Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժամհարեան» հիվանդանոցի բացումը Շուշիում

Հունիս 23,2021 12:30

Շուշին 1902թ. օգոստոսին, Ա մաս

Օգոստոսի 2-ին Շուշիում հանդիսավոր բացվում է Հովհաննես Ժամհարյանի ծախսով կառուցված եւ քաղաքին նվիրված հիվանդանոցը, որը անվանվում է նրա իսկ անունով. «Այսօր հանդիսաւոր կերպով եւ բազմաթիւ հասարակութեան ներկայութեամբ բացվեց Յովհաննէս Ժամհարեանի անուան քաղաքային հիւանդանոցը: Հանդէսից յետոյ հիմնադիրը փառաւոր ճաշ է տուել հասարակութանը»:

Հարկ է նշել, որ դեռեւս 1897թ. փետրվարի 19-ին Շուշիի քաղաքային խորհրդի նիստում ընթերցվել էր Ժամհարյան եղբայրների գրավոր հայտարարությունը, որով նրանք խնդրում էին օրինական կարգով պատշաճավոր կարգադրություն անել իրենց նվիրաբերության համար: Այդ առթիվ գրվել է. «Մեր քաղաքի համար մի շատ նշանաւոր փաստ յայտարարուեց: Մոսկվայում յայտնի բանկային տուն ունեցող շուշեցի Ժամհարեան եղբայրները նուիրել են իրանց հայրենի քաղաքին հիւանդանոցի համար Շուշիում գտնուած ահագին մի երեքյարկանի տուն եւ 110 հազար ռուբլի դրամ, որից 10 հազարը պիտի գործադրուի հիւանդանոցի նախնական պիտոյքներին, իսկ 100 հազարը պիտի մնայ իբրեւ հիմնական դրամագլուխ: Խորհրդի նիստում կարդացուեց եղբայր Ժամհարեանների գրաւոր յայտարարութիւնը»:

«Ժամհարեան» հիվանդանոցը Շուշիում

«Ժամհարեան» հիվանդանոցի բացման արարողությանը մասնակցելու համար հարյուրավոր մարդիկ են շտապել Շուշի, որոնց թվում նաեւ աշուղ Ջիվանին, հայտնի սազանդար Գրիգոր Լալայանցը իր խմբով եւ այլն: Հանդեսի բացումը մանրամասն նկարագրվել է մամուլում. «Յայտնի է, որ մոսկուաբնակ շուշեցի բարեգործ պ. Յ. Ժամհարեանը 1899 թուականին խոստացել էր իւր հայրենի քաղաքում հիւանդանոց բանալ. այդ ձեռնարկութեան համար նա խոստացել էր 100,000 ռուբլի, մի հոյակապ շէնք իւր բոլոր պատրաստութեամբ, դեղատուն եւ այլն:

Ժամհարյանների տունը Շուշիում, որը նվիրել են Ժամհարեան գյուղատնտեսական ուսումնարանին

Օգոստոսի 2-ին մեծ հանդիսով բացուեց այդ հիւանդանոցը: Առաւօտեան ժամը 9-ից սկսած խուռն բազմութիւնը դիմում էր դէպի հիւանդանոցի շէնքը, որ գտնւում է Ժամհարեան եղբարց տան կից, Սպանդարեանի այգու մօտ: Շէնքը զարդարուած էր դրօշակներով: Ժամը 11 զ-ին մաղթանքով բացուեց հանդէսը. ներկայ էին բոլոր ազգութեանց հոգեւորականութեան ներկայացուցիչները, բացակայում էր թեմիս սուրբ առաջնորդը. հայ հոգեւորականութեան կողմից հանդիսադիր էր բարձրապատիւ Բենիկ վարդապետը: Մաղթանքից յետոյ խօսեց բարձրապատիւ Բենիկ վարդապետը, բացատրեց բարեգործութեան նշանակութիւնը, որպէս հետեւանք քրիստոնէական ոգու, որ «մեր նախնեաց ընտիր սրտերում անուշ թոթովանքով» միշտ խօսել ու խօսում է: «Այս հաստատութիւնը, – ասաց ճառախօսը, – իւր սքանչելի պատրաստութեամբ կանգնած է աղքատների գերեզմանի ճանապարհի վրայ իբրեւ արգելք եւ շատերին գերեզմանի բերնից յետ պիտի դարձնէ»:

Վերջում, մաղթեց արեւշատութիւն եւ յարատեւութիւն Ժամհարեան եղբարց ու նրանց ազնիւ գործին: Ապա քաղաքագլուխ պ. Իշխանեանը կարդաց հիւանդանոցի պատմութիւնը, որի համառօտութիւնն այս է: 1899 թ. պարոն Յ. Ժամհարեանը նուիրել է 100,000 ր. եւ շէնք հիւանդանոցի համար: Թէպէտ հիւանդանոցը բացւում է այսօր, սակայն պ. Ժամհարեանը տալիս է փողը իւր խոստացած օրից, եւ այժմ տոկոսով միասին 130,000 րուբլի է անում. բացի դրանից՝ տալիս է մի հոյակապ շէնք «Եւրօպական հիւանդանոցներին վայել» պարագաներով. քաղաքը պէտք է տարեկան 5000 րուբլի իւր կողմից տայ հիւանդանոցին, սակայն պ. քաղաքագլխի հաշուից երեւաց, որ այդ բարեկարգ հիւանդանոցն արդէն այդ դրամագլխով ու իւր ստանալիք եկամուտով կը բաւականանայ, եւ քաղաքը ոչ մի կոպէկ էլ չի ծախսիլ: Պ. քաղաքագլխի ճառից յետոյ պատշգամբում շամպանեա գինով մաղթեցին Ժամհարեանց տան բարի օրեր եւ երախտագիտական զգացմունքով շնորհակալութիւն յայտնեցին:

Ժամը 1-ին հրաւիրեալները, թուով 150 հոգի Սպանդարեանի պարտէզը ճաշի գնացին, ուր սպասում էին զինուորական նուագախումբը, մեր ժողովրդական երգիչ աշըղ Ջիւանին, արեւելեան դասական եղանակների տեղիս յայտնի սազանդար Գրիգոր Լալայեանց իւր խմբով: Ապա եկան Ժամհարեան եղբայրներն իրենց տիկիններով: Ճաշն սկսուեց: Սեղանին նախագահում էր քաղաքագլուխ պ. Իշխանեանը. պաշտօնական կենացներից յետոյ առաջարկուեց Ժամհարեանց եղբարց կենացը, որ ընդունուեց որոտընդոստ կեցցէներով: Վերջում քաղաքագլուխը եւ հանդիսականները խնդրեցին բարձր. Բենիկ վարդապետին, որ, իբրեւ պաշտօնական կենացների ամփոփումն, մի քանի խօսք խօսի: Հայր-սուրբը չմերժեց իրեն արուած խնդիրքը եւ արժանացաւ բուռն համակրանքի, մասնաւորապէս ռուսների կողմից: Այնուհետեւ սեղանն աւելի մտերմական բնաւորութիւն ստացաւ: Սեղանի վրայ կարդացուեցին բազմաթիւ շնորհաւորական հեռագրեր, այդպիսի ծառայութիւն մատուցանելու համար»:

Ժամհարյան եղբայրների հայրը՝ շուշեցի պայտար (անասունների ոտքերը պայտող, արհեստավոր) Իսահակ Հովհաննեսի Ժամհարյանը կամ Ժամհարենց Սահակ ապերը, եղել է մի համեստ ու խղճուկ մարդ: Նրա մասին Բենիկ վարդապետը գրել է. «Սահակը, մի աշխատասէր մարդ էր, մտքով մաքուր, խղճով արթուն, սրտով բարի: Իսկը մի ընտիր անօթ, ուր քրիստոնէութեան շողն էր կաթել: Ինքն էլ երեւի ժամկոչի որդի կամ թոռն էր, որովհետեւ ազգանունը «Ժամհարենց» էր: Ահա այդ Սահակ «ապօրից», Շուշու վաղեմի ժողովրդի սիրելի Սահակ ապօրից, տիրական օրհնութեամբ ծիլ տւին բարձրացան նրա որդիք՝ այժմեան Ժամհարեան եղբայրները: Նրանք իրանց հօրից ժառանգեցին այն, ինչ որ ունէր նա, ջերմ հաւատ, յստակ միտք, արթուն խիղճ, բարի սիրտ եւ աղքատութիւն: Այս ժառանգութիւնը նրանց հարստութեան հիմքն եղաւ, նրանց հոյակապ շէնքերի ադամանդ անկիւնաքարը»:

Սահակը թաղված է Շուշիի Երեւանյան դարպասի մոտ, հարավ-արեւմտյան մասի գերեզմանոցի իրենց տոհմական հատվածում, որի տապանաքարին գրված է. «Հանգիստ Սահակայ Յովհաննէսեան Ժամհարեանց, ծնեալ յամի 1812, վախճանեալ ի 25-ն նոյեմբերի 1897 ամի»:

Սահակը ամուսնացել էր Զաքար Անանյանի դստեր՝ Նազանիի հետ: Վերջինս վաղ է մահացել, նրա տապանաքարին գրված է. «Տապան Նազանոյն Զաքարեան Անանեանց ամուսնոյ Սահակայ Յովհանէսեան Ժամհարեանց, ծնեալ 1822 ամի, վախճանեալ 1859, ապրիլի 7-ին»:

Նրանք ունեցել են հինգ որդի` Հովհաննես (Աթանաս, ռուս.` Իվան կամ Աֆանասի), Իսահակ, Աղաջան, Նիկոլայ, Թեոդորոս եւ Մարգարիտ անունով մի դուստր: Մարգարիտը ամուսնացել էր, ունեցել դուստր եւ վաղ մահացել: Նրա տապանաքարին գրված է. «Տապան Մարքարիտի Սահակեան Ժամհարեանց, ամուսնոյ Յակոբայ Տէր-Սաղաթէլեանց, ծնեալ 1841 ամի եւ վախճանեալ 1865 յունվարի 5-ին»:

Սահակ Ժամհարյանը ապրել է աննախանձելի դժվարին վիճակում, հազիվ կարողացել է բազմանդամ ընտանիքի հոգսերը հոգալ, ծայրը ծայրին հասցնել: Այդ ժամանակ Նազանիի եղբայրը՝ Ալեքսանդր Անանյանը, որ Թիֆլիսի տնտեսական կյանքում նոր-նոր հաջողության էր հասնում, իսկ հետագայում պիտի դառնար «Կովկասի Հայոց Բարեգործական ընկերության» խորհրդի նախագահը: Եվ Ալեքսանդրը տեսնելով քրոջ ընտանիքի անմխիթար վիճակը, Ժամհարյանների ավագ որդուն՝ Հովհաննեսին բերում է Թիֆլիս եւ ծառայության դնում իր մյուս քրոջ ամուսնու` վաճառական Կարապետ Աղամալյանի մոտ: Երկու տարի անց, մի չնչին գումար գրպանում, Հովհաննեսը (հավանաբար, քեռու միջնորդությամբ) 1867թ. մեկնում է Մոսկվա եւ աշխատանքի անցնում շուշեցի Խաչատրյանների մոտ: Եվ շուտով Իվան կամ Աֆանասի դարձած Հովհաննեսը մեկնում է արտասահման՝ Խաչատրյանների բիզնեսի գործերով: Այդ ընթացքում Ալեքսանդր Անանյանը Թիֆլիս է բերում քրոջ մյուս որդուն` Իսահակին, եւ գործի դնում թիֆլիսցի վաճառական Արտեմ Ադամյանի մոտ: Շուտով Իվանը վերադառնում է Մոսկվա եւ շնորհիվ տեղի բորսայում հաջող միջնորդական գործարքների, իր մոտ է կանչում կրտսեր եղբորը՝ Իսահակին: Իսկ Շուշիում մնացած եղբայրների համար նրանք բացում են մանուֆակտուրայի խանութ, բայց տեսնելով այդ ձեռնարկի անբավարարությունը` երեք եղբայրներին էլ են կանչում Մոսկվա: 1874 թ. նրանք հիմնում են «Ժամհարյան եղբայրներ» բանկային տունը (банкирский дом «Братья Джамгаровы):

Հետագայում նրանց բանկը արդեն մասնաճյուղեր է ունեցել Մոսկվայի Իլինկա փողոցում՝ բորսայի հարեւանությամբ եւ Ս. Պետերբուրգում՝ Նեւսկի պողոտա, թիվ 28 հասցեում:

1898թ. Ժամհարյանները Մոսկվայի հյուսիս-արեւելյան մասում՝ Լոսինի օստրով վայրում գնել են ընդարձակ հողամասեր, կառուցել արհեստական լճակ եւ երկու հողամաս նվիրել իրենց բարեկամ հայտնի նկարիչներ Ի. Լեւիտանին ու Կ. Կորովինին: Շուտով այդտեղ առաջանում է նոր բնակավայր, որը անվանվում է Ջամգարովկա եւ որի բարեկարգման նպատակով 1905թ. ստեղծվում է հատուկ ընկերություն: 1917թ. այդ ավանում արդեն կար 1500 տնտեսություն: Հովհաննես Ժամհարյանը լինելով բարեգործական կոմիտեի անդամ, ամեն ամռանը այստեղ հանգստի էր բերում մանկատների որբերին եւ բանտարկյալների երեխաներին:

1899թ. Ժամհարյանները Մոսկվայում Կ. Պոպովից գնում են Կուզնեցկի մոստ թիվ 12 հասցեում գտնվող 5 հարկանի շենքը (պասաժ), իսկ դրա դիմացի շենքում տեղափոխում են իրենց բանկը: Նրանց բանկային գործունեությունը առաջին հերթին երկաթուղային եւ հիպոտեկային գործարքներն էին, տարադրամի փոխանակումը, փոխառությունները, արժեթղթերը եւ այլն: Այդ գործարքների շնորհիվ եղբայրները դառնում են բազմաթիվ ընկերությունների վարչության անդամներ, ձեռք են բերում սեփականություն, օրինակ. Կոստրոմայի նահանգում նրանք տիրում էին 32 հազար քառակուսի սաժեն տարածությամբ անտառների: Բացի այդ, եղբայրներին էր պատկանում եռահարկ հասութաբեր շենք` Կուզնեցկի մոստ – Ռոժդեստվենկա փողոցների անկյունում: Իսկ իրենք ապրում էին պասաժի մոտակայքում գտնվող առանձնատանը: 1910թ. Ժամհարյանները 5 մլն ռուբլիով անդամակցում են Ազով-Դոնյան խոշորագույն բանկի գլխավորությամբ հիմնված բանկային կոնսորցիումին, որի շնորհիվ մեկ տարի անց շրջանառությունը կազմում է 1,4 մլդ. ռ.:

Հովհաննես Ժամհարյանը վախճանվել է 1910թ. եւ թաղված է Մոսկվայի Վագանկովյան հայկական գերեզմանոցում: Հետմահու նրա կտակից պարզվել է, որ նա 250 հազար ռուբլի հատկացրել է Կովկասում երկրագործական ուսումնարան հիմնելու համար:

Ինչպես Բենիկ վարդապետն է գրել՝ «Ժամհարյանները հայրենիքն իրենց սրտումն էին կրում: Եւ իրենց աշխատանքի մեծ պատառը, անուշահամ խորտիկը ցաւատանջ հայրենիքին միշտ նւէր բերին: Նրանց ձեռքը աւերակ տաճարները վերականգնեց, հանգած կանթեղների մէջ ձէթ ածեց, պատրոյկ դրաւ ու վառեց, որ Լուսաւորչի կանթեղը միշտ վառ մնայ եւ հայ ազգին լոյս ու յոյս տայ: Նրանք խաւարի խորքերից, թշւառութեան որջերից հայ մանկտւոն հանեցին ու վերածնող վարժարանների մայրական գիրկն յանձնեցին: Նրանք մխացող աւերակաց մոխիրներից անտէրունջ հայ որբերին դողահար սրտով, դողացող ձեռքով ժողովեցին, արիւն ու մոխիր նրանց վրայից իրեն արցունքով լւացին ու որբանոցներ բանալով, նրանց կեանքն ու հոգին փրկեցին, դաստիարակեցին: Շատ բարիք արին…»:

Հարկ է նշել, որ Հայկական միասնական բանկ ստեղծելու գաղափարը պատկանում է Ժամհարյաններին եւ այդ նպատակով 1916թ. Թիֆլիս է ժամանում Աղաջան Ժամհարյանը, եւ խորհրդակցության ժամանակ որոշվում է մինչեւ տարեվերջ կազմել «Հայկական բանկի» կանոնադրությունը: Սակայն վրա է հասնում ահարկու 1917թ.: Խորհրդային իշխանության օրոք Վագանկովյան գերեզմանոցից անհետանում են Իսահակ եւ Հովհաննես Ժամհարյանների գերեզմանները: Ջամգարովկան անվանափոխվում է: Մոսկվայի տները, բնականաբար, պետականացվում են: Ժամհարյանները տարագրվում են արտասահման եւ կորչում օտարության մեջ:

Տխո՜ւր պատմություն…:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող

Գլխավոր լուսանկարում՝ Հովհաննես Ժամհարյան

«Առավոտ» օրաթերթ
22.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930