա, որ շատ է հետաքրքրված: Կապանը լինելով սահմանային համայնք, ունի ակտիվ հանրություն, նաեւ մեծ հնարավորություններ, որպեսզի երիտասարդները լինեն զբաղված, ինտեգրված համայնքային աշխատանքներին:
«Կարիքներից ավելի շատ «Թումո» կենտրոնի ստեղծումն է, քանի որ դպրոցական հասակից սկսած՝ երեխաները, որոնք ունեն որոշակի ռեսուրս, որը չի բացահայտվում կամ մասամբ է բացահայտվում, չունեն հնարավորություն իրենց պոտենցիալը ցույց տալու տարբեր ոլորտներում: Առաջին կարիքը նման կենտրոնի, ինչպես նաեւ տեխնոպարկի ստեղծումն է, որպեսզի այս առումով ավելի զարգացած լինի»,-վստահեցնում է Վրույր Հարությունյանը:
Կապանը մշակութային տեսանկյունից նույնպես չի զիջում: Մշակույթի կենտրոնը ակտիվ գործում է, որտեղ բազմաթիվ խմբակներ կան, ինչպես նաեւ դրամատիկական թատրոնն է իր աշխատանքը շարունակում, որը մշտապես ապահովում է ներկայացումներով, որպեսզի մշակութային եւ հոգեւոր սննդի պակաս չունենա կապանցին:
«Երիտասարդական ռազմավարության խնդիր կա, եթե այդ ամենը արվի՝ մեծամասամբ պատասխանատուները կազատվեն խնդիրներից, որոնք առաջանում են,-ասում է զրուցակիցս՝ ավելացնելով,-Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդն ունի ռազմավարություն, որով եւ առաջնորդվում ենք»:
Ըստ ներկայացուցչի՝ ռազմավարությունը կազմելիս աշխատել են լավագույն մասնագետներ, որպեսզի ծրագրային առումներով նույնպես հաջողություններ լինեն, բայց այժմ Կապանը սահմանամերձ լինելով, նաեւ այդ երիտասարդական ռազմավարության մեջ է փոփոխություններ պահանջում:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.06.2021